Բրազիլիայում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը Բրազիլիայի Դաշնային Հանրապետության նախկին նախագահ Ֆերնանդո Հենրիկե Կարդոզոյին հանձնեց ՀՀ Ազգային Ժողովի «Պատվո մեդալը»՝ Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում ցուցաբերած մեծ աջակցության և հայամետ դիրքորոշման համար:
Ֆերնանդո Հենրիկե Կարդոզոյին շնորհակալություն հայտնեց ՀՀ դեսպանին բարձր գնահատականի համար և 2016 թվականին Հայաստան այցելելու պատրաստակամություն հայտնեց:
Երեկոյան տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման տարածաշրջանային հանձնախմբի ընդլայնված նիստը, որի ընթացքում ամփոփվեցին կատարված աշխատանքների արդյունքները: ՀՀ դեսպանը մանրամասնորեն ներկայացրեց նախատեսված ծրագրերի կատարման և առաջադրված նպատակների իրագործման ընթացքը: Առանձնակի կարևորվեց Բրազիլիայի Դաշնային Սենատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման փաստը, Սան Պաուլո և Ռիո դե Ժանեյրո Նահանգներում, ինչպես նաև Ֆրանկո դա Ռոշա քաղաքում Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված օր հռչակելու վերաբերյալ օրենքների ընդունումը:
Նիստի ընթացքում պարգևներ հանձնվեցին «The negation of Armenian Genocide is the violation of the fundamental human rights» խորագիրը կրող մրցույթի հաղթողներին: Առաջին տեղը զբաղեցրած Սան Պաուլոյի Մակենզի համալսարանի ուսանողուհի Ամանդա Բարսումյանը խրախուսվեց 2016թ.-ին տարածաշրջանային հանձնախմբի հովանավորությամբ Հայաստան այցելելու հավաստագրով: Մեծ գնահատանքի և խրախուսանքի արժանացավ նաև համայնքի վաստակաշատ գործիչներից մեկը` Օշին Մոսդիչյանը, որին ՀՀ դեսպանը հանձնեց ՀՀ Սփյուռքի նախարարության «Ոսկե մեդալը»:
Կարդացեք նաև
Նույն օրը տեղի ունեցավ ՀՀ Անկախության 24-րդ տարեդարձին նվիրված պաշտոնական ընդունելությունը, որին մասնակցեցին հայ համայնքային կազմակերպությունների և եկեղեցիների ղեկավարներն ու անդամները, դիվանագիտական կորպուսի և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները:
ՀՀ ԱԳՆ