Լրահոս
Օրվա լրահոսը

Արտեմ Ասատրյանի կարծիքով՝ հոսանքը չի թանկացել, 2000 դրամով նպաստն ավելացնելու կարիք չկա

Հոկտեմբեր 07,2015 23:00

Առաջարկվում է ուժը կորցրած համարել 2000 դրամով նպաստները բարձրացնելու որոշումը

Վաղը կառավարության նիստին աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը կառաջարկի նախկինում նախատեսված ընտանեկան եւ սոցիալական նպաստների բազային չափը 2000 դրամով բարձրացնելու որոշումն, այսպես ասած՝ չեղյալ համարել: Նախարարը գտնում է, որ 2000 դրամով ավել նպաստներ տալու կարիքը չկա, քանի որ նպաստները որոշել էին բարձրացնել հոսանքի 6.93 դրամի թանկացման արդյունքում, բայց ըստ նախարարի նպաստները չեն բարձրացնի, քանի որ հոսանքի թանկացում չի եղել:

Արտեմ Ասատրյանի հիմնավորումը զարմանալի է, նույնիսկ՝ թյուրիմացություն է առաջացնում:

Ընտանեկան եւ սոցիալական նպաստներն 2000 դրամով ավելացնելու որոշումն ուժը կորցնելու անհրաժեշտությունը նախարարն այսպես է հիմնավորում. «Հայաստանի Հանրապետությունում 2015 թվականի օգոստոսի 1-ից նախատեսվում էր Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացում 6.93 դրամով:

Բնակչության սոցիալական վիճակը մեղմելու նպատակով ՀՀ կառավարությունը 2015 թվականի հունիսի 25-ի նիստի օրակարգային 42-րդ հարցով քննարկեց եւ հավանության արժանացրեց կառավարության 2015 թվականի հունվարի 30-ի N 19-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին կառավարության որոշման նախագիծը, համաձայն որի 2000 դրամով բարձրացվելու էր ընտանեկան եւ սոցիալական նպաստների բազային չափը: Սակայն, սակագնի բարձրացում 2015-ի օգոստոսի 1-ից տեղի չունեցավ, եւ ըստ էության նախագծի ընդունումը չիրագործվեց»:

Այս հիմնավորումից կարելի է եզրակացնել, որ Արտեմ Ասատրյանի համար հոսանքի սակագինը չի բարձրացվել, գուցե նա վճարելու է նախկին գնով՝ 42 դրամով:

Եթե նախարարը գտնում է 2000 դրամով նպաստների բարձրացման կարիքը չկա, քանի որ հանրության որոշ հատվածին այդ 6.93 դրամը փոխհատուցվելու է, ապա թյուրիմացությունից խուսափելու համար նախագծում լավ կլիներ նշեր այդ մասին, սակայն որեւէ հիշատակում, կամ ակնարկ չկա կառավարություն ներկայցված փաստաթղթում:

Հիշեցնենք, որ նախորդ նիստին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանն ասել է «ՀԷՑ-ը ձեռք բերող Սամվել Կարապետյանը նաեւ իր անձնական միջոցների հաշվին մինչեւ հաջորդ տարվա օգոստոսի 1-ը կառավարության հետ հավասար հիմունքներով փոխհատուցելու է սակագնի թանկացումը բնակչության, ու ամսական մինչեւ 500 կվտ էլէկտրաէներգիա սպառող փոքր բիզնեսի համար՝ 250 կվտ-ի համար»:

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031