Լրահոս
Օրվա լրահոսը

«Քեզ ղուրբան». գյումրեցիները Էռնա Յուզբաշյանի հետ կատարեցին նրա երգերը (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2015 23:35

Քիչ առաջ Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում ավարտվեց երգչուհի Էռնա Յուզբաշյանի՝ մոտ 1,5 ժամ տեւած համերգը: Երգչուհին նախապես հայտարարել էր, որ իրեն վախեցրել են՝ ասելով, թե գյումրեցի հանդիսատեսը շատ խստապահանջ է, ծափահարություններ չի շռայլում: 33 տարի անց Գյումրին երգչուհուն դիմավորեց աննկարագրելի ջերմությամբ, նրան տեսնելով թատրոնի բեմում՝ ծափահարությունները չէին դադարում:

Հետաքրքիրն այն է, որ համերգին եկել էին ոչ միայն երգչուհու սերնդակիցները, որոնք ակնհայտորեն կարոտախտ էին զգում նրա հանդեպ, այլ երիտասարդ սերնդի ներկայացուցիչներ: Էռնա Յուզբաշյանը բեմ մտավ «Ես օտար եմ դարձել, ես այն չեմ» երգով, ասելով, որ իրոք օտարացել է՝ 33 տարի չլինելով այս հողում ու քաղաքում: Նա անընդհատ հուզվում էր, երբեմն իրոք վախենում, սակայն գյումրեցիների՝ երգերի ընթացքում չընդհատվող ծափահարությունները նրան ավելի էին ոգեւորում: Ամբողջ ընթացքում հնչում էր՝ «Բրավո»:

IMG_0642

Էռնա Յուզբաշյանը առաջին շփումը հանդիսատեսի հետ գյումրու բարբառով էր՝«Բարեւ Գյումրի, ի՞նչղ եք: Այո, ես այն չեմ, որովհետեւ համարյա 33 տարի, ես չեմ եղել Լենինականում, բայց ես շատ հպարտ եմ, որ գտնվում եմ այստեղ, իմ հարազատներ, ձե՛ր բեմում, ձե՛ր քաղաքում, որը տվել է աշխարհին ականավոր մարդիկ, ականավոր սպորտսմեններ,ականավոր երաժիշտներ, գրողներ, դերասաններ»: Լսելով գյումրու բարբառով խոսող Էռնա Յուզբաշյանին, դահլիճում նստածներից մեկը բացականչեց. «Քեզ ղուրբան»:

Էռնա Յուզբաշյանը կատարեց Խաչատուր Ավետիսյանի, Ռոբերտ Ամիրխանյանի, Կոստանտին Օրբելյանի գրած երգերից, Արթուր Գրիգորյանի «Մեղեդին»: Հանդիսատեսը նստած տեղից ձայնակցում էր նրան: Ընթացքում երգեցին Նյու Յորքից ժամանած Վլադիմիր Ստեփանյանը ու Արմինկան:

Երգչուհին հայտարարեց, որ Գյումրին ամենաջազային քաղաքն է, որովհետեւ Տիգրան Համասյանը այստեղից է:

Նա համերգային ծրագրի վերջում կատարեց «Սիրո մեղեդին», որը ոտքի կանգնեցրեց բոլոր նստածներին: Գյումրեցիները հոտնկայս մոտ 10 րոպե ծափահարում էին երգչուհուն:

Էռնա Յուզբաշյանը համերգի ավարտին ցանկացավ, որ Գյումրին ծաղկի: «Ուզում եմ, որ, դուք հարուստ ապրեք, դուք հարուստ եք ձեր սրտով, ձեր ադաթներով, լավ է, որ դուք կաք, բայց մի քիչ էլ փողով հարուստ լինեք». -մաղթեց երգչուհին:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Փողով հարուստները, սովորաբար, հոգով աղքատ են լինում: Որովհետև, ըստ իս, կյանքում ամենահեշտ բանը փող աշխատելն է: Մնացած ամեն ինչը` հեղինակություն ունենալը, առաքինի լինելը, բարոյականությունը և շատ-շատ այլ բաներ, շատ ավելի դժվար են ձեռք բերվում … Հարգանքով` Աշոտ Բաբայան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031