«Եթե գտնում եք, որ խոչընդոտում ենք ձեր աշխատանքը, դիմեք դատախազություն, ասեք՝ հարուցեք քրեական գործ»,- խորհրդարանում լրագրողներին դիմեց ԱԺ հասարակայնության հետ կապի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը:
Նա եւ Ազգային ժողովում անվտանգության աշխատակիցներն այսօր թույլ չէին տալիս լրագրողներին մոտենալ այն տարածքին, որտեղով ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի օրերին խորհրդարանի շենք է մտնում վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Խնդիրն այն է, որ հարցուպատասխանի օրերին լրագրողները փորձում են վարչապետին հարցեր ուղղել ԱԺ շենքի հետնամուտքում, որտեղով Հովիկ Աբրահամյանը շենք է մտնում:
Արսեն Բաբայանն ասաց, որ ԱԺ տարածքը հատուկ պահպանվող տարածք է, ներքին կանոնակարգով է սահմանված, որ անվտանգության նկատառումներից ելնելով՝ կարող են նման սահմանափակումներ լինեն. «Համապատասխան վայրում հարցեր տվեք վարչապետին»:
Կարդացեք նաև
Հարցին`ե՞րբ են լրագրողները վտանգ ներկայացրել վարչապետի համար, Արսեն Բաբայանը պատասխանեց՝ 1999 հոկտեմբերի 27-ին:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ