Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղնախարարը ԱԺ-ում վրդովվեց եւ պատգամավորին հրավիրեց խաղող մթերելու. «Միայն ամբիոնից ելույթ ունենալը քիչ է»

Հոկտեմբեր 07,2015 18:07

ԲՀԿ պատգամավոր Արայիկ Աղաբաբյանը ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ գյուղնախարարից հետաքրքրվեց խաղողի մթերման հետ կապված խուճապից: Նա ասաց, որ լարված մթնոլորտ է ձեւավորվել. «Բացի այն անօգուտ խորհրդատվական ծառայություններից եւ վիճակագրական թվեր ներկայացնելուց, գյուղնախարարությունն  ունի՞ պատրաստի ծրագիր այն ավելացված բերքը մթերման խնդրում: Գյուղացիների բերքի մի մասն արդեն թափվել է, մի մասը փչացել է, ավելցուկ է լինելու: Ի՞նչ է լինելու գյուղացու ճակատագիրը»:

Նախարար Սերգո Կարապետյանը պատասխանեց. «Ամբողջ աշխարհում գոյություն ունի խորհրդատվական ծառայություն: Առանց խորհրդատվական ծառայության գյուղատնտեսություն լինել չի կարող: Հասկանալի պատճառներով այսօր լարվածություն կա խաղողի բերքի մթերման հետ կապված: Ես նորից եմ կրկնում՝ մինչեւ վերջին կիլոգրամը մթերվելու է: Գյուղնախարարության դերը քաղաքականության իրականացումն է, բայց մենք միջամտում ենք շատ հարցերի, մասնավորապես՝ գյուղացու բերքի իրացման հետ կապված, արտահանումների առումով: Մեր միջամտությունը բավականին արդյունքներ է տալիս: Ճիշտ եք, որ մթերող կազմակերպությունները մասնավոր են, բայց մենք բոլորի հետ համագործակցում ենք: Հանրապետությունում կա 50 մթերող կազմակերպություններ, մթերումը շարունակվում է, շուրջ 180 հազար տոննա մթերվել է արդեն: Դեռևս կա 40-50 հազար տոննա խաղող: Գյուղացիների մեջ կա որոշակի խուճապ, եղանակի փոփոխության հետ կապված համատարած բերքահավաք է իրականացվում: Բայց խաղողի մթերումը տեւում է մինչեւ հոկտեմբերի 25-ը»:

Արայիկ Աղաբաբյանը դժգոհեց, որ գարնանից արդեն հայտնի էր, որ առատ բերք է սպասվում, բացի այդ, գյուղնախարարությունը պետք է կանխատեսած լիներ սպասվող բերքի ծավալը: Եթե գյուղացին արտադրում է, մասնավոր ընկերությունները մթերում, շուկան էլ իրենք են ձեւավորում գյուղնախարարության դերն է անհասկանալի:

Նախարարը վրդովվեց. «Եթե մինչեւ հիմա գյուղնախարարության դերը չեք հասկացել՝ դա ձեր իրավունքն է»:

Հետո նախարարը պատգամավորին հորդորեց, որ ձեր ընտրողների շրջանում օգնեք նախարարությանը խաղողի մթերման հարցում. «Միայն ամբիոնից ելույթ ունենալը քիչ է, պոպուլիզմով եք զբաղվում, բերեք մեզ օգնեք, որովհետեւ սա միայն մեր խնդիրը չէ, համընդհանուր խնդիր է»:

ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը տեղից սկսեց բղավել եւ Գալուստ Սահակյանին հորդորել, որ միջամտի, որպեսզի այլեւս նախարարները պատգամավորներին չվիրավորեն: Գալուստ Սահակյանն էլ պատասխանեց. «Իմ տեղը մի խոսեք, պոպուլիզմն էլ նշանակություն ունի քաղաքականության մեջ»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031