Լրահոս
Օրվա լրահոսը

Խաղողի կիլոգրամը՝ 30 դրամով պակաս, փողն էլ՝ դեկտեմբերին

Հոկտեմբեր 08,2015 13:12

Վրաստանին սահմանակից, Նոյեմբերյանի տարածաշրջանի Դեբեդավան համայնքի ղեկավար Վանյա Դամիրչյանը հայտնեց, որ Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի ընդունման կետն այս տարի խաղող սկսել է ընդունել սեպտեմբերի 23-ից:

Ինքը՝ գյուղապետ Դամիրչյանն այնտեղ հանձնել է շուրջ 20 տոննա խաղող: Նա ասաց, որ Դեբեդավանի ընդունման կետում խաղողագործների հետ նախնական պայմանագրեր չեն կնքվում, պայմանագրեր կնքվում են խաղողի ընդունման ժամանակ: Դեբեդավանում խաղողն ընդունել են կիլոգրամը 120 դրամով:

Երեւանի շամպայն գինիների գործարանի Դեբեդավանի ընդունման կետի տնօրեն Լիդիա Ներսիսյանն ասաց, որ արդեն ավարտել են խաղողի ընդունումը, մթերել են շուրջ 1220 տոննա խաղող: Ըստ խաղողագործների հետ կնքված պայմանագրերի՝ հանձնված խաղողի դիմաց գումարների վճարումը կկատարվի մինչեւ 2016թ. հունվարի 31-ը, սակայն ընդունման կետի աշխատակիցը վստահեցրեց, որ իրենք դեկտեմբեր ամսվա ընթացքում բոլոր գումարները կվճարեն:

Դեբեդավան գյուղից ընդամենը 25 կիլոմետր հեռավորությամբ, Բերդավանի գինու գործարանում հոկտեմբերի 5-ից Գագիկ Ծառուկյանի ներկայացուցիչների կողմից կիլոգրամը 150 դրամով խաղող է ընդունվում: Հոկտեմբերի 3-ի երեկոյան Ծառուկյանը եղել է Բերդավանում եւ անսալով բերդավանցիների խնդրանքին՝ սահմանամերձ գյուղում խաղողի ընդունման գինը 10 դրամով բարձրացրել է, 140-ից դարձնելով 150 դրամ: Տավուշի մարզի մյուս գործարաններում ՝ Երեւանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղում եւ Իջեւանի գինու գործարանում խաղողն ընդունվում է 140 դրամով:

Դեբեդավանում ընդունվող խաղողը որակյալ է, քանի որ շամպայն պատրաստում են միայն բարձրորակ խաղողից: Դեբեդավան համայնքի ղեկավարին հարցրինք, թե ինքը եւ իր համագյուղացիները ինչո՞ւ իրենց բերքը 150 դրամով չեն հանձնել Բերդավանի գինու գործարան եւ այնտեղ իսկույն ստացել խաղողի գումարը: Վ. Դամիրչյանը հայտնեց, որ իր տվյալներով՝ Դեբեդավանի ընդամենը մի բնակիչ է խաղողը Բերդավանում հանձնել: Նրա խոսքերով՝ Դեբեդավանը ցածրադիր է, այնտեղ խաղողը շուտ է հասունանում, խաղողագործները միշտ երկյուղելով եղանակի փոփոխություններից՝ գերադասում են այն շուտ քաղել եւ հանձնել: Բացի այդ, դեբեդավանցիներն անտեղյակ էին , որ հոկտեմբերի 5-ից Բերդավանի գինու գործարանում 150 դրամով խաղող է ընդունվելու:

Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031