Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի կարող դրվել հանրաքվեի. ՀՔԱ Վանաձարի գրասենյակ

Հոկտեմբեր 07,2015 18:50

ՀՀ Ազգային Ժողովը  2015թ. հոկտեմբերի 5-ի որոշմամբ ընդունեց “ՀՀ Սահմանադրության փոփոխությունների նախագիծը հանրաքվեի դնելու վերաբերյալ համաձայնություն տալու մասին որոշումը:

«Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետի համաձայն. «Հանրաքվեի չեն կարող դրվել`

գ) մարդու և քաղաքացու իրավունքներին, ազատություններին ու պարտականություններին, դրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացմանը կամ սահմանափակմանը վերաբերող, ինչպես նաև Սահմանադրությամբ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների բացառիկ իրավասությանն ուղղակիորեն վերապահված հարցերը»:

Սահմանադրության փոփոխությունների նախագիծը, գործող ՀՀ Սահմանադրության համեմատ, պարունակում է մարդու և քաղաքացու իրավունքները և ազատությունները սահմանափակող դրույթներ, ինչպես նաև ՀՀ գործող նախագահի լիազորությունների ժամկետի փոփոխություն:

ՀՀ Ազգային Ժողովի որոշմամբ հավանության արժանացած Սահմանադրության փոփոխությունների նախագծում առկա են մարդու և քաղաքացու իրավունքների և ազատությունների հետևյալ սահմանափակումները.

  1. ՀՀ Սահմանադրության 43-րդ հոդվածի համաձայն. «Սահմանադրության 23-25, 27, 28-30, 30.1-րդ հոդվածներով, 32-րդ հոդվածի երրորդ մասով ամրագրված մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է ժողովրդավարական հասարակությունում պետական անվտանգության, հասարակական կարգի պահպանման, հանցագործությունների կանխման, հանրության առողջության ու բարոյականության, այլոց սահմանադրական իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար»:

Սահմանադրության փոփոխությունների նախագծով մարդու իրավունքների և ազատությունների սահմանափակման վերաբերյալ հոդվածը 76-ի համաձայն. «Արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները, բացառությամբ Սահմանադրության 23-26-րդ, 28-30-րդ, 35-37-րդ հոդվածներում, 38-րդ հոդվածի 1-ին մասում, 41-րդ հոդվածի 1-ին մասում, 47-րդ հոդվածի 1-ին մասում, 5-րդ մասի 1-ին նախադասությունում և 8-րդ մասում, 52-րդ, 55-րդ հոդվածի 2-րդ մասում, 56-րդ, 61-րդ, 63-72-րդ հոդվածներում նշվածների, կարող են օրենքով սահմանված կարգով ժամանակավորապես կասեցվել կամ լրացուցիչ սահմանափակումների ենթարկվել միայն այնքանով, որքանով դա պահանջում է իրավիճակը` արտակարգ կամ ռազմական դրության ժամանակ պարտավորություններից շեղվելու վերաբերյալ ստանձնված միջազգային պարտավորությունների շրջանակներում:»

Գործող Սահմանադրության սույն դրույթի առանցքային հասկացություններից է հանդիսանում «ժողովրդավարական հասարակությունում» արտահայտությունը: Նախագծում իրավունքների սահմանափակումները սահմանող հոդվածներում բացակայում է «ժողովրդավարական հասարակությունում» անհրաժեշտության պայմանը, այսինքն` իրավունքների սահմանափակումը կարող է ունենալ կամայական բնույթ և չպայմանավորվել ժողովրդավարական հասարակությունում դրա անհրաժեշտությամբ:

  1. Գործող ՀՀ Սահմանադրության 35-րդ հոդվածի համաձայն. «….Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը իրենց կամքի ազատ արտահայտությամբ ունեն ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք: Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս նրանք օգտվում են հավասար իրավունքներից:….»

Սահմանադրության փոփոխությունների նախագծի 35-րդ հոդվածի համաձայն` «1. Ամուսնական տարիքի հասած կինը և տղամարդը միմյանց հետ իրենց կամքի ազատ արտահայտությամբ ամուսնանալու ու ընտանիք կազմելու իրավունք ունեն: Ամուսնության տարիքը, ամուսնության և ամուսնալուծության կարգը սահմանվում են օրենքով: 2. Ամուսնանալիս, ամուսնության ընթացքում, ամուսնալուծվելիս կինը և տղամարդը ունեն հավասար իրավունքներ: 3. Ամուսնանալու ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` առողջության և բարոյականության պաշտպանության նպատակով»:

Այսինքն, Սահմանադրական փոփոխություններով նախատեսվում է, որ ամուսնության ազատությունը կարող է սահմանափակվել օրենքով և որպես սահմանափակման հիմք կարող է հանդիսանալ առողջության և բարոյականության պաշտպանության նպատակը: Նմանատիպ որևէ սահմանափակում առկա չէ գործող Սահմանադրությունում: 

  1. Սահմանադրության փոփոխություններով ներմուծված է նոր 3-րդ գլուխ. «Տնտեսական, սոցիալական և մշակութային ոլորտներում օրենսդրական երաշխիքները և պետության քաղաքականության հիմնական նպատակները»: Այս գլխով սահմանված երաշխիքները անորոշ են, քանի որ հոդվածներում այս իրավունքները չեն ճանաչվում որպես սահմանադրական նորմ, այլ նախատեսվում է նրանց սահմանումը օրենքով կամ օրենքին համապատասխան, որը կարող է կրել կամայական բնույթ և դժվար կլինի գնահատել դրանց համապատասխանությունը Սահմանադրական նորմերին՝ վերջիններիս բացակայության պայմաններում:

 

  1. Գործող ՀՀ Սահմանադրության 32-րդ հոդվածի համաձայն` «Յուրաքանչյուր ոք ունի աշխատանքի ընտրության ազատություն:Յուրաքանչյուր աշխատող ունի արդարացի և օրենքով սահմանված նվազագույնից ոչ ցածր աշխատավարձի, ինչպես նաև անվտանգության ու հիգիենայի պահանջները բավարարող աշխատանքային պայմանների իրավունք:….»

Սահմանադրության փոփոխությունների նախագծի 82-րդ հոդվածի համաձայն. «Յուրաքանչյուր աշխատող, օրենքին համապատասխան, ունի առողջ, անվտանգ և արժանապատիվ աշխատանքային պայմանների, առավելագույն աշխատաժամանակի սահմանափակման, ամենօրյա և շաբաթական հանգստի, ինչպես նաև ամենամյա վճարովի արձակուրդի իրավունք»:

Այսինքն, Սահմանադրական փոփոխություններով այլևս չի ճանաչվում աշխատանքի իրավունքը որպես սահմանադրական նորմ, քանի որ այն պետք է սահմանվի օրենքով:

  1. Գործող ՀՀ Սահմանադրության 38-րդ հոդվածի համաձայն. «…Յուրաքանչյուր ոք ունի անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու իրավունք: Դրանց ցանկը և մատուցման կարգը սահմանվում են օրենքով»:

Սահմանադրության փոփոխությունների նախագծի 85-րդ հոդվածի համաձայն. «1. Յուրաքանչյուր ոք, օրենքին համապատասխան, ունի առողջության պահպանման իրավունք: 2. Օրենքը սահմանում է անվճար հիմնական բժշկական ծառայությունների ցանկը և մատուցման կարգը»:

Այսինքն, Սահմանադրական փոփոխություններով այլևս չի ճանաչվում անվճար հիմնական բժշկական ծառայություններ ստանալու սահմանադրական իրավունքը, այլ այն պետք է սահմանվի օրենքով, որը կարող է կրել կամայական ձևակերպում՝ սահմանափակելով այդ իրավունքի իրականացումը:

  1. Գործող ՀՀ Սահմանադրության 101-րդ հոդվածի 6-րդ կետի համաձայն. ՀՀ Սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք` կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված օրենքի դրույթի սահմանադրականությունը:»

Սահմանադրության փոփոխությունների նախագծի 169-րդ հոդվածի 1-ին մասի 8-րդ կետի համաձայն ՀՀ Սահմանադրական դատարան կարող է դիմել «յուրաքանչյուր ոք՝ կոնկրետ գործով, երբ առկա է դատարանի վերջնական ակտը, սպառվել են դատական պաշտպանության բոլոր միջոցները և վիճարկում է այդ ակտով իր նկատմամբ կիրառված նորմատիվ իրավական ակտի դրույթի սահմանադրականությունը, ինչը հանգեցրել է Սահմանադրության 2-րդ գլխում ամրագրված իր հիմնական իրավունքների և ազատությունների խախտման՝ հաշվի առնելով նաև համապատասխան դրույթին իրավակիրառ պրակտիկայում տրված մեկնաբանությունը:»

Այսինքն` Սահմանադրական  փոփոխություններով սահմանափակվում է տնտեսական, սոցիալական և մշակութային իրավունքների պաշտպանության նպատակով ՀՀ Սահմանադրական դատարան դիմելու իրավունքը:

Այսպիսով` Սահմանադրական փոփոխությունների նախագիծը, որը ՀՀ Ազգային Ժողովի որոշմամբ ստացել է հանրաքվեի դրվելու հավանություն, պարունակում է մարդու և քաղաքացու որոշ իրավունքների, ազատությունների սահմանափակում և նրանց իրականացումն ապահովող սահմանադրական երաշխիքների վերացում և ըստ այդմ համաձայն «Հանրաքվեի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 2-րդ մասի «գ» ենթակետի չի կարող դրվել հանրաքվեի:

Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031