«1994-ի զինադադարի պայմանագրից հետո գոյություն ունեցող ստատուս քվոն Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի հանրապետությունների ներկայացուցիչների կողմից փաստացի արդեն երկար ժամանակ է խախտվում: Դրա վառ ապացույցն են շուրջ 2 շաբաթ առաջ տեղի ունեցած իրադարձությունները, երբ Ադրբեջանի խոշոր տրամաչափի զինտեխնիկայից զոհվեցին խաղաղ բնակիչներ, կանայք: Ներկայումս քաղաքական օրակարգում է գտնվում ԵՏՄ-ի կողմից Ադրբեջանին ընդունելու իր կազմ: Ցանկանում եմ պարզել՝ ե՞րբ է գալու այդ պահը ճանաչելու Արցախի հանրապետությունը եւ ի՞նչ սցենարներ է մշակում ՀՀ կառավարությունը, երբ արդեն այդ գործընթացը սկսվի եւ Ադրբեջանը արդեն փաստացի սկսի անդամակցել ԵՏՄ-ին, որո՞նք են ձեր ծրագրերը»,- այսօր ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանն այսպիսի հարց ուղղեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանին:
Նախարարը Ղարաբաղի ճանաչման վերաբերյալ պատասխանեց. «Եթե բանակցություններն այլեւս չշարունակվեն, եթե խոսքը գնա իսկապես պատերազմական գործողությունների մասին, այդ ժամանակ Հայաստանը, իհարկե, կձեռնարկի համապատասխան քայլեր, կճանաչի եւ որպես երաշխիք ԼՂՀ-ի անվտանգության, կկատարի համապատասխան քայլեր»:
Զարուհի Փոստանջյանը հարցրեց՝ պատերազմական գործողություններ ասելով՝ ի՞նչ նկատի ունեք, երբ ռմբակոծվում են մեր գյուղերը, երբ խաղաղ բնակիչներն են զոհվում. «Դա ի՞նչ է, պատերազմական գործողություն չէ՞: Օրինակ, պետք է ռմբակոծվի Ազգային ժողո՞վը, որ դա դիտեք պատերազմական գործողություն»:
Էդվարդ Նալբանդյանն էլ դիտողություն արեց պատգամավորին, որ խառնում է. «Հրադադարն է խախտվում, ոչ թե ստատուս քվոն: Հրադադարը առաջին անգամ չի խախտվում, շարունակաբար է խախտվում: Վերջին շրջանում ավելի սաստիկ ձեւով է խախտվում եւ եռանախագահները արդեն ուղղորդված հայտարարություններ են անում եւ ասում են, թե ով է հրադադարի խախտման պատճառը: Գտնում են, որ անպայման պետք է ստեղծվի հրադադարի խախտման դեպքերի հետաքննության մեխանիզմ: Հայաստանը համաձայնում է այդ մեխանիզմի ստեղծմանը, Ադրբեջանը հրաժարվում է եւ դրանով ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա»:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է Ադրբեջանի՝ ԵՏՄ-ին անդամակցությանը՝ նա ասաց. «Դուք ենթադրյալ ինչ-որ բաների մասին եք խոսում, ԵՏՄ-ում այդպիսի հարց չի քննարկվում: Հայաստանը ԵՏՄ անդամ է, ունի իր կարծիքի իրավունքը եւ այդպիսի որոշումները պետք է ընդունվեն կոնսենսուսով»:
Զարուհի Փոստանջյանի խոսքերով՝ մենք պետք է ունենանք սցենարներ, որովհետեւ այդ հարցն այս պահին շրջանառվում է միջազգային քաղաքական շրջանակներում: Նա ասաց, որ շրջանառվում է նաեւ խաղաղապահ զորքերի մուտքը մեր տարածք. «Ես չեմ հավատում, որ մեր պետության ներկայացուցիչը կարող է այնտեղ մեր պետության շահը պաշտպանել»:
Նախարարը պատասխանեց. «Հավատում եք, թե չեք հավատում՝ ձեր խնդիրն է»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ