Լրահոս
Օրվա լրահոսը

Վիգեն Հակոբյան. «ԱԺ-ում ընդդիմությունը «ոչ»-ի շուրջ չունի քաղաքական կոնսոլիդացիա». «Չորրորդ իշխանություն»

Հոկտեմբեր 08,2015 12:15

Սահմանադրական փոփոխությունների շուրջ վերջին օրերին տեղի ունեցած զարգացումների մասին զրուցեցինք քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանի հետ։

– Հոկտեմբերի հինգին ԱԺ-ն՝ ձայների խայտառակ համամասնությամբ «այո» ասաց սահմանադրական փոփոխությունների նախագծին։ Զուգահեռաբար ԱԺ շենքի դիմաց պայքարող քաղաքացիները «ոչ» ասացին տեղի ունեցող գործընթացին։ Փողոցային պայքարի մեկնարկը հույսեր ներշնչո՞ւմ է, որ մեկնարկած գործընթացն, այնուամենայնիվ, ավելի ակտիվ փուլ կմտնի։

– Այն, ինչ հիմա անում է ընդդիմությունը քաղաքացիական հասարակության որոշ խմբերի հետ միասին, տակտիկական տեսակետից, թերեւս, ճիշտ է, քանի որ ընդդիմությունը փորձում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հարցը իրավական հարթությունից տեղափոխել քաղաքական հարթություն։ Այս ամիսների ընթացքում իշխանությունն անընդհատ փորձում էր բանավեճը տեղափոխել իրավական հարթություն, որպեսզի ընդդիմությունը բանավեճի մեջ մտներ կոնկրետ իրավական թեզերի շուրջ, եւ բանավեճը գնար այն ուղղությամբ, որն ուզում էր իշխանությունը։ Ընդդիմությունը, բնականաբար, ի սկզբանե այլ հարթության մեջ էր տեսնում իր պայքարը։ Նա հարց էր դնում՝ արդյո՞ք հիմնավոր է սահմանադրական փոփոխությունների անցկացման համար ընտրված ժամանակաշրջանը, եւ քաղաքական, հանրային պահանջի տեսակետից իմաստ ունեի՞ն արդյոք այս փոփոխությունները։

Ես կարծում եմ, որ ԱԺ-ում անցկացված քննարկումները ցույց տվեցին, որ իշխանությունն, այնուամենայնիվ, չկարողացավ որեւէ համոզիչ հիմնավորում բերել այն առումով, թե որքանով է հիմա հիմնավոր սահմանադրական փոփոխությունների փաթեթը մտցնել քաղաքական օրակարգ։ Սա, այնուամենայնիվ, իշխանություններին չհաջողվեց։

Ինչ վերաբերում է ընդդիմությանը՝ մասնավորապես խորհրդարանական ընդդիմությանը, ապա ակնհայտ էր, որ այսօրվա ուժերի բաշխումն ԱԺ-ում ցույց է տալիս, որ եթե գործը հասնում է քվեարկության, ապա մոտավորապես այնպիսի արդյունք պետք է լիներ, ինչպիսին գրանցվեց։ Բայց պետք է փաստենք, որ ԱԺ-ում ընդդիմությունը «ոչ»-ի շուրջ չունի քաղաքական կոնսոլիդացիա, կա անձերի կոնսոլիդացիա։ Քվեարկությունն էլ ցույց տվեց, որ ընդդիմադիր կոչվող խմբակցություններում կան լուրջ տարաձայնություններ։

Ինչ վերաբերում է ընդդիմության հետագա գործողություններին, ապա եթե դու անելու բան չունես, կամ ԱԺ-ն առավելագույնը կարող ես որպես քարոզչության տրիբունա օգտագործել, ապա հիմնական պայքարը պետք է տեղափոխել փողոց։ Հիմա արդեն ընդդիմադիր ուժերը փորձում են իրենց պայքարի շեշտը տեղափոխել փողոց։ Վերջին մեկ-երկու ակցիաները՝ Երեւանում եւ Գյումրիում, ցույց են տալիս, որ «ոչ»-ի կողմնակիցները փորձում են փողոցում ակտիվ գործողություններ ծավալել, արթնացնել թմբիրի մեջ գտնվող զանգվածներին։ Թե որքանով դա նրանց կհաջողվի, այլ խնդիր է։ Այդ մասին դեռ դժվար է ասել, ուղղակի կասեմ, որ փողոցային պայքարը միակ ճանապարհն է։ Պետք է փորձել ակտիվ գործողություններով, նույնիսկ բախումների գնալու ճանապարհով ուշադրություն հրավիրել բուն գործընթացի վրա։

Գոհար ՎԵԶԻՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031