Դերասանուհի, պարուհի, ռեժիսոր-բալետմայստեր
Աիդա Սիմոնը ոչնչի առաջ չի ընկրկում
Դերասանուհի, պարուհի, ռեժիսոր-բալետմայստեր Աիդա Սիմոնը համեմատաբար նոր անուն է մեր թատերարվեստում: 2013թ. արվեստագետի բեմադրությամբ Համազգային թատրոնի բեմում «LUltima Cena» (ըստ Լեոնարդո դա Վինչիի «Խորհրդավոր ընթրիք» ստեղծագործության) եւ 2014թ. տիկնիկային թատրոնի բեմում «PRO Շամիրամ» պարային պլաստիկ ներկայացումները լավ իմաստով մեծ աղմուկ հանեցին եւ բարձր գնահատականի արժանացան մասնագետների կողմից: Առաջին բեմադրությանը բալետմայստերը հրավիրել էր նաեւ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի իր կուրսի ուսանողներին: Նույնիսկ վերջերս ճանաչված ռեժիսոր Ռուբեն Բաբայանը զարմանք ապրեց, թե այդ ինչպես «Առավոտը» մինչ օրս չի անդրադարձել Սանկտ Պետերբուրգում կրթված եւ կարիերայի սկիզբն ազդարարած Աիդա Սիմոնին:
Մեզ հետ զրույցում արվեստագետը հայտնեց, որ ավարտել է Սանկտ Պետերբուրգի Ռիմսկի-Կորսակովի անվան պետական կոնսերվատորիան՝ որպես բալետմայստեր, իսկ 2010-ին վերադարձել Հայաստան. «Ուսումնառությանս տարիներին արդեն սկսեցի բեմականացումներ, բեմադրություններ իրականացնել, ինձ էլ որպես պարուհի հրավիրում էին մասնակցելու տարբեր միջոցառումների ու ներկայացումների: Այնտեղ իմ լիբրետոյով ու բեմադրությամբ բեմ բարձրացավ «Էդիպ արքան» (ըստ Սոֆոկլեսի), «Պիգմալիոն եւ Գալատեան» (առասպելական թեմաներով), ֆրանսիացի գրող Բորիս Վիանիի «Օրերի փրփուրը» եւ այլ բեմադրություններ»:
Հետաքրքրությանը, թե Սանկտ Պետերբուրգի նման քաղաքում իրականացնելով պարային պլաստիկ ներկայացումներ, ինչու Երեւանում էլ չի «դիմում» մեծ բեմերի, նկատի ունենք օպերային թատրոնը, մեր զրուցակիցն ասաց, որ մտադրված է օպերային թատրոնում բեմադրել սեփական լիբրետոյով «Տիգրան Մեծ» բալետային ներկայացումը՝ մոդեռն ոճում, օգտագործելով անիմացիա, լուսային էֆեկտներ, կարճ ասած՝ ժամանակակից տեխնիկայի հնարավոր միջոցները: Հետո էլ մանրամասնեց. «Լիբրետոն ներկայացրել եմ ճանաչված ջազմեն Տիգրան Համասյանին: Նա ողջունեց եւ երկար չանցած՝ ինձ ներկայացրեց «Տիգրան Մեծի» երաժշտությունը»: Ռեպլիկին, թե մեծակտավ ստեղծագործություն բեմադրելու համար պահանջվում է երկար ժամանակ, մինչեւ «դաբրո» ստանալ նախարարությունից կամ թատրոնի գեղարվեստական խորհրդի կողմից, արվեստագետը նշեց, որ պատրաստվում է այդ հարցով դիմել մշակույթի նախարարին, հետո էլ ասաց. «Ես ամեն դեպքում ուղիներ կգտնեմ մտահղացումս իրականացնելու համար»:
Զրույցի ընթացքում Աիդա Սիմոնն ասաց նաեւ, թե պատրաստվում է «PRO Շամիրամ» եւ «LUltima Cena» ներկայացումները վերաբեմադրել «Երեւան» մշակութային կենտրոնում, որի դահլիճը շուտով կբացվի հանդիսատեսի առջեւ: Ընդ որում, այդ ներկայացումները կդիտեն նաեւ Գերմանիայում՝ նոյեմբերին անցկացվող Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված մշակութային օրերին:
Մեզ հասած տեղեկությունը, թե Աիդա Սիմոնը վերջերս եղել է Թուրքիայում, բայց ոչ իբրեւ արվեստագետ, հաստատվեց: «Ցեղասպանության 100-ամյակի հիշատակի արարողություններից հետո, ապրիլի 24-ից մի քանի օր անց լուր տարածվեց, որ թուրքական իշխանությունները ցանկանում են վերցնել հայկական համայնքից «Քամփ Արմեն» հայ աղքատ ու որբ մանուկների ուսումնական կենտրոնը, տեղում շքեղ առանձնատներ կառուցելու նպատակով: Մայիսի 6-ին տեղի է ունեցել առաջին հարձակումը թուրք ազգայնականների կողմից, որն էլ պատճառ է դարձել, որպեսզի «Նոր զարթոնք» նախաձեռնության անդամներն ու այդ հարցով մտահոգ այլազգի քաղաքացիներ զօրուգիշեր շենքի տարածքում իրականացնեն հերթապահություն: Հայաստանից մեկնած պատվիրակության նպատակը, որի կազմում էի նաեւ ես, հայերին ոգեւորելն էր»,- հակիրճ ներկայացրեց արվեստագետը:
Ամռանը ֆիթնես մրցույթում գլխավոր մրցանակի արժանացած մեր զրուցակցից հետաքրքրվեցինք՝ առաջիկայում ի՞նչ մրցույթների կներկայանա ամենագեղեցիկ մարմին ունեցող հայուհին: Աիդա Սիմոնն ընդամենն ասաց, որ օրերս կմեկնի Վրաստան՝ մասնակցելու առաջին անգամ ԱՊՀ երկրների շրջանակներում անցկացվող ֆիթնես մրցույթին:
ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Լուսանկարներում՝ տեսարաններ Աիդա Սիմոնի ռեժիսուրայով «PRO Շամիրամ» եւ «LUltima Cena» ներկայացումներից:
«Առավոտ» օրաթերթ
07.10..2015