«Սիրիայում թուրքական քաղաքականությունը ձախողվել է»,-այսօր «Բլից ինֆո» մամուլի ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց նքաղաքագետ, Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը: Ըստ քաղաքագետի՝ Սիրիայի շուրջ զարգացումները կարող են օգտակար լինել Հայաստանի համար, եթե իհարկե հնարավոր լինի օգտվել այս իրավիճակից:
Պարոն Իսկանդարյանի կարծիքով՝ հնարավոր է իրավիճակի այսպիսի վերադասավորում. «Սիրիական զարգացումները կհանգեցնեն Ռուսաստան-Արևմուտք հարաբերությունների փոփոխության, Իրանի դերակատարությունը ևս փոխվելու է. Իրանի համար քաղաքական և տնտեսական աճ է կանխատեսվում»:
Ալեքսանդր Իսկանդարյանի համոզմամբ՝ Սիրիայում իրավիճակը շատ ավելի խճճված է, քան միայն Բաշար Ասադի պայքարը իսլամական պետության դեմ:
Պարոն Իսկանդարյանը Սիրիայի ապագան կանխատեսելու հարցում առանձնապես լավատես չէ. «Սիրիան այլևս չի կարող վերականգնել այն վիճակը, որն ուներ մինչև ճգնաժամը: Թեև քարտեզի վրա Սիրիան կմնա որպես միասնական պետություն, բայց իրականում այն կշարունակի լինել մասնատված»:
Կարդացեք նաև
Ալեքսանդր Իսկանդարյանի վստահեցմամբ՝ Իսլամական պետությունը զուտ ահաբեկչական բանդա չէ, այլ գործ ունենք միլիոնների աջակցության և լուրջ տարածքների հետ, ուստի միայն պատերազմական մեթոդներով հարցը լուծել չի լինի: Դառնալով ՌԴ-ի՝ Սիրիայում իրականացվող քաղաքականությանը, պարոն Իսկանդարյանը նկատեց, որ ի տարբերություն ԱՄՆ-ի՝ Սիրիան կոնկրետ ծրագիր ունի և այն ուղղված է Ասադի իշխանության պաշտպանությանը:
Ըստ Իսկանդարյանի՝ Ռուսաստանի միջամտության արդյունքում կստեղծվի «ալավիտական Իսրայել», որտեղ կիշխի Ասադը, որին չի կարող հասնել իսլամական պետությունը:
Այս համատեքստում Ալեքսանդր Իսկանդարյանը փաստում է, որ Թուրքիայի քաղաքականությունը Մերձավոր Արևելքում «կռախի է մատնվել»:
Դիտարկմանը՝ ՌԴ-ի ներգրավմամբ սիրիական հարցում կարծես թե ստորադասվում է թուրքական գործոնը, Ալեքսանդր Իսկանդարյանն արձագանքեց. «Ավելի լավ է սպասենք մինչև նոյեմբերի 2-ը՝ Թուրքիայում անցկացվելիք ընտրությունները: Բայց մի բան հստակ է, որ Սիրիայում թուրքական քաղաքականությունը ձախողվեց»: Քաղաքագետը չի բացառում, որ այս վերադասավորումների արդյունքում կարճ ժամանակով թուրք-ռուսական հարաբերությունները վատթարանան:
Դառնալով Սիրիայում միգրացիոն ճգնաժամին՝ պարոն Իսկանդարյանը կանխատեսեց, որ այն կշարունակվի. Եվրոպան կշարունակի աճող միգրացիոն հոսքերի հետ գործ ունենալ»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ