Լրահոս
Օրվա լրահոսը

Հովհաննես Սահակյան. «Ես չեմ տեսել ոչ Արթուր Սաքունց, ոչ էլ նման հարցադրում»

Հոկտեմբեր 07,2015 23:08

Ժամեր առաջ Արթուր Սաքունցի ղեկավարած Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը հայտարարություն տարածեց, որով պնդում են, որ թեև ՀՀ ԱԺ-ի որոշմամբ ընդունեց «ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումը», սակայն միևնույն է, այն հանրաքվեի դրվել չի կարող:

Հայտարարության մեջ հղում է արվում «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետին, որի համաձայն՝ «Հանրաքվեի չեն կարող դրվել`մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող, ինչպես նաև Սահմանադրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ իրավասությանն ուղղակիորեն վերապահված հարցերը»:

Ըստ հայտարարության՝ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, գործող ՀՀ Սահմանադրության համեմատ, պարունակում է մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները սահմանափակող դրույթներ, ինչպես նաև ՀՀ գործող նախագահի լիազորությունների ժամկետի փոփոխություն:

Aravot.am-ը ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանից հետաքրքրվեց՝ հիմնավոր համարո՞ւմ է այս պնդումը:

Պարոն Սահակյանը հայտնեց, որ դեռ չի ծանոթացել դրան, բայց նշեց, թե ծանոթ լինելու դեպքում էլ միևնույնն է նույնն էր ասելու. «Բազմիցս հրավիրել ենք քննարկման, բանավեճի, չեն մասնակցել, հիմա հայտարարություն են տարածում»:

Ըստ պարոն Սահակյանի՝ ճիշտ կլիներ այս հարցի մասին բարձրաձայնել լսումների ընթացքում, կամ գրավոր ներկայացնել հանձնաժողովին, սակայն ոչ այն, ոչ էլ մյուս տարբերակը չի եղել:

Պարոն Սահակյանը մանրամասնեց. «Եթե մարդ նման մտահոգություն ուներ, կարող էր գրավոր առաջարկներ ներկայացրել: Համենայն դեպս ես որևէ գրավոր առաջարկ չեմ ստացել ու չեմ էլ հիշում, որ նման հայտարարություն լիներ: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում բաց լսումներ ենք արել, որտեղ 187 կազմակերպություն են մասնակցել, ու ես չեմ տեսել ոչ Արթուր Սաքունց, ոչ էլ նման հարցադրում: Բայց կարելի էր, չէ մտահոգությունը դեմ առ դեմ հայտնել և այն տեղափոխել քննարկումների դաշտ»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031