Լրահոս
Օրվա լրահոսը

Շարմազանովը՝ Քոչարյանին. «Ես թիմ ասելով նկատի չունեմ ընկերական շրջապատ»

Հոկտեմբեր 07,2015 22:50

Հոկտեմբերի 7-ին ՀՀԿ գործադիր մարմնի նիստից հետո լրագրողների հետ կայացած հանդիպման ժամանակ մեկնաբանելով ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի` «Քարնեգի» հիմնադրամի կազմակերպած հանդիպման ժամանակ արած այն արտահայտությունը, թե ինքը կարող է կանխատեսել՝ ով կլինի ՀՀ ապագա առաջնորդը, ՀՀԿ մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ընդամենը ասաց՝ դանդաղ շտապեք, ամեն ինչ իր ժամանակին:

Արդյո՞ք «այո» ասող ուժերը միասնական քարոզարշավ են անցկացնելու, «ոչ» ասողներն էլ իրար հետ: Այս հարցին էլ ի պատասխան էլ Շարմազանովն ասաց. «Այո»-ն շատ ավելի լայն է, քան Հանրապետական կուսակցությունը, գոնե պառլամենտում՝ ԲՀԿ, ՀՅԴ, «Ժառանգություն» խմբակցությունից երեք կարկառուն ներկայացուցիչ, ՀԱԿ խմբակցությունից կուսակցության ղեկավար, անկախ պատգամավորներ, արտախորհրդարանական քաղաքական ուժեր եւ տարբեր հասարակական կազմակերպություններ, այդ իմաստով, բնականաբար «այո» քարոզարշավը միայն ՀՀԿ-ինը չէ..»,-ասաց նա, հավելելով, որ այս հանրաքվեն բնավ էլ ՀՀԿ-ի եւ ընդդիմության միջեւ սպասվող առճակատում ու պայքար չէ:

Անդրադարձ եղավ Ռոբերտ Քոչարյանի թիմով 2017-ին առաջադրվելուն, որը ՀՀ երկրորդ նախագահը չի բացառել: «Ո՞վ է իր թիմը, ես թիմ ասելով նկատի ունեմ քաղաքական կուսակցություն եւ ոչ թե ընկերական շրջապատ»,-ասաց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է այն հարցին, այնուամենայնիվ Քոչարյանի թիմի առաջադրվելը կարո՞ղ է վտանգ լինել ՀՀԿ-ի մեծամասնություն հավաքելու ցանկության համար, ՀՀԿ մամուլի խոսնակը հետեւյալ կարծիքի է. « ՀՀԿ-ն վախերով ու վտանգներով չի առաջնորդվում…Մենք առանց բացառության բոլոր քաղաքական դերակատարների հետ պատրաստ ենք ազատ մրցակցության դաշտում իրականացնել մեր աշխատանքները…Ամեն դեպքում 2017-ին դեռ ժամանակ կա, ամեն ինչ էլ կարող է լինել, չնայած այդ գործիչը(Քոչարյանը) ինձ համար գոնե այս պահին դեռ տեսանելի չէ»:

ՀԱԿ-ի՝ սահմանադրական փոփոխությունների գործընթացը հետաձգելու առաջարկի մասին էլ խոսք գնաց, քանի որ լարված է իրավիճակը, երկիրն էլ պատերազմի շեմին է: Ի պատասխան Էդուարդ Շարմազանովն ասաց, որ իշխանությունը չի պատրաստվում արձագանքել այդ ուժին. «Մենք իրենց հրավիրում ենք, իրենք չեն գալիս քննարկման, իրենց գործը մինչեւ ժամը մեկն է, ժամը մեկին մի բան է, երեքից հետո այլ բան…

Հարց է, Հայ ազգային կոնգրես քաղաքական ուժ իրականում գոյություն ունի՞… Իշխանությունը պարտավոր չէ բոլոր ընդդիմադիրների առաջարկներին արձագանքել: 1994 թվից այս կողմ զինադադար է, հաշտության պայմանագիր կնքված չէ, Հայ ազգային կոնգրեսը ասելո՞ւ է, որ մեկ տարի կամ երեք տարի հետո չի լինելու կրակոց կամ վաղը լինելու է հաշտության պայմանագիր: Ինչ վերաբերում է Սահմանադրական բարեփոխումների հանրաքվեին, դա ընդամենը մեր օրակարգային հարցերից է»:

Հայաստանի՝ Արցախի ճանաչման մասին հարցի վերաբերյալ ՀՀԿ մամուլի խոսնակը չցանկացավ ծավալվել: Ասաց, որ ՀՀ նախագահը վերջերս ՄԱԿ-ում հանրամատչելի կերպով ներկայացրել է մեր պետության քայլերը եւ փաստել, որ տարածաշրջանային կայունության մեծ սպառնալիքը Ադրբեջանն է:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031