Լրահոս
Օրվա լրահոսը

Բերձորում նշվեց Գրադարանավարի օրը

Հոկտեմբեր 07,2015 18:25

Բերձորի Վահան Թեքեյանի անվ. թիվ 1 միջնակարգ դպրոցի դահլիճում հոկտեմբերի 7-ին նշվեց Գրադարանավարի օրը: Շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի (վարիչ՝ Հ. Ավանեսյան) նախաձեռնությամբ և ԼՂՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախարարության աջակցությամբ կայացավ տոնական միջոցառում: ՄԵ բաժնի աշխատակից Հասմիկ Կարապետյանը, ողջունեց ներկաներին և շնորհավորեց տոնի առթիվ: Այստեղ էին մեկտեղվել հանրապետության բոլոր շրջանների քաղաքային գրադարանների տնօրեններ, աշխատակիցներ, որոնց մասնագիտական տոնն իր խաղով շնորհավորեց Շուշիի Մկրտիչ Խանդամիրյանի անվ. պետ. Թատրոնը (գեղ. Ղեկավար՝ Լ. հարությունյան)՝ ներկայացնելով Անտոն Չեխովի <<Առաջարկություն>> կատակերգությունը:

Ներկաները, այդ թվում նաև բարձր դասարանների աշակերտներ, շրջվարչակազմի աշխատակիցներ, ուսուցիչներ, մեծ ոգևորությամբ դիտեցին դերասանների խաղը: Տոնի առթիվ գրադարանավարներին ողջունեց շրջվարչակազմի ղեկավարի տեղակալ Արտուշ Մխիթարյանը՝ նշելով, որ նրանք կատարում են շատ հաճելի և օգտակար աշխատանք: Շրջվարչակազմի աշխատակազմի ղեկավար Դավիթ Դավթյանն ընթերցեց ԼՂՀ վարչապետի որոշումը, համաձայն որի՝ Բերձորի քաղաքային գրադարանի տնօրեն Սոնա Հովեյանը և աշխատակից Անուշ Եսայանը պարգևատրվեցին վարչապետի հուշամեդալով:

Պարգևները հանձնեց Ա. Մխիթարյանը: Միջոցառմանը ներկա էին նաև ԼՂՀ ՄԵ նախարարության աշխատակիցները՝ Մշակութային ժառանգության և արվեստների բաժնի պետ Երազիկ Դանիելյանը, գլխ. Մասնագետ Վաղիկ Հարությունյանը, առաջատար մասնագետ Արինա Ավետիսյանը և Արցախի բարբառի և ազգագրության ուսումնասիրման կենտրոնի գիտաշխատող Մանուշ Առուշանյանը: Ե. Դանիելյանը նշեց, որ մեծ սիրով են աջակցել նախաձեռնությանը և շրջանների գրադարանների համար բերել են գրքեր: Գրադարանները հուշանվերներ ստացան նաև կազմակերպիչների կողմից:

Ներկայացումից հետո զրուցեցի շրջանների գրադարանների աշխատակիցների հետ: Քարվաճառի ներկայացուցիչը տեղեկացրեց, որ իրենց գրադարանն ունի 7-8 տարվա պատմություն, 5000-ի հասնող գրքեր, 162 ընթերցող; Սակայն կա գրադարակների և արտասահմանյան գեղարվեստական գրականության պակաս: Հադրութի քաղաքային գրադարանի տնօրեն Վարսիկ Ամիրջանյանը, ով գոհ էր ներկայացումից, ասաց՝ իրենց գրադարանը հիմնվել է 1932 թվականին, այժմ ունի 37000-ից ավելի գիրք, 500 ընթերցող, ովքեր հիմնականում դպրոցականներ են, ուսուցիչներ, ուսանողներ, նաև թոշակառուներ: Մարտակերտի գրադարանի տնօրեն Իրա Բաբայանը նշեց, որ սպասարկում են նաև հարևան բնակավայրերի ընթերցողներին, որոնց թիվը հասնում է 750-ի:

Շուշիի կենտրոնական գրադարանի տնօրեն Ժասմին Գաբրիելյանը տեղեկացրեց, որ ունեն շենքային ու գույքային լավ պայմաններ, ընթերցասրահ, 5 աշխատող: 20000-ի հասնող գրքերի հիմնական ընթերցողներն(1200 հոգի) ուսանողներ ու աշակերտներ են: Ասաց՝ սպասարկում են նաև թոշակառուների, հիվանդների՝ գիրքը հասցնելով տներ: Ասկերանի քաղաքային գրադարանի տնօրեն Նունե Կարապետյանը նշեց, որ իրենց գրադարանը նույնպես տասնամյակ տարիների պատմություն ունի: Հիմնադրվել է 30-ական թվականներին: Այժմ տեղակայված է քաղաքապետարանի շենքում: Ունեն 6 աշխատող, 10000-ից ավելի գիրք, 365 ընթերցող: Ն. Կարապետյանը նույնպես գոհ էր դերասանների խաղից և կազմակերպիչներից: Մ. Խանդամիրյանի անվ. պետական թատրոնի ադմինիստրատոր Լիլիթ Մկրտչյանը տեղեկացրեց, որ ներկայացումը բեմականացրել է Վովա Գևորգյանը, հավելեց նաև, որ բացի դրամատիկական ներկայացումներից, թատրոնի 8 դերասանները խաղում են նաև տիկնիկային դերերում: Գեղարվեստական ղեկավար Լեոնիդ Հարությունյանի գլխավորությամբ հանդես են եկել Արցախի և ՀՀ տարբեր բնակավայրերում: Միջոցառումը եզրափակվեց տոնական խնջույքով:

Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031