«ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի շրջանակում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնում այսօր կցուցադրվի Շեքսպիրյան «Գլոբուս» թատրոնի «Համլետ» ներկայացումը, որն արդեն գնահատել է ավելի քան 120 երկրի 100 հազար հանդիսատես: Այս մասին Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը՝ նշելով, որ «Գլոբուս»-ը աշխարհի ամենահայտնի թատերական բրենդներից է:
«Պատիվ է «Գլոբուս»-ի դերասաններին հյուրընկալելը: Այդ թատրոնը դարերի ավանդույթ ունի, միաժամանակ՝ ժամանակակից դրսեւորումներ: Կարեւորում եմ մեր թատերական կյանքում այս միջոցառման դերը»,-նշեց մշակույթի փոխնախարար Ներսես Տեր-Վարդանյանը:
«Հայ հանդիսատեսի համար խաղալը մեծագույն հաճույք է: Դա կօգնի այսօրվա ներկայացումը փայլուն ցուցադրել»,-ասաց «Գլոբուս» թատրոնի դերասան Բերուչե Քանը:
Կարդացեք նաև
Ֆոբե Ֆիլդեսն էլ նշեց, որ փառատոնի շրջանակում երեկ ռուսերեն ներկայացում է դիտել. «Լեզուն չէի հասկանում, բայց մեծ հաճույք ստացա դերասանների խաղից»:
Նախորդ տարվա ապրիլի 23-ին՝ Շեքսպիրի ծննդյան օրը, մեկնարկել է «Գլոբից Գլոբ» շրջագայությունը, որի ընթացքում էլ ցուցադրվում է «Համլետը»: Ներկայացումը երկու տարում կդիտեն աշխարհի բոլոր երկրներում:
Ի դեպ, այսօր «Գլոբուս»-ի դերասանները կայցելեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ