2004 թվականից ի վեր Հայաստանում հոկտեմբերի 7-ին նշվում է Գրադարանավարի օրը:
Տարիներ շարունակ այս տոնի կապակցությամբ ՀՀ մշակույթի նախարարության նախաձեռնությամբ և աջակցությամբ Հայաստանի Հանրապետության գրադարաններում անցկացվում է «Հանդիպման վայրը՝ գրադարան» խորագրով ծրագիրը, որը մեծ ոգևորությամբ նշվում է հոկտեմբերի 7-ին նախորդող շաբաթ երեկոյան:
Արդեն ավանդական դարձած «Հանդիպման վայրը՝ գրադարան» ծրագիրն այս տարի կրում էր «Դարձի՛ր գրադարանի բարեկամ» կարգախոսը, որի նպատակն է հնարավորինս ակտիվորեն նպաստել երկրի սահմանամերձ համայնքային գրադարանների գրքային հավաքածուներն անհրաժեշտ գրականությամբ համալրելու գործին:
«Ծրագրի շրջանակներում ՀՀ մշակույթի նախարարությունը հայտարարել է գրքահավաք՝ սահմանամերձ Սյունիքի և Տավուշի մարզերի որոշ գրադարաններ գրքերով համալրելու համար: Նախարարությունը նաև խրախուսական մի ակցիա է նախաձեռնել նվիրատուների համար՝ թանգարանների, ֆիլմերի, ներկայացումների տոմսերի տեսքով»,- այս մասին այսօր Aravot.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի ազգային գրադարանի փոխտնօրեն Հասմիկ Ղազարյանը:
Կարդացեք նաև
Նշենք, որ գրադարանում մի քանի գրադարակներ են առանձնացվել, որտեղ ցանկացողները կարող են բերել ու թողնել այն գրքերը, որոնք ցանկանում են նվիրել Սյունիքի և Տավուշի մարզերի գրադարաններին:
Ի դեպ, այսպիսի գրադարակներ են առանձնացվել նաև Խնկո-Ապոր և Ավ. Իսահակյանի անվան գրադարաններում:
Ազգային գրադարանի փոխտնօրենի փոխանցմամբ՝ գրքահավաքին ակտիվությամբ մասնակցում են ոչ միայն գրադարանի ընթերցողները, այլև աշխատակիցները. «Իհարկե, առայժմ մեծ թվով գրքեր չեն հավաքվել, բայց կարծում եմ՝ կհավաքվեն, դեռ ժամանակ կա»,- հուսով է մեր զրուցակիցը:
Տեղեկացնենք, որ գրքահավաքը կամփոփվի հոկտեմբերի վերջին, որից հետո հավաքված գրքերը կուղարկվեն նախատեսված գրադարաններ:
Սիրանուշ ՀԱՅՐԱՊԵՏՅԱՆ