Եթե Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի
խաղողագործների բերքի մթերման հարցերը չլուծվեն
Երեկ Տավուշի մարզի սահմանամերձ մի քանի գյուղերի խաղողագործները գլուխները բռնած կանգնել էին: Նրանք այս օրերին անլուծելի հարցի առաջ են կանգնել. ոչ միայն թշնամու գնդակից պաշտպանվելու խնդիր ունեն, այլեւ ամբողջ տարվա աշխատանքը ջուրը չլցնելու: Գյուղացիները ողջ տարին կրակահերթերի տակ խաղող են մշակել, սակայն այսօր արդեն քանի օր է՝ հավաքված բերքով բեռնված ավտոմեքենաները անհույս սպասում են մթերման իրենց հերթին: Այս տարածաշրջանի խաղողի մթերման պատասխանատվությունն իր վրա վերցրած Արարատի կոնյակի գինու գործարանը բնակիչների հետ կնքել է սահմանափակ քանակությամբ ապրանք մթերելու պայմանագիր, իսկ տարին, հակառակի պես, գյուղացուն առատ բերքով է պարգեւատրել: Գործարանի պահոցներն արդեն լցվել են, եւ մթերելու հնարավորություն էլ չկա:
Երեկվա դրությամբ խաղողով լցված ավտոմեքենաների շարասյունը 40 տոննա բերքով կանգնած էր Բերդ եւ Վերին Կարմիր աղբյուր գյուղերին հարակից տարածքում, որտեղ գործարանի մասնաճյուղը զբաղվում է մթերումներով: Խաղողագործների հաշվարկներով՝ այգիներում դեռեւս 60 տոննայից ավելի բերք էլ կա հավաքելու: Ինչպես մեզ հետ զրույցում սահմանամերձ Պառավաքարի բնակիչներն ասացին՝ խաղողի մթերումից ստացած եկամուտը այս տարածքի գյուղերի բնակիչների եկամտի միակ աղբյուրն է, խաղողը աճեցնելու համար վերցրած վարկերը փակելու միակ միջոցը ու թշնամու կրակի տակ ապրելու եւ պայքարելու միակ հույսը:
«Առավոտի» խմբագրություն ահազանգած պառավաքարցի բնակիչներ Վահան Վահանյանը, Բորիս Պետրոսյանը, Սուրեն Ղազարյանը, Սվետլանա Սարգսյանը գյուղոլորտի պատասխանատուների ուշադրությունն են հրավիրում իրենց խնդրի վրա՝ ասելով, որ եթե խնդիրը չլուծվի, բեռնված մեքենաներով ու ընտանիքներով գնալու են նախագահի նստավայր՝ իրենց բողոքի ձայնը լսելի դարձնելու:
Վահան Վահանյանն ասաց, որ պատկան մարմինները «ձեռքները լվացել՝ մի կողմ են քաշվել» եւ չեն ուզում խնդրին լուծում տալ: Ասաց, որ զանգահարել են գյուղատնտեսության նախարարության թեժ գծին, հարցը ներկայացրել են Գեւորգ Ղազարյանին, որն էլ պատասխանել է, որ կդիմի մարզպետարան, ուրիշ ոչնչով չի կարող օգնել: Դիմել են Նոյեմբերյանի գործարանին, էնտեղ էլ պատասխանել են, որ կարող են բավարարել միայն իրենց բնակիչների պահանջները, Իջեւանի կոնյակի գործարան են զանգահարել, խոսել պատասխանատու Ռոբերտ Իսկանդարյանի հետ, վերջինս պատասխանել է, որ իրենք էլ դատարկ տարաներ չունեն: Ի դեպ, նույն խնդիրը ունի նաեւ սահմանամերձ Թովուզ գյուղը:
Կարդացեք նաև
Վահան Վահանյանը ներկայացրեց պառավաքարցիների բողոքի տեքստը՝ ուղղված իշխանություններին, որտեղ գրված է. «Մենք ամբողջ գյուղով սահմանապահ ենք, գյուղը լքելու ենք, սահմանը թողնենք բաց, արյան գնով, թշնամու գնդակի դեմ պայքարելով՝ բերք ենք աճեցրել, բերքահավաքը գիշերով ենք արել, թաքնվելով ու սողալով: Վերջերս նույն բերքահավաքի ժամանակ մեր համագյուղացին մահացավ թշնամու գնդակից, մի բեռնատար այրվեց, մեր այգիների ու թշնամու միջեւ հեռավորությունը 1-4 կմ է: Արյան գնով հավաքած բերքը հիմա մթերման գործարանի ճանապարհին իր հերթին սպասելով՝ շուտով կփչանա: Խնդրում ենք հարցի շուտափույթ լուծում»:
Սահմանամերձ գյուղերի բնակիչների բերքը երեկվա դրությամբ յուրաքանչյուրինը 12-15 տոննա էր, սակայն ինչպես նրանք ասացին՝ բերքը դեռ հավաքվում է, եւ այս պահի դրությամբ դեռեւս հայտնի չէ, թե որքանով կավելանա: Խաղողագործների խոսքերով՝ գուցեեւ այդ թվերը կրկնապատկվեն:
Նրանք համաձայն են նույնիսկ, որ գործարանները խաղողը մթերեն, բայց գումարները ուշ վճարեն, միայն թե խաղողը չփչանա:
ԱՆՆԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.10..2015
Ես ինչ հող տամ իմ խելացնոր մտքիսև ուղեղիս, մեր Հայեաստանի պատմութեան որ էջը բանամ որ աւելի չխելագարվեմ ՞ էլ որ ցաւով ապրեմ,՞ բա էս խեղճ ժողովրդի նսեմացուցիչ տառապանքին ով պէտք է վերջ տայ ՞,… Ցաւս ուր տանեմ ՞ … ։