Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեր հարաբերությունները ՀՀԿ առանձին գործիչների հետ երբեք թշնամական չեն եղել»

Հոկտեմբեր 08,2015 14:30

Աղվան Վարդանյանը՝ ՀՀԿ-ի հետ ջերմ հարաբերությունների մասին

Վերջին շրջանում ՀՅԴ-ն բավականին ջերմ հարաբերություններ ունի իշխանության հետ: Ուստի «Առավոտը» ՀՅԴ խմբակցության քարտուղար եւ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանից հետաքրքրվեց՝ այս պահին դուք որեւէ տարաձայնություն ունե՞ք այս իշխանության հետ, թե՞ այդպես ջան ասում, ջան լսում եք:

Նա պատասխանեց. «Մեր հարաբերությունները հանրապետական առանձին անհատների, առանձին գործիչների, նաեւ կուսակցության հետ երբեք թշնամական չեն եղել: Առանձնահատուկ ջերմություն ես չեմ տեսնում բացարձակապես: Նույնն է, ինչ եղել է վերջին բոլոր տարիներին»:

Մեր դիտարկմանը, որ, օրինակ, քառյակի մեջ դուք այս կեցվածքը չունեիք՝ նա պատասխանեց. «Քառյակի մեջ մենք ունեինք նույն կեցվածքը, ինչ ունեինք սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ: Քառյակը մեր տեսակետը չուներ, բայց մենք այն ժամանակվանից էինք սահմանադրական այս բարեփոխումները պաշտպանում: Ինչ վերաբերում է տարաձայնություններին, մենք, իհարկե, ունենք տարբերություններ, եւ դա հիմնականում վերաբերում է սոցիալ-տնտեսական խնդիրներին, դա վերաբերում է արտագաղթի հարցերին, երկրում բարոյահոգեբանական մթնոլորտին, վստահության դեֆիցիտին: Այս բոլոր հարցերում մենք, իհարկե, տարաձայնություններ ունենք: Մենք բոլորովին հակառակ դիրքերում ենք: Եթե մեր 7 առաջարկությունները նայեք, 3-ը ներառվել են Սահմանադրությունում, բայց մյուսները հենց այս հարցերին են վերաբերում՝ դատական իշխանության հետ կապված եւ այլ հարցերի»:

ԱԺ ճեպազրույցների ժամանակ Աղվան Վարդանյանն ասել էր՝ նրանք, ովքեր դեմ են սահմանադրական փոփոխություններին, չգիտես ինչու, ելնում են այն համոզմունքից, թե հաջորդ պառլամենտում ՀՀԿ-ն նորից պիտի լինի մեծամասնություն. «Ես այդպես չեմ մտածում, ես դրան դեմ եմ, ամեն ինչ անելու ենք, որ նորմալ ընտրություն լինի»:

Մեր հարցին՝ այսինքն, ըստ Ձեզ, ՀՀԿ-ն այս ամենը կազմակերպել է, որպեսզի Դաշնակցությո՞ւնը գա իշխանության, նա պատասխանեց. «Իմ գործը պիտի լինի ամեն ինչ անել, որ որեւէ ուժ, այդ թվում՝ ՀՀԿ-ն չունենա մեծամասնություն: Հայաստանի պատմության մեջ որեւէ կուսակցություն համամասնականով 51 տոկոս չի եղել, առավել եւս հիմա չի ունենալու, վստահ եմ: Դրա համար պետք է քաղաքական ուժերը աշխատեն: Ընտրական օրենսգիրքը պետք է այնպես անենք, որ որեւէ մեկին բացարձակ առավելություն չտա: Դա հնարավոր է, իհարկե: Եթե գիտես կա նման ուժ, պայքարիր նրա դեմ, թույլ մի տուր, որ այդպես լինի»:

Մեր դիտարկմանը, որ նախորդ խորհրդարանական ընտրություններում միասնական շտաբ ստեղծեցիք, էլի ընտրությունները կեղծվեցին, դրանից ավելի էլ ինչպե՞ս պիտի պայքարեք, նա պատասխանեց. «Օրինակ այսպես. մեր Ընտրական օրենսգիրքը պիտի ընդունվի ձայների 3/5-ով: ՀՀԿ-ն ԱԺ-ում չունի 3/5: Եթե ԱԺ-ի այն ուժերը, որոնք ընդդիմադիր են իրենց հայտարարել, որեւէ մեկը ՀՀԿ-ի հետ չքվեարկի, ՀՀԿ-ն չի կարող անցկացնել որեւէ բան»:

Մեր դիտարկմանը, որ ՀՀԿ-ն էլ համաձայնության կգա մյուս ուժերից մեկի հետ, եւ դարձյալ նույն պատկերը կլինի, ինչպե՞ս եք երաշխավորում, Աղվան Վարդանյանը պատասխանեց. «Դե, եթե մի կուսակցություն պիտի գնա բանակցությունների ՀՀԿ-ի հետ եւ հիմք ստեղծի ՀՀԿ-ի մեծամասնություն ունենալու համար, ես ի՞նչ կարող եմ անել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031