Լրահոս
Օրվա լրահոսը

Գևորգ Դանիելյանի պատասխանը` Ռոբերտ Քոչարյանի մտահոգություններին

Հոկտեմբեր 08,2015 11:00

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հանդես եկավ սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության վերաբերյալ գնահատականներով և հայտարարեց, որ հրապարակված նախագիծը գերազանցում է իր վատագույն սպասումները: Նա իրավական տեսանկյունից ևս մտահոգություն է տեսնում. մասնավորապես հղում է կատարում նոր նախագծի 89-րդ հոդվածին, որն, ըստ Քոչարյանի` կոչված է ապահովել մեկ կուսակցության գերակայությունը խորհրդարանում, այն է՝ իշխանության մեջ:

Aravot.am-ը սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ Գևորգ Դանիելյանից հետաքրքրվեց` արդյոք այս դիտարկումները հիմնավո՞ր են և մասնագիտական հանձնաժողովը նոր նախագծի տեքստը ներկայացնելիս հաշվի՞ է առել այս ռիսկերը, մասնավորապես 89-րդ հոդվածի հետ կապված:

Պարոն Դանիելյանը պատասխանեց. «Խորհրդարանական մեծամասնության առնչությամբ սահմանադրական կարգավորումների վերաբերյալ մտահոգություն, այս կամ այն փաստարկներով, բազմիցս է հնչել, որոնց հիմքում, ցավոք, միշտ չէ, որ դրվում են համարժեք փաստարկներ: Այս դեպքում վերլուծության հիմքում դրված են իրավիճակի, թերևս, քաղաքական ասպեկտները, մասնավորապես 89-րդ հոդվածում առաջադրված իրավական լուծումներն առավելապես խոցելի են համարվում այն նկատառումով, որ մեր երկրում, ըստ այդ տեսակետի՝ իշխանության կգա «ադմինիստրատիվ և ֆինանսական ռեսուրսների» տիրապետող կուսակցությունը՝ «անկախ իր վայելած ժողովրդավարությունից»: Միաժամանակ, այն հետևությունն է արվում, որ «Հայաստանում ներկուսակցական ժողովրդավարության անգամ նշույլի բացակայությունը» առավել խոցելի կդարձնի մասնագիտական հանձնաժողովի մշակած ինստիտուտը»:

Մի կողմ թողնելով իրավիճակի առնչությամբ զուտ քաղաքական գնահատականները` պարոն Դանիելյանը նկատեց. «Հազիվ թե խնդրի առնչությամբ համարժեք ու համալիր պատկերացում հնարավոր լինի կազմել, եթե մենք փորձենք սոսկ մեկուսի դիտարկել խորհրդարանական մեծամասնության գաղափարը: Սահմանադրական բարեփոխումները հենց միտված են ամբողջական իրավական հիմնադրույթների միջոցով այնպիսի իրավաքաղաքական մթնոլորտ ձևավորելուն, որի դեպքում արդեն այնքան էլ իրատեսական չեն լինի միակուսակցականության վերաբերյալ պնդումները: Եթե ամեն ինչ թողնենք նույնությամբ և փորձենք միայն հատվածաբար քննարկման նյութ դարձնել խորհրդարանական մեծամասնության հարցադրումը, ապա, իհարկե, լավատես լինելու մասին խոսք լինել չի կարող: Սակայն ողջ խնդիրն էլ այն է, որ սահմանադրական լուծումները համալիր կոչված են երաշխավորելու ոչ թե միակուսակցականությունը, այլ բուն կուսակցականության կայացումը: Նորամուծությունների արդյունքում կուսակցությունների համար առավել նախընտրելի է դառնում միավորվելն ու միասնական, առավել ուժեղ հենքով հանդես գալու գործելաոճը, ընդ որում, ասվածը հավասարապես վերաբերում է քաղաքական ընդդիմությանը: Վերջին հաշվով, կանոնները նույնությամբ վերաբերում են ցանկացած քաղաքական ուժի. եթե դրանք նպաստավոր են, ապա այդպիսին են նաև մյուս ուժերի համար, իսկ, եթե քաղաքական գործընթացները պետք է որոշեն, այսպես կոչված, ադմինիստրատիվ ու ֆինանսական ռեսուրսները, ապա միակուսակցականությունն իրատեսական կլինի կառավարման ցանկացած ձևի պարագայում: Գործող համակարգը, ցավոք, նպաստում է կուսակցությունների փոշիացմանը, նրանց ուժերի ջլատմանը, որպիսի պարագայում միակուսակցականության հնարավորություններն առավել ակնհայտ են»:

Գևորգ Դանիելյանի պնդմամբ` Սահմանադրությունը իրավաքաղաքական փաստաթուղթ է, այն չի կարող առանձնանալ բացառապես իրավական ասպեկտներով, ըստ այդմ էլ մասնագիտական հանձնաժողովն իր գերխնդիրն է համարել մշակել այնպիսի լուծումներ, որոնք ի զորու կլինեն ճշգրտորեն նպաստելու ցանկալի քաղաքական համակարգի հիմունքների կայացմանը:

Եզրափակելով՝ պարոն Դանիելյանը տեղեկացրեց, թե հարցադրումների առանցքային հատվածը թողնված է ընտրական օրենսգրքին, որն այսուհետ համարվում է սահմանադրական օրենք, ինչը նշանակում է, որ դրա ընդունման համար հարկ կլինի բացառապես քաղաքական ուժերի փոխհամաձայնության բարձր ցուցիչ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031