ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը շատ գոհ է Հանրային ռադիոյի աշխատանքից: Նրա գնահատմամբ՝ Հանրային ռադիոն մրցունակ է: ԱԺ փոխխոսնակը դրվատանքով խոսեց հատկապես լրատվական ծրագրի մասին, այն «բավական բաց» որակեց, չանտեսեց նաեւ կրթամշակութային ծրագրերը:
Հիշեցնենք, այսօր խորհրդարանում շարունակվում էին Հանրային հեռուստաընկերության 2014 թվականի գործունեության հաղորդման շուրջ քննարկումները:
Նա անդրադարձավ պատգամավորների քննադատություններին, որ լրատվական հաղորդումները բազմակարծություն չեն ապահովում: «Սա սուբյեկտիվ մոտեցում է: Եթե Էդուարդ Շարմազանովի ելույթը ցույց չեն տվել, դա չի նշանակում, թե Հանրային հեռուստաընկերությունը լավ չի աշխատում: Կարեւորը`որ լինի բազմակարծություն, եթե հինգ խմբակցություն կա, հինգին էլ եթեր տան: Ըստ իս, այդպես աշխատում են»,- ասաց փոխխոսնակը:
Էդուարդ Շարմազանովը մշակութային, կրթական եւ հոգեւոր հաղորդումների պակասին անդրադարձավ`ասելով, որ Հանրային հեռուստաընկերությունը պետք է կրթական գործառույթ ունենա, ցույց տա թե ինչպիսի քաղաքացի պետք է ունենանք. «Շատ լավ է, որ Հանրայինը գիտակցում է, թե ռեյտինգի հետեւից չպետք է ընկնել: Կլկլոցներն ու էրոտիկը ամենառեյտինգայինը կարող են լինել, բայց կա դասական երաժշտություն, Կոմիտաս, որոնք գուցե ռեյտինգային չեն, բայց պիտի պարտադիր լինեն»:
Կարդացեք նաև
Նա նկատեց, որ մասնավոր հեռուստաընկերությունները գումար են հայթայթում եւ հայ առաքելական եկեղեցուն տեղ են տալիս: «Աշխարհում ուր գնում ենք`ասում ենք, առաջին քրիստոնյա երկիրն ենք, բայց դա օդում չպիտի լինի»,- ասաց նա`առաջարկելով`լինի հեռուստաժամ՝ Մայր աթոռի ներկայացուցիչների մասնակցությամբ: «Նոր սերնդի մոտ եկեղեցու թյուրընկալում կա: Սահակ Պարթեւի, Ներսես Աշտարակեցու, Հովսեփ կաթողիկոսի օրինակները պետք է ներկայացնենք եւ կրթենք մեր սերնդին»,- առաջարկում է Էդուարդ Շարմազանովը:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ