ԶԼՄ-ների մշտադիտարկման ընթացքում հաշվետու ժամանակահատվածում` 2015թ. հուլիս-սեպտեմբեր ամիսներին, արձանագրվել է ոստիկանության աշխատակիցների կողմից մարդու իրավունքների խախտումների 72 դեպք:
Երկրորդ եռամսյակի համեմատությամբ դեպքերի թիվը նվազել է 13-ով (կամ 15%-ով), իսկ առաջին եռամսյակի համեմատությամբ՝ աճել է 16-ով (կամ 28%-ով):
Դեպքերից 42-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ կամ հավաքներին մասնակցելու հետևանքով, որը երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ նվազել է 7-ով (կամ 14%-ով), իսկ առաջին եռամսյակի համեմատությամբ՝ աճել է 16-ով (կամ 28%-ով):
Հաշվետու ժամանակահատվածում գրանցվել է մարդու իրավունքների խախտման 30 անհատական դեպք, որը երկրորդ եռամսյակի նույն ցուցանիշից նվազել է 6-ով (կամ 17%-ով), իսկ առաջին եռամսյակի համեմատությամբ՝ աճել է 12-ով (կամ 67%-ով): Առաջին եռամսյակի ընթացքում խախտվել է 10, երկրորդ եռամսյակի ընթացքում՝ 12, իսկ երրորդ եռամսյակի ընթացքում՝ 13 իրավունք:
Կարդացեք նաև
Եթե նախորդ երկու եռամսյակներում ամենաշատը խախտվել էին անձնական ազատության և անձեռնմխելիության ու խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքները, ապա երրորդ եռամսյակում ամենաշատը խախտվել են խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքը և ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքը: Խաղաղ, առանց զենքի հավաքներ անցկացնելու իրավունքի խախտումների թիվը երկրորդ եռամսյակի համեմատությամբ նվազել է 3-ով, առաջին եռամսյակի համեմատությամբ՝ 2-ով (համապատասխանաբար՝ 20-ից և 19-ից դառնալով 17), իսկ ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքի խախտումների թիվը երկրորդ եռամսյակի համեմատությամբ աճել է 5-ով, առաջին եռամսյակի համեմատությամբ՝ 9-ով (համապատասխանաբար՝ 10-ից և 6-ից դառնալով 15):
Ընդ որում՝ ֆիզիկական բռնությունից զերծ մնալու իրավունքի խախտումների 15 դեպքերից 11-ը (կամ 73%-ը) եղել են անհատական դեպքեր, որը նախորդ եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ աճել է 4-ով (կամ 57%-ով), իսկ առաջին եռամսյակի նույն ցուցանիշի համեմատությամբ՝ 8-ով (գրեթե 3 անգամ):
Երրորդ եռամսյակի ընթացքում գրանցվել է անձնական ազատության և անձեռնմխելիության իրավունքի խախտման 12 դեպք՝ նույնքան, որքան առաջին եռամսյակի ընթացքում և 9-ով (կամ 43%-ով) պակաս երկրորդ եռամսյակի ընթացքում գրանցված դեպքերից: Դեպքերից 4-ը եղել են անհատական դեպքեր, 8-ը գրանցվել են հավաքների ժամանակ:
Նկատելիորեն աճել է անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից զերծ մնալու իրավունքի (ներառյալ հոգեբանական ճնշումներից, սպառնալիքներից զերծ մնալու իրավունքի) խախտումների թիվը՝ առաջին կիսամյակի ընթացքում գրանցված 7 դեպքից և երկրորդ կիսամյակի ընթացքում գրանցված 9 դեպքից հասնելով 14-ի, որոնցից 7-ը տեղի են ունեցել հավաքների ժամանակ:
Երրորդ եռամսյակում գրանցվել է լրագրողի` մասնագիտական օրինական գործունեություն իրականացնելու իրավունքի խախտման 1 դեպք, մինչդեռ առաջին եռամսյակում գրանցվել էր տվյալ իրավունքի խախտման 2 դեպք, իսկ երկրորդ եռամսյակում՝ 9 դեպք: Երրորդ եռամսյակում գրանցվել է նաև ազատ տեղաշարժվելու իրավունքի, տեղեկատվություն ստանալու իրավունքի, կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքի, սեփականության իրավունքի խախտման 1-ական և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի խախտման 3 անհատական դեպք:
Հավաքների հետ կապված արձանագրվել է արդար դատաքննության իրավունքի, իրավաբանական օգնություն ստանալու իրավունքի, խտրականությունից զերծ մնալու իրավունքի, կարծիքն ազատորեն արտահայտելու իրավունքի 1-ական դեպք և իրավական պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունքի 3 դեպք:
Ինչպես առաջին երկու եռամսյակներում, երրորդ եռամսյակում նույնպես ամենաշատ դեպքերը գրանցվել են Երևանում, սակայն երկրորդ եռամսյակի հետ համեմատած՝ նվազել են 11-ով (կամ 16.4%-ով), իսկ առաջին եռամսյակի հետ համեմատած՝ աճել են 20-ով (կամ 55.5%-ով):
2015թ. առաջին եռամսյակում մարդու իրավունքների խախտումների գրանցված 56 դեպքերից 22-ի դեպքում ընդհանուր թվով 123 խախտում է տեղի ունեցել, իսկ մնացած 34-ի դեպքում առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ որոշել մարդու իրավունքների խախտման դեպքերի ճշգրիտ թիվը:
Երկրորդ եռամսյակում տեղի ունեցած 85 դեպքերից 59-ի դեպքում մարդու իրավունքների 434 խախտում է տեղի ունեցել, իսկ մնացած 26-ի դեպքում առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ որոշել ճշգրիտ թիվը:
Երրորդ եռամսյակում տեղի ունեցած 72 դեպքերից 64-ի դեպքում մարդու իրավունքի՝ ընդհանուր թվով մոտ 400 խախտում է տեղի ունեցել, որոնցից 8-ի դեպքում առկա տեղեկատվության հիման վրա հնարավոր չէ որոշել խախտումների ճշգրիտ թիվը:
Հաշվետվությունն ամբողջությամբ՝ այստեղ
Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ