Լրահոս
Օրվա լրահոսը

Ըստ Մարգարիտ Եսայանի, աշխարհում Հայաստանին դիտարկում են որպես հավասարի (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2015 15:04

«Հայաստանի արտաքին քաղաքականության ուղեգծում էական փոփոխություններ են եղել: Մեր արտաքին քաղաքականության գիծը ընկալելի է աշխարհում շատերի համար: Աշխարհում Հայաստանին դիտարկում են հավասարի»,- այսօր, խորհրդարանում հրավիրված մամուլի ասուլիսում հայտարարեց Ֆրանկոֆոնիայի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Մարգարիտ Եսայանը:

Տիկին Եսայանի համոզմամբ Հայաստանի արտաքին քաղաքականությունն ընդգծված արդյունավետ է աշխատում: Իբրեւ օրինակ, նա բերեց ՄԱԿ-ի գագաթաժողովի շրջանակներում ՀՀ նախագահի եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի հանդիպումն այն պարագայում, երբ հարեւան Ադրբեջանի ղեկավարը չէր էլ համարձակվել գնալ այդ կարեւոր միջոցառմանը, քանզի շատ լավ գիտեր, թե ինչ վերաբերմունքի պետք է արժանանա`Հայաստանի եւ ԼՂՀ-ի սահմանները անընդհատ լարված պահելու, իր երկրում մարդու իրավունքների ոտնահարումների առումով ստեղծված իրավիճակից հետո:

«Հայաստանը բաց է»,- ասաց բանախոսը`հավելելով, որ աշխարհում դա հասկանում եւ ընկալում են: Տիկին Եսայանը հորդորեց լրատվամիջոցներին էլ փոխել աշխատաոճը`տուրք չտալ միայն բացասականի լուսաբանմանը:

Հոկտեմբերի 9-11 Երեւանում կայանալու է Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովի 31-րդ նստաշրջանը: Համաժողովին կմասնակցեն 80 երկրների 500 պատվիրակներ: Պատգամավորը դրվատանքով խոսեց ԱԳՆ-ի, նրա ղեկավարի մասին, որ «ահռելի մեծ ջանքեր» են ներդրել, որպեսզի այս միջոցառումը կայանա: Տիկին Եսայանն այն կարեւոր է համարում հատկապես Ցեղասպանության հարյուրամյա տարելիցի տարում Երեւանում անցկացումը:

Նա նկատում է, որ այս կազմակերպության քաղաքական դերակատարումը աշխարհաքաղաքական առումով, մեծացել է: Մարգարիտ Եսայանը հիշեցրեց, որ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունը երկու բանաձեւ է ընդունել ԼՂՀ-ի վերաբերյալ: Այդ կազմակերպությանն, ի դեպ, անդամակցում են իսլամական երկու կազմակերպություններ: Մարգարիտ Եսայանը չի բացառում, որ երեւանյան նիստում եւս հայանպաստ հայտարարություններ կլինեն:

Այլ մանրամասները` տեսանյութում

Լրագրողներից մեկը հետաքրքրվեց`ինչ արդյունքներ են տվել այդ հայտարարությունները:

Տիկին Եսայանն ասաց, որ մեր հասարակության եւ քաղաքական ուժերի մեջ հարցի հետ կապված տարըմբռնում կա: «Դրանք դոգմաներ չեն, որոնք պարտադիր պիտի կատարվեն, հայտարարություններ են, որոնց կարդում են, հետեւում են այլ կառույցները, գերտերությունները, եւ հետեւություններ են անում իրենց հետագա գործողությունների համար: Դրանք հետագայի համար են ծանրակշիռ»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031