Մինչեւ տարեվերջ Չորաթանում աշխատողների թիվը կհասնի 250-ի
Բերդի տարածաշրջանի սահմանամերձ Չորաթան գյուղում «Տավուշտեքստիլ» ընկերության ձեռնոցի արտադրամասում այժմ աշխատում է 50 հոգի: Տավուշի մարզպետ Հովիկ Աբովյանը սեպտեմբերի 23-ին Տավուշի մարզխորհրդի նիստում հայտարարեց, որ մինչեւ տարեվերջ նախկին անասնաֆերմայի շենքի վերակառուցման արդյունքում Չորաթանում կգործարկվի ձեռնոցի 2-րդ արտադրամասը , աշխատողների թիվը կհասնի 250-ի: «Տավուշտեքստիլի» հիմնադիր ղեկավար Սուրեն Երիցյանի ջանքերով 2016թ. գարնանը սահմանամերձ Արծվաբերդում եւս կգործի ձեռնոցի արտադրամաս, այնտեղ կստեղծվի 250 աշխատատեղ:
Մարզպետի խոսքերով՝ նախատեսվում է ձեռնոցի արտադրություն կազմակերպել նաեւ Բերդի տարածաշրջանի սահմանամերձ գյուղերի բնակիչների տներում. բնակիչները իրենց տներում կկատարեն գործի մեծ մասը: Հովիկ Աբովյանը հայտնեց, որ Բերդ քաղաքը ավելացվել է սահմանամերձ,արտոնություններ ունեցող բնակավայրերին, սակայն Բերդում հարկային արտոնություններ կտրվեն միայն արտադրություն կազմակերպելու համար:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ