Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանի մեկուսացումն ու Հայաստանի շանսը

Հոկտեմբեր 08,2015 14:00

Պաշտոնական Երեւանի դիվանագիտական առավելության հնարավորությունը

Սերժ Սարգսյանը օրեր առաջ ԱՄՆ աշխատանքային այցի շրջանակներում մասնակցել էր Միջազգային խաղաղության «Քարնեգի» հիմնադրամի կողմից կազմակերպված քննարկմանը, որտեղ հանդես էր եկել ծավալուն ելույթով ու պատասխանել քննարկման մասնակիցների հարցերին: Նրա ելույթում մի շարք ուշագրավ գնահատականներ էին հնչել:

Խոսելով Հարավային Կովկասում աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ լինելու տարածված պնդումների մասին՝ նա, մասնավորապես, նկատել էր, որ Հայաստանն իր անկախության ակունքներից ի վեր որեւէ պետության կամ կառույցի հետ հարաբերվելիս առաջնորդվել է ոչ թե «ընդդեմ»-ի, այլ «հանուն»-ի գաղափարախոսությամբ, եւ լինելով ՀԱՊԿ-ի հիմնադիր անդամ՝ ՀՀ-ն արդյունավետ համագործակցություն է ծավալել ՆԱՏՕ-ի հետ. «Դառնալով ԵՏՄ անդամ՝ մենք նոր թափ ենք հաղորդել Հայաստան-ԵՄ քաղաքական եւ տնտեսական մերձեցմանը՝ վերահաստատելով մեր այն թեզը, որ Եվրամիության եւ եվրասիական գործընկերների հետ հարաբերությունների համադրումը լիովին հնարավոր է: Ի դեպ, վերջին ժամանակներում այս գաղափարը սկսել է նյութականանալ ու հաճախ հնչեցվել մեր եվրոպացի գործընկերների կողմից: Ռուսաստանի հետ ունենալով շարունակաբար ամրապնդվող ռազմավարական համագործակցություն՝ մենք գերազանց հարաբերություններ ունենք արեւմտյան գրեթե բոլոր երկրների հետ»։ Ս. Սարգսյանը պարզաբանել էր՝ Հայաստանը փորձում է «կամուրջներ ստեղծել Եվրասիական տնտեսական միության եւ մեր այլ գործընկերների միջեւ»։

Ս. Սարգսյանն ընդգծել էր, որ Հայաստանը չունի թշնամի պետություններ, առավել եւս՝ թշնամի ժողովուրդներ, Ադրբեջանն էլ բացառություն չէ, եւ որ Հայաստանը ԼՂ հարցի խաղաղ կարգավորմանը այլընտրանք չի տեսնում. «Անշուշտ, այս հիմնահարցը ծառայեցվում է նաեւ ադրբեջանական իշխանությունների ներքաղաքական շահերին. նախ՝ Ադրբեջանի վարչակազմը խնդիր ունի արդարացնելու սեփական ռեժիմը, ռազմական ոլորտին ուղղվող հսկայածավալ միջոցները, երկրում տիրող՝ մարդու իրավունքների ծայրահեղ վիճակը: Բացի դրանից՝ նավթի գների անկմամբ եւ ադրբեջանական մանաթի արժեզրկմամբ ավելի են սրվել երկրում սոցիալական խնդիրները, եւ Ադրբեջանի ղեկավարության համար ստեղծված իրավիճակի ամենահեշտ բացատրությունը թշնամու գոյությունն է: Կարծում եմ՝ ինքնին խոսուն է Եվրոպական խորհրդարանի կողմից սեպտեմբերի 9-ին ընդունված բանաձեւում տեղ գտած այն գնահատականը, որ Ադրբեջանը վերջին տասը տարվա ընթացքում Եվրասիական տարածաշրջանում ժողովրդավարության ոլորտում ամենամեծ անկում արձանագրած երկիրն է։ Ի դեպ՝ Եվրոպական խորհրդարանը, ինչպես նաեւ ԺՀՄԻԳ-ը հրաժարվել են անգամ դիտորդներ ուղարկել Ադրբեջան գալիք նոյեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին՝ գտնելով, որ ազատ ու արդար ընտրություններ անցկացնելու համար այլեւս չկան նախադրյալներ»։ Նա նաեւ հավելել էր, թե շատ կցանկանար, որ Ադրբեջանը Եվրասիական տարածաշրջանում ժողովրդավարության ոլորտում ոչ թե ամենամեծ անկում, այլ վերելք արձանագրած երկիրը լիներ, եւ այդ դեպքում հնարավոր կլիներ գտնել ԼՂ հիմնահարցի լուծման բանալին։

Panorama.am-ը ներկայացրել էր «Քարնեգի» հիմնադրամում Ս. Սարգսյանի վերոնշյալ ելույթին հաջորդած հարցուպատասխանի սղագրությունը: Ռուսաստանի տնտեսության վիճակի եւ Հայաստանի տնտեսական հեռանկարների վերաբերյալ հարցին ի պատասխան՝ Ս. Սարգսյանը նշել էր, որ Հայաստանի որդեգրած քաղաքականությունը հնարավորություն է տալիս զարգացնել տնտեսական հարաբերությունները ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ Եվրամիության հետ. «Այսօր մենք օգտվում ենք Եվրամիության հետ արտոնյալ առեւտրային ռեժիմից: Մենք բազմաթիվ երկրների հետ ունենք արտոնյալ առեւտրային ռեժիմներ եւ, բնականաբար, օգտվում ենք Եվրասիական տնտեսական միության ընձեռած հնարավորություններից»:

Նա, մասնավորապես, մատնանշել էր, որ ԵՏՄ-ին անդամակցելուց ուղիղ չորս ամիս հետո Հայաստանն ԱՄՆ-ի հետ ստորագրեց կարեւորագույն փաստաթուղթ առեւտրի ոլորտում. «Մենք, անդամակցելով ԵՏՄ-ին, շարունակում ենք օգտվել առեւտրային բարենպաստ պայմաններից, եւ արդեն, կարծում եմ՝ ընդամենը 7-10 օրերի ընթացքում, մենք կմեկնարկենք Եվրամիության հետ բանակցությունները նոր իրավական փաստաթղթի շուրջ: Սրանք չեն կարող հենց այնպես, պատահական երեւույթներ լինել»:

Ադրբեջանական «շանտաժը»՝ գործողության մեջ

Օրերս պաշտոնական Բաքվից ուշագրավ հայտարարություն հնչեց: Sputnik գործակալության հետ զրույցում Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում հայտարարեց, թե Ադրբեջանը չի բացառում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորությունը: «Երբեք մի՛ ասա երբեք»,- ասել էր Մամեդյարովը` հավելելով, որ իր երկիրը կենտրոնացած է Եվրասիական բլոկի երկրների հետ «երկկողմ հարաբերությունների կառուցմամբ»:

ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան Իլհամ Ալիեւի կողմից բոյկոտելը, այնուհետեւ ԱԳ նախարարի մակարդակով ԵՏՄ-ին անդամակցելու հնարավորությունների մասին ակնարկելը, անշուշտ, պաշտոնական Բաքվի կողմից միջազգային հանրությանը որոշակիորեն «շանտաժի» ենթարկելու փորձ էր` Ղարաբաղյան հակամարտության ադրբեջանանպաստ լուծման անհրաժեշտության մասին հիշեցնելու նպատակով:

Բայց ոչ միայն:

Բավական լարված հարաբերություններ ունենալով Արեւմուտքի հետ՝ այսօր Ադրբեջանի իշխանությունները ձգտում են «հանգստություն» գտնել Մոսկվայի գրկում: Իսկ Բաքվի ձգտումները անարձագանք, անպատասխան չեն մնում: Այն բանից հետո, երբ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ը չեղարկեց նոյեմբերի 1-ին Ադրբեջանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին իր դիտորդական առաքելությունը, Ռուսաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Ալեքսանդր Լուկաշեւիչն, օրինակ, հայտարարեց, թե ռուսական պատվիրակությունը ԵԱՀԿ-ում կբարձրացնի ԺՀՄԻԳ-ի գործելաոճի հարցը:

Ինչպես նկատում ենք, ՌԴ իշխանությունները չեն հապաղում Ադրբեջանի «թիկունքին կանգնելու» հարցում, ինչը չես ասի Հայաստանի սահմաններին ադրբեջանական ագրեսիային արձագանքելու հարցում:

ԵՏՄ-ին մեր երկրի անդամակցությունը ինչ-որ առումով հաջողվեց քաղաքակիրթ աշխարհին ներկայացնել որպես «կամ-կամ»-ը բացառելու, «հանուն»-ի գաղափարախոսությամբ ու չհակադրվելու քաղաքականությամբ առաջնորդվելու Հայաստանի համար ավելի արդյունավետ տեսլական:

Բայց խնդիրն այն է, որ եթե Արեւմուտքը ընդունեց այդ դիրքորոշումը, մեր երկրի ներսում մեր քաղաքացիները այդպես էլ չհասկացան ԵՏՄ-ի անդամակցության շահը` տնտեսականից մինչեւ անվտանգություն: Իրավիճակը սահմաններում վերջին երկու տարիներին զինադադարից ի վեր լարված է առավել, քան երբեւէ, իսկ ռուս-ադրբեջանական տպավորիչ հարաբերություններն արդեն կասկածի տակ են առնում հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունների մակարդակը:

Ադրբեջանը չի բացառում Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելու հնարավորությունը, բայց սա ամենեւին էլ չի նշանակում, որ Ադրբեջանը կանդամակցի այդ կառույցին: Բայց բոլորին պարզ է, թե ով է այս հայտարարության հիմնական հասցեատերը: Բաքուն չի թաքցնում Ռուսաստանի հետ Ղարաբաղի հարցում պայմանավորվածությունների գալու իր մղումները: Եվ Ռուսաստանին, եւ Արեւմուտքին ուղղված իր «մեսիջներով» Բաքուն շարունակելու է ռազմական ռեւանշի շանտաժով աշխարհին հիշեցնել ու պահանջել Ղարաբաղյան լուծում` անընդմեջ հիշեցնելով, թե` «եթե բանակցությունները չհանգեցնեն Հայաստանի Զինված ուժերի դուրսբերմանը Ադրբեջանի օկուպացված տարածքներից, Բաքուն ստիպված կլինի ուժ կիրառել իր հողերն ազատագրելու համար»՝ ինչպես ասաց Ադրբեջանի ԱԳ նախարարը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայում:

Արեւմուտքից Ադրբեջանի քայլ առ քայլ մեկուսացումն այսօր Հայաստանի համար, իհարկե, բարենպաստ իրավիճակ է ստեղծել: Սակայն Հայաստանում իրական ժողովրդավարության հաստատմամբ, կոռուպցիայի դեմ իրական պայքարով, այլ ոչ թե դրանց մասին երկարաշունչ ելույթներով պետք է Հայաստանն ու Արցախը ամրագրեն առավելությունն ալիեւյան ռեժիմի նկատմամբ:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
07.10..2015

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031