Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Եթե «դեմ» քվեարկողներից ոմանք ընդդիմադիր են, ուրեմն ես ուզբեկ եմ»

Հոկտեմբեր 08,2015 15:00

Ալեքսանդր Արզումանյանը գտնում է,
որ իրեն քննադատելու իրավունքը պետք է վաստակել

«Ինձ համար է անակնկալ, որ ոմանց համար անսպասելի է, քանի որ ես այս թեմայով բազմաթիվ ելույթներ եմ ունեցել: Նաեւ բարեփոխումները դրական եմ գնահատել հենց իմ ելույթներում»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Ալեքսանդր Արզումանյանը` պատասխանելով դիտարկմանը` սահմանադրական բարեփոխումների նախագծին «կողմ» քվեարկեցիք, ինչը, կարծես, շատերի համար անսպասելի էր, թեպետ ՀՀՇ-ն մասնակցում էր նախագծի բովանդակային քննարկումներին ու նախագահ Սերժ Սարգսյանի հետ հանդիպումներին: Ալեքսանդր Արզումանյանը հիշեցնում է որ ՀՀՇ-ի ծրագրային դրույթներից է խորհրդարանական կառավարման մոդելին անցումը, եւ «Ժառանգության» հետ միասնական ցուցակով ընտրություններին մասնակցելու ժամանակ նաեւ իբրեւ ծրագրային դրույթ ամրագրվեց խորհրդարանական կառավարման համակարգին անցումը, ինչը լավագույնս կարող է սպասարկել ժողովրդավարությանն անցումը եւ եվրոպական տիպի պետության կառուցումը: «Սահմանադրության հայեցակարգը հրապարակելուց հետո ես նույնպես դրական եմ գնահատել` ասելով, որ սատանան դետալների մեջ է. սպասենք տեքստին: Տեքստի հետ մենք ունեցել ենք բազմաթիվ խնդիրներ, ու դա է պատճառը, որ գնացել ենք հանդիպման` հասկանալու համար իշխանությունների մտադրությունները: Մեզ համար սկզբունքային է, որ գործող մեծամասնական համակարգը մեծագույն հնարավորություն է ընձեռում կեղծելու ընտրությունների արդյունքները:

Պարզ թվաբանությունը ցույց է տալիս, որ եթե նույնիսկ ընդդիմությունը 70 տոկոս է հավաքում, ապա 41 մեծամասնական բդեշխներն ապահովում են իշխող կուսակցության մեծամասնությունը: Եթե լինի անցում խորհրդարանական կառավարման` ներառելով մեծամասնական համակարգը, մենք կտրականապես դեմ կլինենք: Մեր այդ առաջարկը մեծ դժվարությամբ, բայց ի վերջո ընդունվել է: Ավելին՝ Սահմանադրությամբ ամրագրվում է, որ այդ կետը միայն հանրաքվեով կարելի է փոխել»,- մանրամասնեց մեր զրուցակիցը` հավելելով, թե՝ ինչպիսի՞ Ընտրական օրենսգիրք կկարողանանք անցկացնել, այլ քննարկման հարց է: Ամեն դեպքում նա փաստում է, որ լուծումները նշմարվում են. մասնավորաբար, համամասնական ռեյտինգային ընտրությունների փորձը, ինչը հրաշալի կիրառվում է Ֆինլանդիայում, Նորվեգիայում եւ այլն:

«Մենք մտադրություն չունենք մասնակցելու ինչ-որ քարոզարշավների, որեւէ մեկին կոչ չենք անելու, մենք նույնիսկ մեր կուսակցությունում չեմ կարծում՝ ինչ-որ որոշում ընդունենք: Մենք լիբերալ ուժ ենք: Այո, կուսակցությունն այսօր լիազորել է ինձ այդպիսի քվեարկությունով հանդես գալ, բայց շարքերն ազատ են ցանկացած ձեւով քվեարկելու»,- ասաց մեր զրուցակիցը` հավելելով, որ իբրեւ ԵՏՄ-ի դեմ հանդես եկող կուսակցություն՝ այս բարեփոխումներն իրենց հնարավորություն են տալիս կամաց-կամաց ձերբազատվել ռուսական դիկտատից եւ ավելի ճկուն քաղաքականություն վարել ԵՏՄ-ի շրջանակներում, որը այսօր հանդես է գալիս որպես «դիկտատորների ակումբ». «Հավաքվում են երեք դիկտատոր, որոշումները կայացնում են եւ հանձնարարում են իրենց պառլամենտներին: Խորհրդարանական կառավարման պարագայում մեզ ներկայացնող վարչապետը պետք է ստիպված լինի ցանկացած որոշումից առաջ գալ եւ խորհրդակցել խորհրդարանում, աջակցություն ստանալ եւ նոր հանդես գալ: Դա մեզ զերծ կպահի այն անակնկալներից, երբ 4,5 տարի ԵՄ-ի հետ քննարկում ու բանակցում ենք մի պայմանագիր, բայց մեկ օրում որոշումը փոխում ենք, քանի որ Ռուսաստանի մեր պարտնյորը մեզ դա պարտադրում է»:

Հետաքրքրվեցինք՝ այդ դեպքում ինչի՞ հիման վրա են «Ոչ»-ի կողմնակիցները հայտարարում, որ բարեփոխումների այս նախագծով Հայաստանը դառնում է ՌԴ-ի կցորդը: «Եթե ուշադիր նայեք, այնտեղ բազմաթիվ ուժեր, որոնք մշտապես աչքի են ընկել ՌԴ-ից հրահանգներ ստանալու եւ այստեղ ռուսական գիծ քաշելու, բոլորը «Ոչ»-ի ճակատում են: Եվ ինչպես ԵՄ Ասոցացման պայմանագրի ժամանակ Ռուսաստանի FSB-ից ստեղծված տարբեր տեսակ ծնողական կոմիտեներ խոսում էին նույնասեռականության տարածման եւ այլ արժեքների կորստյան մասին, նույն տրամաբանությամբ հիմա խոսում են այն մասին, որ այս Սահմանադրությունը նույնասեռականների ամուսնության ճանապարհ է հարթում: Կարծես Հայաստանում այլ խնդիր չկա, հիմնական շեշտադրումը դա է: Դրանք սին են: Ցավոք, չկա բանավեճ: Երկու կողմից էլ կան լոզունգներ: Ես դրանցից հոգնել եմ»,- ասաց Ալեքսանդր Արզումանյանը: Անդրադառնալով արդեն իշխանության վերարտադրման բազմաչարչար թեզին էլ՝ ասաց, որ իրեն չի հետաքրքրում որեւիցե պաշտոնյայի ապագան կամ ապագայի վերաբերյալ որեւէ պաշտոնյայի նկրտումները: Նա նշում է, որ գործող Սահմանադրությամբ շատ հեշտությամբ վերարտադրման խնդիրը կարգավորվում է. «Գործող նախագահն իր բդեշխների միջոցով կարող է կեղծել խորհրդարանական ընտրությունները, ունենալ մեծամասնություն եւ նույնիսկ պարտվել նախագահական ընտրություններում` նախագահին պարտադրելով իրեն վարչապետ նշանակել՝ տիրապետելով բոլոր լծակներին եւ խորհրդարանում մեծամասնություն ունենալով: Կստացվի ֆրանսիական մոդելը»:

Ալեքսանդր Արզումանյանն ընդհանրապես նորմալ է նայում նրան, որ հանրաքվեն օգտագործելով՝ քաղաքական ուժերը փորձելու են այլ հարցեր առաջ քաշել. «Ես ողջունում եմ, եւ եթե իրոք իշխանափոխության տանող ճանապարհ գտնեն իրենք, ես առաջիններից կլինեմ, որ կմասնակցեմ: Բայց ես գտնում եմ, որ նաեւ պատասխանատվություն ենք կրում. մենք չենք կարող տարիներ շարունակ հասարակությանն ասել` ռեժիմը խուճապի մեջ է, մեկ օրից կտապալվի… 2008-ի համաժողովրդական շարժումը մենք հանգցրեցինք, բերեցինք մի իրավիճակի, երբ սկսեցինք նախապատրաստվել 2013-ի խորհրդարանական ընտրություններին: Նույն իրավիճակը հիմա է: Եռյակներ-քառյակներ, տարբեր ձեւաչափեր փորձարկելուց եւ ֆիասկո ապրելուց հետո ինչ-որ ուժեր փորձելու են նոր ձեւաչափեր գտնել խորհրդարանական ընտրություններից առաջ: Սա, թերեւս, լավ հնարավորություն է տալիս այդպիսի քարոզ անելու: Բայց հերթական անգամ ժողովրդին հանել փողոց, ոչ մի բանի չհասնել ու հիասթափեցնել, կարծում եմ՝ ճիշտ ուղի չի լինի»: Միաժամանակ մեր զրուցակիցը նկատում է, որ «Ոչ»-ի ճակատում բացարձակ տարբեր գաղափարական հոսանքներ ունեցող մարդիկ են, այնքան էլ պարզ չէ, թե ով ում է ներկայացնում: Ավելին՝ կան մարդիկ, որոնք իրենցից բացի՝ որեւէ մեկին չեն ներկայացնում, եւ նորմալ չէ, որ թշնամական մթնոլորտ է ստեղծվում: «Ամենաշատ «դեմ» խոսացողները փախան քվեարկությունից: Ինչպես եւ ԵՏՄ-ի ժամանակ, մարդիկ չեկան քվեարկելու, հետո ասացին՝ եթե քվեարկեի, «դեմ» կլինեի: Նույնը մենք տեսանք այս անգամ: «Դեմ» քվեարկողների մեջ կան մարդիկ, որ եթե իրենք ընդդիմադիր են, ուրեմն ես ուզբեկ եմ: Այնպես որ՝ եթե որեւէ մեկն ուզում է քննադատել իմ սկզբունքային մոտեցումը, պետք է այդ իրավունքը վաստակի: Ինձ չի հետաքրքրում ոչ իշխանության մոտիվացիան, ոչ էլ «ոչ»-ի անվան տակ մարդկանց պիտակավորելու պրակտիկան: Մենք գնում ենք մեր սկզբունքով»: Հիշեցնենք. սահմանադրական բարեփոխումներին «դեմ» էին քվեարկել Ստեփան Դեմիրճյանը, Գագիկ Ջհանգիրյանը, Նիկոլ Փաշինյանը, Հրանտ Բագրատյանը, Արամ Մանուկյանը, Լեւոն Զուրաբյանը, Տիգրան Ուրիխանյանը, Զարուհի Փոստանջյանը, Իշխան Խաչատրյանը, Հեղինե Բիշարյանը:

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Նորայր says:

    Ա.Արզումանյանը երևի սպասի, թե երբ է նշանակվելու դիվանագետ, օրինակ՝ Ուզբեկստանում, որին անտեղի հիշատակում է…

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031