Հ Ա Յ Տ Ա Ր Ա Ր ՈՒ Թ Յ ՈՒ Ն ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԾԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Ուսումնասիրելով Սահմանադրական փոփոխությունների հանձնաժողովի ներկայացրած նախագիծը, արձանագրում ենք, որ արված փոփոխությունները անբավարար են և չեն համապատասխանում Հայաստանի դեմոկրատական կուսակցության կողմից ներկայացված առաջարկներին:
Մեր համոզմամբ, կառավարման մոդելը փոխելով, բայց իրականության մեջ պահպանելով արատավոր երևույթները, որևէ լուրջ փոփոխություն չի լինելու: Զարմանալի է, որ Սահմանադրության փոփոխությունների հանձնաժողովի անդամի պնդմամբ, ընդունվել են միայն այն առաջարկությունները, որոնք համաձայնեցվել են և ընդունելի են եղել Հանրապետության նախագահի համար: Ստացվում է, որ պահպանվում է միակուսակցական համակարգը:
Հանրությունը մինչև օրս չի ստացել գլխավոր հարցի պատասխանը՝ գործող Սահմանադրության այդ ո՞ր դրույթներն են, որ խոչընդոտում են երկրում տնտեսական, սոցիալական, բարոյա-քաղաքական, ազգային-պետական անվտանգության հետ կապված բազմակուտակ խնդիրների լուծմանը, արդյոք այն խոչընդոտում է երկիրն արյունազրկող արտագաղթի կանխմանը, երկրի օրգանիզմը վերից-վար ճարակած կոռուպցիայի դեմ իրական պայքարին, գործող օլիգարխիկ համակարգի կազմաքանդմանը, մենաշնորհի վերացմանը, հասարակական կառավարման գործում պետության դերի մեծացմանը, սեփականատիրման ձևի ու բաշխման հարաբերությունների կարգաբերմանը:
Կարդացեք նաև
Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը, կողմ լինելով կառավարման խորհրդարանական ձևին, միևնույն ժամանակ, ելնելով իր ծրագրային դրույթներից, հրապարակայնորեն արտահայտած իր դիրքորոշմամբ բազմիցս մատնանշել է ներկայացված նախագծի բազմաթիվ սկզբունքային մերժելի դրույթներ և հոդվածներ:
Ասենք, որ նախագծի վերջնական տարբերակը, նախորդի հետ համեմատած կրել է որոշ փոփոխություններ և շտկումներ, հաշվի են առնվել նաև մեր կուսակցության մեկ-երկու առաջարկներ:
Սակայն, մեզ համար բացարձակապես անընդունելի է և անհասկանալի, թե պետականաշինության որ գաղափարախոսությունն է դրված նախագծի հիմքում և այն շտապողականությունը, որով փորձ է արվում գլուխ բերել այս նախագիծը: Այդպես էլ անփոփոխ են մնացել ընտրությունների երկրորդ փուլի անցկացման և ռեյթինգային քվեարկության, երկրի նախագահի իրավազուրկ կարգավիճակի, ՀՀ-ում կրոնական կազմակերպությունների գործունեության ազատության, երեխայի իրավունքների, մարդու՝ դեկլարատիվ բնույթ կրող իրավունքների վերաբերյալ և սկզբունքային շատ այլ դրույթներ:
Մենք գտնում ենք, որ նախագիծը ոչ միայն չի համապատասխանում մեր ազգային-պետական շահերին, ազգային արժեհամակարգին, այլև լուրջ սպառնալիք է ազգային անվտանգության տեսանկյունից՝ ուղղված մեր երկրի ու ժողովրդի ապագային:
Հետևաբար, Հայաստանի դեմոկրատական կուսակցությունը դեմ է քվեարկելու և իր քարոզչությունն է իրականացնելու՝ հանրությանը բացատրելով մեր որոշման հիմնավորումները:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴԵՄՈԿՐԱՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
Երևան, 08.10.2015թ.