33 միլիոն եվրո վարկային ծրագրով աղբի վերամշակման գործարան եւ ջերմոցային տնտեսություն է կառուցվելու
Արմավիրի մարզում նախատեսվում է աղբի վերամշակման գործարան կառուցել եւ ջերմատնային տնտեսություն հիմնել:
Այս ներդրումային ծրագրի արժեքը, ինչպես տեղեկանում ենք կառավարության նիստի օրակարգից, 33 միլիոն եվրո է: Սա վարկային ծրագիր է, վարկի մարումը իրականացվելու 7 տարվա ընթացքում՝ կանխատեսվող շահույթի հաշվին:
Գործարանն ու ջերմատնային տնտեսությունը հիմնվելու է Արմավիր քաղաքի հյուսիսային մասի, աղբավայրի հարակից 15.0 հա հողատարածության վրա:
Ըստ ծրագրի, 33 միլիոն եվրոյից 21 միլիոնն ուղղվելու է աղբի վերամշակման գործարանի կառուցմանը, իսկ 11 միլիոնը՝ ջերմոցային տնտեսության հիմնմանը, 1 միլիոնն էլ՝ այլ ծախսերին:
Այս ծրագրի մարքեթինգային պլանով նախատեսվում է աղբի վերամշակման արդյունքում էլեկտրաէներգիայի արտադրություն, որը ծախսվելու է ջերմոցային տնտեսության կարիքների համար, իսկ ավելացած մասը վաճառվելու է պետությանը, ջերմոցային տնտեսության արտադրանքի իրացումն էլ՝ արտերկրում: Ընդ որում, ծրագրով արդեն սահմանվել է, որ առաջին տարում պոտենցյալ հաճախորդները լինելու են արտերկրի ձեռնարկատերերը:
Ծրագրի՝ Պահանջարկի ընդհանուր մեծություն բաժնում գրված է՝ Էլեկտրաէներգիայի չսահմանափակված վաճառք պետությանը, գյուղմթերքների մեծ պահանջարկ՝ արտերկրում:
Ուշագրավ է ծրագրի մարքեթինգային ռազմավարությունը, որտեղ գրված է՝
Լինելու են հեռախոսազանգեր եւ անհատական հանդիպումներ
Ապահովվելու է որակյալ արտադրանք
Ապրանքային տեսքը լինելու է համաչափ
Լինելու է համապատասխան տեսակավորում
Մշտական կապ է ապահովվելու հաճախորդների հետ
Մշտապես իրականացվելու է համագործակցություն գործընկերների հետ եւ ապահովվելու է որակյալ սպասարկում: Ծրագրով նախատեսվում է 100-120 աշխատատեղ բացել: Այս ծրագիրն իրականացնելու է հայ-չեխական «Գրինէկո-Կաս» ՍՊԸ-ն, որին էլ կառավարության որոշմամբ կօտարվի Արմավիր քաղաքի վարչական տարածքից 15.0 հա հողատարածքը: «Գրինէկո-Կասը» պարտավորվում է՝ պայմանագրի պայմաններին համապատասխան վճարել պայմանագրի գինը՝ իրականացնել շուրջ 17 մլրդ 490 մլն դրամի ներդրում` գործարանի կառուցման եւ ջերմոցային տնտեսություն հիմնելու համար: Ընդ որում, գործարանն ու ջերմոցային տնտեսությունը պետք է 3 տարվա ընթացքում կառուցի:
Նելլի ԲԱԲԱՅԱՆ