Կոմիտասի թանգարան- ինստիտուտում այսօր ընթերցողների դատին հանձնվեց Ղազար Միրզոյանի և Անահիտ Մխիթարյանի հեղինակած «Կոմիտաս» պատկերագիրքը, որի առաջին մասում տեղ են գտել Կոմիտասին նվիրված ցուցահանդեսում ներկայացված՝ դասական եւ ժամանակակից նկարիչների ստեղծագործությունները: Երկրորդ մասում ընթերցողը կգնի Կոմիտասի կենսագրությունը՝ 1869 թ. սեպտեմբերի 26-ից մինչև 1914 թ.-ը:
Aravot.am-ի հետ զրույցում Աշխարհի հայ նկարիչների միության նախագահ, պատկերագրքի խմբագիր Ղազար Միրզոյանն ասաց, որ գիրքն առանձնանում է նախկինում չկիրառված տպագրական հնարքներով. «Կազմն աչքի է ընկնում էֆեկտներով, էջաբաժանումը եւս հետաքրքիր ձեւերով է արվել: Այդ կերպ թե ընթերցողի եւ թե ուսումնասիրողի համար գիրքը հաճելի եւ հետաքրքիր է դարձել»:
Կարդացեք նաև
Նկարիչը նշեց, որ պատկերագրքում ամփոփված են Կոմիտասին վերաբերող բացառիկ՝ մինչ այդ չհրատարակված նյութեր, այդ թվում՝ լուսանկարներ, գեղանկարներ. «Միայն 10 էջ նվիրված է Կոմիտասի մասին գրականությանը: Կան նաեւ գիտական աշխատություններ, հոդվածներ, հուշագրություններ, գեղարվեստական երկեր»,-հավելեց Միրզոյանը:
Պատկերագրքի ստեղծման համար Երեւանի քաղաքապետարանը տրամադրել է տարբեր արխիվներում եւ թանգարաններում պահվող Կոմիտասին առնչվող որոշ նյութեր. «Կոմիտասի մասին բազմաթիվ նյութեր Հայաստանում չեն պահվում, սակայն այս գիրքը հարուստ է հատկապես տարեգրությամբ եւ գեղանկարների ալբոմով: Նյութեր կան նաեւ Մայր Աթոռի Վեհարանից եւ Մխիթարյան միաբանությունից»,-մեզ հետ զրույցում ասաց փոխքաղաքապետ Արամ Սուքիասյանը:
Հավելենք, որ պատկերագրքի շնորհանդեսի ժամանակ առաջին անգամ հնչեց մեծանուն հայի բանաստեղծություններից մեկի հիման վրա գրված երգը։
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ