Ինչպես արդեն տեղեկացրել ենք, փաստաբանների 52 հոգանոց խումբն ավարտել է սահմանադրական փոփոխությունների նախագծի ուսումնասիրությունները եւ այսօր ներկայացրել իրենց մասնագիտական կարծիքը: Ըստ այդմ` նրանք կոչ են անում «ոչ» ասել սահմանադրական փոփոխություններին:
Փաստաբաններն ունեն մի շարք մտահոգություններ կապված մի շարք դրույթների հետ. օրինակ` անձի կրկին դատվելու առումով: Ըստ մասնագետների` նոր սահմանադրությամբ անձի՝ նույն արարքի համար կարող է նրա նկատմամբ քրեական գործ հարուցվել, թեեւ դատարանով արդարացվել է:
Կամ գործող Սահմանադրության համաձայն` անձն իրավունք ուներ իր ամուսնու, մերձավորի նկատմամբ ցուցմունք չտալ, իսկ հիմա առաջարկվում է մի ձեւակերպում, որ անձը պետք է լինի ողջամիտ ու ենթադրի, որ իր տված ցուցմունքը կարող է օգտագործվել իր կամ իր մերձավորի նկատմամբ, այստեղ կա հետընթաց, ինչպես կարող է անձը ողջամիտ ենթադրել, եթե օրինակ նա տեղյակ չէ՝ ինչ ցուցմունք է տվել օրինակ ամուսինը, իրարից անկախ տարբեր ցուցմունքներ են տալիս: Ըստ փաստաբանների` սա օգտագործվելու է անձանց դեմ:
Aravot.am-ը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, «Հայաստանի Հանրապետության իրավաբանների ասոցիացիա» հասարակական կազմակերպության նախագահ Գագիկ Ղազինյանից հետաքրքրվեց՝ արդյոք արդարացվա՞ծ են բոլոր այս մտահոգությունները:
Կարդացեք նաև
Պարոն Ղազինյանը պատասխանեց. «Հայտարարություններով հանդես գալու փոխարեն ավելի լավ էր ընդդիմախոսների հետ քննարկման մեջ մտնել նրանց ներկայությամբ: Իրենք ունեն նաև կառույց, և հանձնաժողով էր ստեղծվել, որը առանձին նիստով մի քանի ժամ շարունակ քննարկում իրականացրեց և կարծիք ներկայացրեց»:
Պարոն Ղազինյանը՝ ճիշտ չի համարում փաստաբանների՝ նման կերպ հանդես գալը, քանի որ մասնագետները մտահոգություններ են քննարկում մասնագետների հետ: Գագիկ Ղազինյանը կարծում է, որ ճիշտ կլիներ՝ փաստաբանները իրենց մտահոգությունները ներառեին փաստաբանների պալատի եզրակացության մեջ, որը կքննարկվեր հանձնաժողովի կողմից»:
Փաստաբանները մտահոգություն են հայտնում, որ «ի տարբերություն գործող Սահմանադրության, որի համաձայն` անձն իրավունք ուներ իր ամուսնու, մերձավորի նկատմամբ ցուցմունք չտալ, նոր սահմանադրությունը հիմա առաջարկվում է մի ձեւակերպում, որ անձը պետք է լինի ողջամիտ ու ենթադրի, որ իր տված ցուցմունքը կարող է օգտագործվել իր կամ իր մերձավորի նկատմամբ»: Գագիկ Ղազինյանի կարծիքով՝ ներկայիս ձևակերպումն ավելի լոյալ է:
Նա պարզաբանեց. «Փաստաբանների դիտարկումներին ըմբռնումով եմ մոտենում: Իհարկե, դա ձեռնտու է. հարցը տալիս են, ասում է դա իմ վերաբերյալ է, չեմ պատասխանում, բայց արդյոք դա նորմա՞լ է: Խոսքը վերաբերում է նրան, որ Ձեզ չստիպեն Ձեր դեմ ցուցմունք տալ: Այստեղ հանրային ու մասնավոր շահերի խնդիր կա: Չի կարելի մասնավորը հարյուր անգամ վեր դասել հանրայինից: Բա ո՞ւր մնաց հանրային շահը, որը պահանջում է այդ մարդկանցից հանցագործություն բացահայտել, որը հանրության դեմ է: Այնպես որ նման հայտարարություն անելը առանց հակառակ փաստարկները լսելու ճիշտ չէ»:
Նշենք, որ նոր սահմանադրության վերաբերյալ հանդես էր եկել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը՝ նշելով, որ այն գերազանցեց իր վատագույն սպասումները: Գագիկ Ղազինյանը չցանկացավ մեկնաբանություններ տալ այս մասին՝ պատճառաբանելով, թե ինքը ընդհանրապես քաղաքական գործիչների դիտարկումները չի մեկնաբանում, առավել ևս նախկինների:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ