Օրերս ՊՆ նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը ասուլիսից հետո մտերմիկ զրույցում մի դեպք պատմեց, որից չոգեւորվել ու չհպարտանալ հնարավոր չէ:
Նա պատմեց, որ մութ ու ցուրտ տարիներին Աշտարակում իր հարեւանն է եղել մեծ գիտնական Վիկտոր Համբարձումյանը, ընդ որում, նա բնակվել է իր աղջկա՝ Կարինեի տանը: Մի օր աշխատանքից տուն գնալիս փոխնախարար Շիրխանյանը տեսել է, որ Վիկտոր Համբարձումյանը մոմի լույսի տակ նստած է եղել՝ ոտքերին ցրտից պաշտպանվելու համար ծածկոց է գցել ու այդպես աշխատել: Շատ վատ է զգացել իրեն եւ հորդորել է աշխատակիցներին, որ ամեն ինչ անեն, բայց գիտնականի տանը անպայման լույս հասցնեն:
Հաջորդ օրը աշխատանքից տուն է հասել ու տեսել է, որ աստղաֆիզիկոսի տանը լույս է վառվում, սակայն ուրախությունը կարճ է տեւել: Չնայած ուշ ժամին, գիտնականն անհամբեր սպասել է Շիրխանյանին, որ հայտնի իր դժգոհությունը: Վահան Շիրխանյանը պատմեց, որ տուն չհասած՝ աղջիկը մոտեցել է ու ասել, որ հայրն ուզում է իրեն տեսնել: Մոտեցել է՝ Վիկտոր Համբարձումյանը շատ բարկացած հորդորել է անհապաղ լույսն անջատել ու այնպես կոպիտ ու վճռական է ասել, որ այլընտրանք չի թողել: ՊՆ փոխնախարարն ասել է՝ այսօր, եթե կա մեկը Հայաստանում, որ լույս ունենալու իրավունք ունի, դա Դուք եք:
Վիկտոր Համբարձումյանը պատասխանել է՝ եթե իմ ժողովուրդը մթության մեջ է, ես չեմ կարող ու չպետք է լույս ունենամ, ինչպես մյուսները, այնպես էլ՝ ես:
Կարդացեք նաև
Հիմա մեր ժամանակներում «հայտնի» կամ իշխանություններին ինչ-որ ծառայություն մատուցած մարդկանց ոչ թե լույս, այլ բնակարան կամ «Բենթլիներ» են տալիս ու դժվար թե լինեն դեպքեր, որ նրանցից մեկն ասի՝ ոնց ժողովուրդը, այդպես էլ ես, անհապաղ հետ վերցրեք ձեր տված բնակարանը, մեքենան եւ թանկարժեք մյուս նվերները:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ
Հանչարեղ գիտնականը <> ընկալել նոր օրերի շունչը: