Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Թող բոլորն ամեն ինչ ունենան

Հոկտեմբեր 08,2015 10:11

Շուկայական հարաբերությունները հնարավոր չեն առանց մրցակցության: Դրանց իմաստն այն է, որ ապրանք արտադրողները կամ ծառայություն մատուցողները ձգտում են իրենց գործն անել ավելի բարձր որակով եւ ավելի ցածր ինքնարժեքով ու այդպիսով ձեռք բերել հնարավորինս շատ գնորդներ կամ հաճախորդներ: Ինչպես հայտնի է, հենց այդ տնտեսական խթանն է, որ գրեթե բացակայում է Հայաստանում՝ այն պարզ պատճառով, որ բիզնեսը սերտաճել է պետական ծառայության հետ, եւ պաշտոնյաներն օգտագործում են վարչական լծակներ՝ իրենց եւ իրենց ընտանիքների բարգավաճման համար: Տնտեսական մրցակցություն մեր երկրում չի եղել եւ չկա, ու խնդիրը, ինչպես հասկանում եք, քաղաքական է:

Բայց երբեմն մրցակցության գաղափարը ձեռք է բերում չափից դուրս անհատականացված եւ, կասեի նույնիսկ, ոչ ադեկվատ բնույթ: Երբ ես գիտակից տարիքում (16 տարեկանում) գնացի Չայկովսկու անվան երաժշտական դպրոց, ինձ զարմացրեցին «արտիստիկ մրցակցության» դրսեւորումները: Առաջին դասարանցի աղջնակը կարող էր աչքերը լցնել եւ հառաչել. «Եթե Հրուշիկն ինձնից լավ նվագի համերգի ժամանակ, ես քցվելու եմ երրորդ հարկից»: Չգիտեմ՝ արդյո՞ք խիստ անհրաժեշտ է նման հոգեբանություն դաստիարակել երեխայի մեջ, որպեսզի նա նշանավոր երաժիշտ-կատարող դառնա:

Լրագրողական մրցակցությունն էլ, իհարկե, դրանից հետ չի ընկնում: Դեռեւս կայքերի եւ ֆեյսբուքի դարաշրջանից առաջ թերթերն իրար վրա «մատերիալ» էին գրում՝ մրցակիցներին նսեմացնելու համար: Դե, իսկ հիմա համարյա օրենք է դարձել իրար «բշտելը»՝ արմունկներով ճանապարհ բացելով դեպի «քլիքների» եւ «լայքերի» Պառնասը: Երբ ինձ ասում են, որ այսինչ նյութը կամ կայքը այսինչ քանակի դիտումներ ունի, կամ այսինչ լրագրողը այնինչ աշխատավարձն է ստանում, իմ պատասխանն անփոփոխ է՝ «թող մեկը հազար դառնա»: Դարձյալ չգիտեմ՝ գուցե դա հակասում է շուկայական մոտեցումներին:

Նույնը՝ արտիստների կոչումների խնդիրը: Արդեն առիթ եմ ունեցել գրելու, որ ես դրանց սկզբունքորեն դեմ եմ՝ պետությունը չպիտի որոշի՝ ով է լավ երգում, ով՝ վատ: Իհարկե, եթե պետությունը որոշում է, որ ռաբիս լինելը լավ է, ապա դա չափազանց տխուր փաստ է: Բայց երբ Արմենչիկի խնդիրը սկսում են քննարկել առավոտվանից մինչեւ գիշեր, շաբաթներ շարունակ, մեջս կասկած է առաջանում՝ արդյոք բուռն դժգոհություններ հայտնող արվեստագետների մեջ չի՞ խոսում մրցակցային ոգին:
Հիմա էլ Երեւանի քաղաքապետարանի կողմից բնակարաններ նվիրելու եւ պատվավոր երեւանցի կոչումը տալու շուրջ են կրքեր բորբոքվում, մրցակիցները սկսել են բոլոր հավակնորդների ոսկորները հաշվել: Բայց ինձ թվում է՝ եթե մարդկանց հետ որեւէ լավ, իրենց համար հաճելի բան է կատարվում, պետք է միայն ուրախանալ: Թող բոլորն ամեն ինչ ունենան՝ բնակարաններ, փողեր, կոչումներ, քլիքներ՝ այն ամենը, ինչն իրենց պետք է: Եվ դա վերաբերում է ոչ միայն ինչ-որ կոնկրետ մարդկանց, այլեւ ամբողջ 7 միլիարդանոց մարդկությանը:

ԱՐԱՄ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031