Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կին իրավապաշտպանին ղազախական մաֆիայի անդամ համարելը սուտ մատնություն չէ՞ր

Հոկտեմբեր 08,2015 11:15

Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանն այս տարվա հունիսի 30-ին բավարարել էր վաշխառուների դեմ գործունեություն ծավալած «Վելես» հասարակական իրավապաշտպան կազմակերպության նախագահ Մարինա Պողոսյանի բողոքը՝ ՀՀ քննչական կոմիտեի Երեւան քաղաքի քննչական վարչության Կենտրոնի քննչական բաժնի ավագ քննիչ Պարույր Աղաբաբյանի որոշման դեմ: Քննիչը կարճել էր ՀՀ քաղաքացիական ավիացիայի նախկին պետ Հովհաննես Երիցյանի դեմ հարուցված քրեական գործի վարույթը, դադարեցրել էր քրեական հետապնդումը: Դատարանը պարտավորեցրել էր այս նույն քննիչին վերականգնել Մարինա Պողոսյանի խախտված իրավունքները:

Հովհաննես Երիցյանը նախաքննությունն իրականացնող մարմնին հայտնել էր, թե իրավապաշտպան Մարինա Պողոսյանը «ղազախական մաֆիայի» անդամ է, որ իրենից փորձել է շորթում կատարել՝ ակնհայտ շանտաժի ու սպառնալիքների միջոցով:

Kin_Iravapashtpan-3 Kin_Iravapashtpan

Քննիչն, ըստ Մարինա Պողոսյանի, պատասխանատվության չի ենթարկել նախկին պաշտոնյային նմանօրինակ սուտ մատնություն կատարելու փաստով:
Երեկ ՀՀ քրեական վերաքննիչ դատարանում Մարինա Պողոսյանը հանդես եկավ հայտարարությամբ, դիմելով իր բողոքի քննությանը մասնակցող քննիչ Պարույր Աղաբեկյանին՝ ասաց. «Քննիչը հանցագործ է: Ես գիտակցում եմ իմ կատարած հայտարարության հետեւանքները: Պատրաստ եմ հիմնավորել ասածս հաջորդ դատական նիստի ժամանակ՝ իմ խոսքում: Նա հանցագործ է, քանի որ խախտել է իր որոշմամբ ոչ միայն Մարինա Պողոսյանի՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացու իրավունքները, այլեւ խախտել է Հայաստանի Հանրապետության իրավունքները: Եթե նա քններ ծանր տնտեսական հանցագործության գործերը, ապա Հայաստանի Հանրապետության պետական բյուջեն կհամալրվեր բավականին մեծ գումարներով»:

Ի դեպ, առաջին ատյանի դատարանը իր որոշմամբ գործը ուղարկել էր հետ՝ օբյեկտիվ, բազմակողմանի եւ լրիվ քննություն անցկացնելու համար:
Վերաքննիչ քրեական դատարան էին ներկայացել Հովհաննես Երիցյանի ներկայացուցիչը, քննիչը, վերահսկող դատախազ Նալբանդյանը: Մարինա Պողոսյանը դիմելով դատախազին՝ հարցրեց, թե ինչպես է իրականացրել վերահսկողությունը, երբ առաջին ատյանի դատարանի օրինական ուժի մեջ մտած որոշման մասին իրազեկ չի եղել, բողոք չէին բերել, որ դրա վրա առկա է դատավոր Ա. Բեկթաշյանի երկու կնիքները, եւ որ քննչական կոմիտեի ներքին անվտանգության ծառայություն այդ որոշումն իր կողմից տանելուց հետո «քնից արթնանան»: Նույնը պնդեց նաեւ իրավապաշտպանի փաստաբանը՝ Ինեսա Պետրոսյանը, փաստելով, որ Մարինայի որոշումը քննչական տանելուց հետո է պարզ դարձել որոշման մասին:
Դատավոր Գագիկ Ավետիսյանը նախազգուշացրեց Մ. Պողոսյանին՝ արտահայտություններում լինել կոռեկտ, ինչի առթիվ հետեւեց իրավապաշտպանի ռեպլիկը. «Ինչ տեսնում եմ, այն՝ ասում: Ութ ամիս է՝ հայտնվել եմ նման վիճակում: Երբ քննիչը առերեսման է գալիս զենքով, ինչպես տեղավորվեմ կոռեկտության սահմաններում»:

Kin_Iravapashtpan-4
Դատախազ Նալբանդյանը խնդրեց բեկանել դատական ակտը: Նա ասաց, թե հանցագործության կազմը՝ հանցակազմը բացակայել է, բայց առկա է եղել հանցագործության դեպքը: Ըստ նրա ներկայացրած քննության հիմնավորումների, Հովհաննես Երիցյանը դիմել էր իրավապահներին, հայտնելով, թե Մարինա Պողոսյանը, հանդիսանալով «ղազախական մաֆիայի անդամ», փորձել է շորթում կատարել իր սանիկից, զարմիկից եւ ընկերոջ փեսայից: Նա սպառնացել էր նաեւ, որ վրաերթի կենթարկի նրանց, կառեւանգի երեխաներին: Երիցյանի հարազատները ներկայացել էին իրավապահ մարմին, ասել էին, թե նման բան չի եղել:
Հովհաննես Երիցյանը ցուցմունք էր տվել նաեւ. «Մարինայի վերաբերմունքն իր նկատմամբ փոխվել է, նա սպառնացել է, որ մեծ պրոբլեմներ եմ ունենալու Հայաստանում: Ասաց, որ ինքը մեզ վատություններ կանի, դեռ մենք իրեն չենք ճանաչում, չասաց, թե ինչ է անելու:

Դրանից հետո Մարինան սկսեց շանտաժներ կիրառել իմ նկատմամբ: Մարինան գտել էր իմ մտերիմ Վարդան Գինոսյանին, որն արդեն գրավատնից տեղափոխվել էր «Կոնվերս բանկ», եւ ում անունով գրանցված էր Նար-Դոսի փողոցի վրա գտնվող կիսակառույցը: Բանկի անվտանգության պետը կանչել էր Գինոսյանին իր աշխատասենյակ, որտեղ եղել է Տիգրան անունով մի տղա, որը Մարինայի ընկերներից է, ներկայացել է անվտանգության ծառայության աշխատակից: Մարինան հայտնել էր, որ ես կատարել եմ ծանր հանցագործություն, Ինտերպոլով գտնվում եմ հետախուզման մեջ: Ըստ հերթական զրպարտության, Վարդանին առաջարկել էր Նար-Դոսի կիսակառույցը վաճառել իրեն»:

Այս գործով վկաներից Վարդան Գինոսյանն իր ցուցմունքը պնդել էր Հովհաննես Երիցյանի հետ առերես հարցաքննության ժամանակ: Նա հայտնել էր, որ Մարինա Պողոսյանն իր հետ հեռախոսազրույց ունենալուց հայտնել է, որ Ղազախստանում մեծ կապեր ունի, սակայն՝ «ղազախական մաֆիայի վերաբերյալ ոչինչ չի հայտնել»:
Այս վկան նաեւ հայտնել էր, որ Պողոսյանն իր մերձավորներին վնասելու սպառնալիքներ չի տվել:

Մեկ այլ վկա՝ Բադալ Պողոսյանն իր ցուցմունքը պնդել էր նաեւ Երիցյանի հետ առեւես հարցաքննության ժամանակ, հայտնելով, որ Պողոսյանն իրեն որեւէ գույքային պահանջ չի ներկայացրել:

Ի դեպ, դատական նիստի դահլիճում էին նաեւ Հովհաննես Երիցյանից տուժած անձինք, որոնք տարբեր ԶԼՄ-ներով բարձրաձայնել են իրենց իրավունքների խախտման մասին:

Բողոքի դեմ ասելիք չուներ քննիչը, իսկ Երիցյանի ներկայացուցիչը գտավ, թե որեւէ իրավունք չի խախտվել:

Հոկտեմբերի 21-ին պատասխան խոսքով հանդես կգան Ինեսա Պետրոսյանը, Արթուր Սուքիասյանը եւ Մարինա Պողոսյանը:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
08.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031