Հանրային հեռուստառադիոընկերության 2014-ի գործունեության վերաբերյալ հաղորդման ժամանակ՝ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը դժգոհեց, որ Հանրային հեռուստաընկերության եթերում չի լուսաբանվում դիվանագիտական հարթակում պատերազմ վարող պատգամավորների աշխատանքը: «Որպես ԵԽԽՎ-ում աշխատող պատգամավոր, մեր աշխատանքը համարում եմ պատերազմի շարունակություն դիվանագիտական հարթակում»,- ասաց նա՝ հավելելով, որ միջազգային հարթությունում, մեր պատգամավորներն անընդհատ «քայլում են բոբիկ ոտքերով ականների վրայով», քանզի ադրբեջանական պատվիրակությունները տասը հեռուստաընկերության ուղեկցությամբ են քայլում:
«Հորդորում եմ այդ կառույցների դեպքում չխնայել գումար, գտնել այդ գումարը, որպեսզի դիմակայել ադրբեջանական քարոզչությանը: Ամենահասարակ նիստին գալիս են վեց լրագրողով եւ օպերատորով»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը`հավելելով, որ ԵԽԽՎ վերջին նստաշրջանը, որը բավական ակտիվ էր եղել մեր պատգամավորների համար`ադրբեջանական պատվիրակությանը դիմակայելու առումով, հանրային հեռուստաընկերության լրագրող Սիրանույշ Մուրադյանն առանց օպերատորի էր: Ի պատիվ լրագրողի, պատգամավորը նկատեց, որ նա կարողացավ առանց օպերատորի այնպես կազմակերպել աշխատանքը, որ «մենք մեկին տաս կարողացանք հակադարձել»:
Այս հարցում Նաիրա Զոհրաբյանի հետ համաձայնություն հայտնեց նաեւ արտահերթ ելույթով հանդես եկող ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը: «Եթե կարիք կա, բյուջետային քննարկումների ժամանակ առանձին տող ընդգրկենք, որպեսզի հանրային հեռուստաընկերությանն այդ նպատակով գումար տրամադրվի, որպեսզի միջազգային ֆորումներում մեր պատգամավորների աշխատանքները հանրայինի լրագրողները կարողանան լուսաբանել: 21-րդ դարը նախ ինֆորմացիոն պատերազմ է եւ հաճախ հաղթում է նա, ով ավելի օպերատիվ է»,- ասաց նա:
Գործընկերների հետ համակարծիք էր նաեւ Տիգրան Ուրիխանյանը: Բայց նրան վրդովեցնում է ոչ միայն միջազգային կառույցներում պատգամավորների աշխատանքների չլուսաբանումը, այլ նաեւ տեղական հարթակում: Մասնավորաբար, պատգամավորը հետաքրքրվեց, թե ինչու Հանրային հեռուստաընկերությանը չի հետաքրքրել, երբ հազար հոգուց ավելի մարդ է հավաքվել եւ նոր քաղաքական միավոր հիմնադրել: Խոսքն իր հիմնադրած «Ալյանս» կուսակցության մասին էր:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ