Լրահոս
Օրվա լրահոսը

Արամ Մանուկյան. «Ձեր հեռուստատեսությունը Բաղրամյանում է եփվում» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 08,2015 14:27

«Հանրային նշանակում է բոլորինը: Բայց դուք բոլորինը չեք: Մեզ մոտ Հանրային անունով մարմինները միայն անունով են հանրային: Այո, կարող եմ ֆիքսել, որ ռաբիզը պակասել է, մշակութային հաղորդումները որակով են դարձել, դա շատ լավ է, բայց ձեր ֆունկցիան սա չէ: Մարդը, որ հեռուստացույցը բացում է, ուզում է անաչառ, իրական ինֆորմացիա ստանա, բայց չեք տալիս, դրա համար չեն բացում էդ սարքը»,- խորհրդարանում Հանրային հեռուստառադիոընկերության 2014 թվականի հաղորդման քննարկման ժամանակ հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:

Իր ելույթում, Արամ Մանուկյանը ձեռքի հետ քննադատեց նաեւ մի քանի «հանրայինների»`Ռոբերտ Նազարյանին, Վազգեն Մանուկյանին: Վերջինիս մասով նկատեց, որ ամբողջ կյանքում ցանկացել է նախագահ դառնալ, բայց հենց Սերժ Սարգսյանը որոշեց հանել նախագահի պաշտոնը, նա միանգամից համաձայնեց:

Հանրային հեռուստաընկերությունում Արամ Մանուկյանը հաղորդումների բովանդակությունը համարձակության պակասի հետ է կապում. «Դուք BBC, CNN երբևէ նայե՞լ եք, նրանց ակտիվությունը, դինամիկան, հարցերի սրությունը տեսե՞լ եք: Սահմանափակվում եք Նվեր Մնացականյանի զարմացած, հիացական դեմքով կամ Բախտամյանի՝ ինչպես անցավ օրը ասելով: Դրա համար ձեր մոտ ժուռնալիստ չի աճում: Ասեք Հ1-ից հայտնի ժուռնալիստ: Չկա»:

«Հանրային հեռուստատեսության հիմնական նպատակը սպառիչ, օպերատիվ լուսաբանումն է, բայց այս կետը երբեք չի կատարվել»,-կարծում է նա:

Ըստ Արամ Մանուկյանի՝ Հանրային հեռուստատեսությամբ քաղաքական հատվածը նվազել է, փոխարենը մեծացել են մշակութային հաղորդումները: Արամ Մանուկյանը համամիտ է գործընկերների հետ`Հայաստանը պարտվում է միջազգային քարոզչության հարթակում, որովհետև հակառակորդ պետությունը դրա իրականացման վրա փող է ծախսում: «Շատ սիրուն հեռուստատեսություն եք, ապրեք, բայց Հանրային չեք, չեք պատկերացնում՝ դա ի՞նչ է: Ես չեմ նայում, իմ ընկերները չեն նայում, դուք մասնագետ չեք, մեղավոր էլ չեք, որովհետև ձեր հեռուստատեսությունում չի եփվում, Բաղրամյանում է եփվում: Խնդիրն ուրիշ տեղ է, դարձել եք փափուկ, սիրուն հեռուստատեսություն, բայց ոչ Հանրային»,- կարծիք հայտնեց Արամ Մանուկյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն էլ դիմելով Ռուբեն Ջաղինյանին ասաց. «Ինչ լավ է, որ բաներ կան, չեք անում պարոն Ջաղինյան»:

Արամ Մանուկյանը դժգոհեց, որ Գալուստ Սահակյանն իր ելույթից հետո ամեն անգամ արձագանքում է: Խորհրդարանի նախագահն ասաց. «Ես գոնե տարբեր բաներ եմ ասում: Էս ելույթը մի տարի է ասում եք, վիրավորելով, կարծիքը պարտադրելով: Մոնիթորի՞նգ եք, ի՞նչ եք, բոլորի վրա եսիմ ի՞նչ եք անում…»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031