Հոկտեմբերի 7-ին ՀՀԿ Գործադիր մարմնի նիստից հետո կուսակցության մամուլի խոսնակ, ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողներին հայտնեց, որ ավանդույթի համաձայն հերթական նիստին քննարկվել են ներքաղաքական, ներկուսակցական հարցեր:
Սահմանադրական փոփոխությունների «մասով» ԲՀԿ-ի քվեարկության արդյունքի մասին լրագրողի այն հարցին, թե ամենամեծ աջակցությունը ՀՀԿ-ին փաստորեն ԲՀԿ-ն է տվել «կողմ» ձայներով, արդյո՞ք դա կարելի է ընկալել որպես գործընկերային հարաբերությունների սկիզբ, Էդուարդ Շարմազանովը պատասխանեց.
«Չեմ կարծում, որ սահմանադրական բարեփոխումների խնդրիրը, սահմանադրական հանրաքվեի խնդիրը պետք է դիտարկել ընդդիմություն-իշխանություն հակադրության մեջ, չկա նման բան: Սա ավելի լայն է,սահմանադրական բարեփոխումների խնդիրը համապարփակ, համակարգային խնդիր է, բնական է, որ պետք չէ դիտարկել ընդդիմություն-իշխանություն համատեքստում: Այնպես չի, որ ով կողմ է իշխանություն է, ով դեմ է, ընդդիմություն է, յուրաքանչյուրն ունի իր տեսլականը, կարծիքը ծրագիրը:
Ես իրավունք չունեմ Բարգավաճ Հայաստան կուսակցության փոխարեն խոսելու: Նրանք բավականին հրապարակային ներկայացրել են իրենց դիրքորոշումը, պարզապես 104 կողմ ձայնը եւս մեկ անգամ փաստում է այն պարզ իրողությունը, որ Հայաստանի Հանրապետության քաղաքական ուժերի ճնշող մեծամասնության մոտ կա քաղաքական կոնսոլիդացիա, քաղաքական կոնսենսուս եւ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտությունը տեսնում է Հայաստանյան քաղաքական ուժերի մեծամասնությունը»:
Կարդացեք նաև
Հանրաքվեի օրվա հետ կապված էլ հավելեց, որ ՀՀ նախագահը կորոշի, քանի որ դա նրա լիազորությունների շրջանակում է:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ