Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Հայտարարելով քվեարկություն չի լինում: Պետք է գալ դահլիճ եւ քվեարկել»

Հոկտեմբեր 07,2015 17:18

«Ես վերապատմելով հարցազրույցներ չեմ մեկնաբանում»,- այսօր խորհրդարանում, լրագրողների հետ զրույցում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը`պատասխանելով սահմանադրական բարեփոխումների վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցին:

Իր`սահմանադրական բարեփոխումների քվեարկությանը խորհրդարան չգալու եւ քվեարկությանը չմասնակցելու մասին հարցին էլ պատասխանեց. «Եթե չլինեի շատ կարեւոր նիստի, ներկա կլինեի»:

Նաիրա Զոհրաբյանը խոսեց նաեւ ԲՀԿ խմբակցության այսօր կայացրած որոշման մասին, ըստ որի, վերանայումներ են արվել միջազգային պատվիրակությունների կազմում: Լրագրողը հետաքրքրվեց`քոչարյանական թեւի՞ն եք փորձել խաղից դուրս վիճակի բերել այդ որոշմամբ: Խոսքը Ստեփան Մարգարյանի եւ Էլինար Վարդանյանի մասին է:

«ԲՀԿ-ում բացարձակապես «քոչարյանական թեւ» չկա: ԲՀԿ-ում կա հստակ թիմ եւ մեկ-երկու գործընկերներ, որոնք վերջին ամիսներին չեն կարողանում մեզ հետ համատեղ աշխատել: Ոչ մեկին չեմ ուզում մեղադրել, միգուցե ես, միգուցե մենք, մեղավոր ենք, չեմ կարող ասել: Չեմ ուզում այստեղ մեղավորներ փնտրել ու քանի որ կա կուսակցական կարգապահություն եւ կանոնադրություն, չեմ կարծում, որ որեւէ կուսակցական կհանդուրժեր, որ իր քաղաքական թիմի անդամը ամիսներով չմասնակցեր ներկուսակցական ժողովներին, չգար խմբակցության նիստերին, աներ այն, ինչ ինքն է նպատակահարմար գտնում»,- ասաց նա հավելելով, որ` ցանկացած կուսակցության ղեկավար առաջին հերթին պետք է առաջնորդվի կուսակցության շահով եւ կանոնադրությամբ:

Նաիրա Զոհրաբյանը կրկնեց, որ Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը տեւական ժամանակ է չեն մասնակցում խմբակցության նիստերին, թեեւ հետեւողականորեն հրավիրվում են. «Իսկ վերջին օրերին, Վահե Էնֆիաջյանը զանգահարում է իրենց տեղեկացնելու, որ նման հարց կա քննարկելու, իրենք չեն պատասխանել խմբակցության քարտուղարի հեռախոսազանգերին»:

Նա հավելեց, որ նստաշրջանի սկզբում, ինքը, որպես խմբակցության ղեկավար, դուրս է եկել Ֆրանկոֆոնիայի պատվիրակության կազմից, Միքայել Մելքումյանը ՍԾՏՀ պատվիրակությունից եւ փորձելու են ընդգրկել այն կուսակցական ընկերներին, որոնք այդ ձեւաչափում ներկայացված չէին:

«Սահմանադրական քվեարկության հետ պետք չէ կապել հարցը»,- ասաց նա`հավելելով. «Ինձ ասում են քվեարկության հետ կապված, իրենք որտե՞ղ են քվեարկել, կայքի էջերո՞ւմ»:

Լրագրողները հստակեցրին, որ հայտարարել են: Նաիրա Զոհրաբյանը հակադարձեց. «Գիտեք ինչ, եթե ես էլ լինեի դահլիճում, ես էլ կհայտարարեի, թե կքվեարկեի այսպես կամ այնպես: Հայտարարելով քվեարկություն չի լինում: Պետք է գալ դահլիճ եւ քվեարկել»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031