33 տարի անց սիրված երգչուհի, հայ երգարվեստի նշանավոր դեմքերից մեկը՝ Էռնա Յուզբաշյանը, կրկին Գյումրիում է: Քիչ հետո Գյումրու Վարդան Աճեմյանի անվան դրամատիկական թատրոնում տեղի կունենա նրա համերգը, որը կազմակերպել է Գյումրիի «Ջազ» ակումբի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանը: Մինչ համերգի սկսվելը երգչուհին հենց «Ջազ» ակումբում շփվեց լրագրողներին հետ՝ անկեղծանալով նրանց հետ:
Երգչուհին ասաց, որ 33 տարի առաջ էր եղել իր սիրած քաղաքում ՝ Գյումրիում, սակայն, ըստ նրա, այսօր կարծես անծանոթ քաղաք էր մտնում: Նա վերհիշեց երկրաշարժյան դաժան օրերը, երբ ինքն անձամբ գնում էր օդակայան, որպեսզի երկրաշարժից տուժած մարդկանց համար տարբեր երկրներից ուղարկված օգնությունը ստանար ու տեղ հասցներ: Երգչուհին նաեւ ցավով արձանագրեց, որ երբեմն Գյումրիին ուղարկված օգնությունը վաճառվում էր մայրաքաղաքում:
Կարդացեք նաև
Զգալով, որ շատ տխուր հիշողությամբ սկսվեց ասուլիսը, Էռնա Յուզբաշյանը խնդրեց փոխել թեման: Նա ասաց, որ ինքը շատ է սիրում հայրենիքը, լավ է զգում այստեղ, սակայն այս ընթացքում համոզվեց, որ որքան էլ շատ սիրի Երեւանը, մեծ քաղաքի մարդ չէ, լավ է զգում շրջաններում: Aravot.am-ը երգչուհուց հետաքրքրվեց, թե չի՞ պատրաստվում արդյոք ԱՄՆ-ից տեղափոխվել հայրենիք բնակության: «Դժվար հարց է, չեմ ուզում սուտ ասել, սրտիս խորքում մտածում եմ դրա մասին, բայց քանի որ մենակ ես չեմ որոշողը, ունեմ դուստր 18 տարեկան, որը ծնվեց Ամերիկայում, եթե ժամանակին, մի 10-12 տարի առաջ ես կարող էի որոշեի իր փոխարեն, թեեւ գտնում եմ, որ նման իրավունք չունեմ, հիմա դա անհնարին է, որովհետեւ ինքն իրեն համարում է ամերիկացի: Չնայած հայերեն, ռուսերեն խոսում ենք տանը, ինքը եղել է Հայաստանում 2-3 անգամ, սիրում է Հայաստանը, բաց ցավոք սրտի, ինքը ամերիկացի է: Երեւի չգամ, հենց պատճառը ինքն է, որ չկարողանանք գալ մշտական բնակության»:
Թե ի՞նչ փոփոխություններ են եղել երգչուհու երգացանկում, նա ասաց, որ լավ երգի պահանջ ունեն բոլոր արտիստները, իսկ իր համար անչափ կարեւոր են նաեւ խոսքերը: «Երգը ոչ միայն պիտի լսել, այլ էմոցիա պիտի տա քեզ, բացի երաժշտությունից, խոսքը շատ կարեւոր է: Ունեմ նոր ծրագրեր, դրանք անպայման իրականացնելու եմ Լոս Անջելես վերադառնալուց հետո: Կլինեն նոր երգեր անպայման»:
Նա ասաց, որ իր երգացանկից ամենասիրած երգը Խաչատուր Ավետիսյանի հեղինակած «Սիրո գիշերն է», բայց իհարկե, Ռոբերտ Ամիրխանյանի իր համար գրած երգերը եւս երգչուհու այցեքարտն են:
Aravot.am-ը երգչուհուն խնդրեց մի փոքր ներկայացնել իր ստեղծագործական կյանքն Ամերիկայում՝ հետաքրքրվելով, ի՞նչ ազգի ներկայացուցիչներից է բաղկացած իր հանդիսատեսը, որտե՞ղ է ստեղծագործում ու մատուցում իր արվեստը: «Լիքը ռուսներ կան, որոնք 80-ական թվականներին որպես էմիգրանտ տեղափոխվել են ԱՄՆ, հրեաներ, վրացիներ, որոնք հիշում են այն մրցույթները, որոնց ես մասնակցել եմ: Ես ապրում եմ բոլոր այն մարդկանց նման, որոնք կապ ունեն երաժշտության հետ եւ որոնք իրենց գումարը վաստակում են երգով, կլինի դա հարսանիք, կլինի կնունք, կլինի համերգ, դա է իմ հացը, իմ ձայնը, իմ երգն է իմ հացը: Ես համարում եմ, որ դա երջանկություն է, հավատացեք, երբ որ ես առաջին տարին գալով ԱՄՆ՝ աշխատել եմ Գլենդելի ամենամեծ «Արբատ» ռեստորանում, ավելի շատ նման էր կրեմլյան պալատի բեմին՝ մասշտաբով:
Մեզ մոտ աման լվացող է եղել, որը Խարկովի համալսարանի պրոֆեսոր էր, ինքը աման էր լվանում, դե հիմա ինչ ասեմ: Լա՞վ չէ, որ ես իմ մասնագիտությամբ եմ զբաղվել: Ես երգել եմ, ոչ թե աման եմ լվացել, դասավանդել եմ, ես ունեցել աշակերտներ, բայց երկար չտեւեց, որովհետեւ ես էությամբ դասատու չեմ: Չնայած իմ կողքին հրաշալի մարդիկ կան, օրինակ՝ երգչուհի Արմինկան, նա սովորել է իմ մոտ էստրադային, ջազային քոլեջում, նա 17 տարեկան էր, որ եկավ մեր քոլեջ, շատ սիրուն, շատ տաղանդավոր աղջիկ է:
Գիտեք, ես այնքանով եմ երջանիկ, որ համոզվեցի, մինչ այդ մի քիչ ցինիկ էի մոտենում, կան մարդիկ, որոնք ի սրտե ինձ սիրում եմ, ոչ մի բան չսպասելով ինձանից: Դա շատ կարեւոր է, երբ որ դու շրջապատված ես քո ընկերներով, մտերիմ, քեզ հասկացող մարդկանցով: Էսօր Նյու Յորքից իմ շատ մոտ ընկեր Վլադիմիր Ստեփանյանցը, որին կհիշեք «Գոլոս»-ից, եկել է հատուկ իմ կողքը լինելու համար»:
Aravot.am-ը երգչուհուն հարցրեց, թե ի՞նչը իրեն դուր չի գալիս հայրենիքում, մի առիթով նա ասել էր, որ հետեւում է Հայաստանում կատարվող իրադարձություններին ու ամեն ինչ չէ, որ իրեն դուր է գալիս: «Ես քաղաքականությունից հեռու մարդ եմ, ես ասում եմ, ինչ-որ տեսնում եմ, ինձ դուր չի գալիս, որ ժողովուրդը վատ է ապրում, շատ բաներ կան, որոնք,մի խոսքով, դուրս չեն գալիս, բայց ինչքանով իրավունք ունեմ ես խոսել դրա մասին՝ ապրելով կուշտ, տաք երկրում, ինձ թվում է դա անբարոյականություն կլինի իմ կողմից: Ես չեմ փնովի, միայն կասեմ, որ ես ուզում եմ իմ ժողովուրդը լավ ապրի, կուշտ ապրի: Չէի ուզի, որ Գյումրիում լիներ 3 հատ մանկատուն, գիշերօթիկ, մարդիկ երջանիկ թող լինեն, այդքան բան»:
Նա ասաց, որ իրեն մի քիչ վախեցրել են, ասել են, որ գյումրեցի հանդիսատեսը ժլատ է ծափահարությունների հարցում: «Բայց ոչինչ, ես կնվիրեմ իր սիրտը, իմ հոգին, կուզենայի, իհարկե, որ իրենք հիշեն հետո այդ երեկոն, կուզենայի, որ մի քիչ ջերմությունը մնար նրանց մոտ»,- ասաց երգչուհին:
Գյումրու«Ջազ» ակումբի հիմնադիր Մկրտիչ Մանուկյանն ասաց. «Գյումրեցի հանդիսատեսը չի ծափահարում անորակ երաժշտությանը, իսկ այսօր շռայլ կլինի»:
Ի դեպ, այսօր երգչուհու հետ կլինի Ռոբերտ Ամիրխանյանը, որն առաջին անգամ նրան ուղեկցել էր Գյումրի:
Երգչուհին անդրադարձավ նաեւ իրեն վաստակավոր արտիստի կոչումը շնորհելուն, ասելով, որ դա Գլենդելում իրեն ոչինչ տա, անդրադարձավ նաեւ Արմենչիկին վաստակավոր արտիստի կոչում տալուն՝ խնդրելով փակել այդ թեման: Այս մասին քիչ անց:
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Եռնան ազնվօրեն ասաց,վօր իր հանդիսատեսը չունի։ Իր նման,իրենից 100-ապատիկ լավ երգօխնեռըն են աման լվանում,կամ ավտօմեքենա;