Սեպտեմբերի 28-ին ՀՀ քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության ավագ քննիչ Ա. Սուլթանյանը որոշում է կայացրել փոխել Ռոբերտ Խուդոյանի խափանման միջոցը՝ կալանքը:
Տարօրինակ բան. քննիչը նախ որոշման «նախաբանում» նշում է, որ Ռոբերտը Արարատի մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ է, իսկ մարզի դատարանը պարզում է, որ Ռ. Խուդոյանը պարզապես Գերմանիա պետության բնակիչ է եւ ըստ էության կապ չունի ինչ-որ մարզի հետ:
Ո՞վ է ազգությամբ եզդի Ռոբերտ Խուդոյանը, ինչո՞ւ «Մարդու իրավունքների պաշտպանության եզդիական կենտրոն» հասարակական կազմակերպության նախագահ Խուդոյանը հայտնվեց, ոչ ավել, ոչ պակաս, հայ իրավապահների ուշադրության կենտրոնում:
ՌԴ քաղաքացի Ռոբերտ Խուդոյանն «Առավոտի» հետ զրույցի ժամանակ ասաց, որ իր նկատմամբ հարուցվել է 2012 թ. մարտի 22-ի որոշմամբ քրեական գործ՝ Ազիզ Բշարյանից 11 հազար դոլար, Գոգո Մստոյանից 7 միլիոն ՀՀ դրամ հափշտակությունների համար: Զրուցակցիս ներգրավել են քրեական գործով որպես մեղադրյալ, ինչի մասին նա տեղյակ չի եղել:
Ըստ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռ. Մխիթարյանի օրեր առաջ կայացրած որոշման նկարագրական մասի, նախորդ դատարանը «Ռոբերտ Խուդոյանի բացակայությամբ» 2012թ. մայիսի 16-ին քննության է առել քննիչ Ա. Ստեփանյանի միջնորդությունը եւ որոշել է կալանավորել նրան: Սակայն 6 օր հետո քննիչ Ա. Ստեփանյանը կասեցրել է վարույթը, պատճառաբանելով, որ Ռոբերտ Խուդոյանին չեն հայտնաբերել, քանի որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ:
Քրեական գործին զուգահեռ ավելանում է քննիչի մեկ այլ որոշումը՝ քրեական նոր գործ հարուցելու մասին, որի մասին դարձյալ Խուդոյանը տեղյակ չի լինում: Ըստ այդ որոշման, Ռ. Խուդոյանի կողմից կեղծվել է «իրավունք վերապահող» փաստաթուղթ եւ իրացվել: Գործի հիմքում դրվում է այն, որ Խուդոյանն իբր տեղեկանք է տվել Յուրա անունով մեկին՝ իր իրավապաշտպան կենտրոնում աշխատելու վերաբերյալ, ինչն էլ ներկայացվել է Իտալիայի դեսպանատուն՝ մուտքի արտոնագիր ստանալու պատրվակով:
Քննիչը հետախուզում է հայտարարում, հետո կասեցնում է քրեական գործի այս վարույթը եւս, մինչ Խուդոյանին հայտնաբերելը:
Վերոնշյալ երկու քրեական գործերը 2012թ. հուլիսի 4-ին միացվում են, ուղարկվում Արարատի մարզ: 2014թ. օգոստոսի 4-ին կասեցվում է «միացյալ» քրեական գործը՝ Խուդոյանի գտնվելու վայրը հայտնի չլինելու հիմքով:
Վերջապես, ըստ իրավապահների հաղորդման, 2014թ. հոկտեմբերի 22-ին Խուդոյանը հայտնաբերվում է Գերմանիայի իրավապահների կողմից, իսկ այս տարվա հունիսի 13-ին հանձնվում Հայաստանի Հանրապետությանը: «Իրենք իրավունք չունեին ինձ Ինտերպոլով հետախուզել, ինձ տեղյակ չեն պահել, թե ինչու եմ բերվում Հայաստան»,- ասում է Ռ. Խուդոյանը:
Եզդի իրավապաշտպանը 11 ամիս գտնվել է անազատության մեջ: Նրան մեղադրանք են առաջադրել խարդախությամբ՝ խաբեության եղանակով 5 տարի առաջ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար:
Այս մեղադրանքը Ռ. Խուդոյանը չի ընդունել ի սկզբանե:
Ըստ իրավապահների կազմած գործի նյութերի, իբր Խուդոյանը Արարատի մարզի Դաշտաքար գյուղի բնակիչ Գոգո Մստոյանին, կնոջը, նրա երկու երեխաներին Գերմանիա ուղարկելու պատրվակով նրանից ստացել է 7 միլիոն ՀՀ դրամ:
Թե ինչ հանգամանքներում՝ պարզված չէ:
Իսկ Ջանֆիդա գյուղի բնակիչ Ազիզ Բշարյանի որդուն էլ Գերմանիա տանելու պատրվակով ստացել էր 11 000 ԱՄՆ դոլար գումար:
Քննիչը դիմել էր մարզի դատարան, կալանքի ժամկետը վերաերկարացնելու միջնորդությամբ. «Հունիսի 15-ին դատարանում իմացա, որ տուժող ճանաչվածներից Ուսո անունով մեկը մահացել է: Իսկ ես պահանջում եմ մահացածի հետ առերեսում: Փաստորեն, ինձ մահացածի համար են բերել Հայաստան»,-ասում է Խուդոյանը:
Դատարանը քննիչի միջնորդությունը բավարարել էր մասնակի, երկարացնելով կալանքի ժամկետը մինչեւ սեպտեմբերի 28-ը՝ քննչական գործողություններն ավարտին հասցնելու համար: Քննիչը միջնորդել էր կալանքի ժամկետը պահել. «լուծել քրեական գործի վերջնական ընթացքը»: Այս միջնորդության դեմ առարկել էր թե պաշտպանը, թե անձամբ Ռ. Խուդոյանը՝ ասելով, որ քննիչը բավարար ջանասիրություն չի դրսեւորել եւ արդյունքում իր՝ անազատության մեջ հայտնվածի նկատմամբ մի շարք դատավարական նորմեր են խախտվել:
Խուդոյանն ազատ է, եւ նրա նկատմամբ այս պահին ընտրվել է խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին:
Ըստ մարզի դատարանի, առկա են նախադեպային մի քանի որոշումներ, մասնավորապես, ՀՀ վճռաբեկ դատարանի՝ Ա. Ավետիսյանի նկատմամբ իրավական դիրքորոշումը, այն է՝ կալանավորումը շարունակվում է, քանի որ ի հայտ են եկել կալանքի տակ պահելու համար հիմքեր, եւ գործի քննության ընթացքում դրսեւորվել է անհրաժեշտ ջանասիրություն՝ քննիչի կողմից ապահովելու գործի ընթացքը:
Մարզի դատարանը հետեւյալ հարցն էր բարձրացրել. արդյոք, քննություն իրականացնող մարմինը դրսեւորե՞լ է պատշաճ ջանասիրություն, արդարացվա՞ծ էր Խուդոյանին այդքան ժամանակով ազատությունից զրկելը: Ըստ դատավոր Ռ. Մխիթարյանի գնահատականի, քննիչի միջնորդությունը՝ կալանքի ժամկետը երկարացնելու համար, պատճառաբանվել է «բացառապես քրեական գործի վերջնական ընթացքը լուծելու վարույթն իրականացնող մարմնի պարտավորության վկայակոչմամբ»:
«Ի՞նչ է լինելու ինձ հետ, հո գերի չեմ, ինչո՞ւ պիտի անորոշ վիճակում մնամ: Ինչքան պիտի երեք երեխաներս, որից մեկն անչափահաս է, զրկվեն ինձ տեսնելու հնարավորությունից»,- հարցնում է Ռոբերտ Խուդոյանը:
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
07.10..2015