Լրահոս
Օրվա լրահոսը

Հովիկ Աբրահամյան. «Համոզված եմ, որ կորուստները հասնելու են նվազագույնի»

Հոկտեմբեր 07,2015 19:15

Վարչապետը`ՀԷՑ-երի վաճառքի մասին

«Մենք խնդրել ենք «Տաշիր գրուպի» ղեկավար, մեր հայրենակից Սամվել Կարապետյանին եւ ես վստահ եմ, որ այդ ընկերությունը շատ կարճ ժամկետում լինելու է առողջ եւ լավ ընկերություն: Համոզված եմ, որ կորուստները հասնելու են նվազագույնի, վերանայվելու է բոլոր ոչ ճիշտ ֆինանսական, ինչպես դուք ասում եք`թալան եւ այլն, եթե եղել են այդպիսիք»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց վարչապետ Հովիկ Աբրահամյանը`անդրադառնալով ՀԷՑ-երի վաճառքի գործընթացին: Լրագրողները հետաքրքրվել էին`մտավախություններ չկա՞ն, որ ՀԷՑ-երի վաճառքը կարժանանա «Նաիրիտի» ճակատագրին:

Հովիկ Աբրահամյանը դրական է գնահատում Սամվել Կարապետյանի քայլը`մինչեւ եկող տարվա օգոստոսի 1-ը կառավարության հետ 50-50 սկզբունքով սուբսիդավորել էլեկտրաէներգիայի թանկացած գնի մասը: Խոսքը 604 հազար ընտանիքների մասին է: Ընդհանրապես, կա 766 հազար ընտանիք բաժանորդ: «Ես կարծում եմ, դա մեծ քայլ էր: Մոտավորապես 7-8 միլիարդ դրամ փող կլինի, տարվա կտրվածքով որ կվճարենք»,- ասաց վարչապետը`հավելելով, որ այդ կերպ սոցիալական որոշ խնդիրներ կմեղմվեն:

«Գործարքը համարում եմ շատ ճիշտ ժամանակին: Համոզված եմ, որպես սեփականատեր, ինքն ունի այդ ոլորտում փորձ, ամեն ինչ կանի, որ դառնա թափանցիկ, հասանելի մեր հանրության համար ընկերություն, աշխատի արդյունավետ եւ շահավետ»,- մանրամասնեց վարչապետը:

Դիտարկումը, որ նախկին վարչապետներ Վազգեն Մանուկյանը, Հրանտ Բագրատյանը կարծիքներ են հայտնում, որ կարելի էր էլեկտրաէներգիան չթանկացնել, մինչդեռ Հովիկ Աբրահամյանը շարունակում է պնդել, որ թանկացումը հիմնավոր էր, մնաց անպատասխան:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031