Հոկտեմբերի 7-ին իր աշխատանքները ամփոփեց ճարտարապետների համահայկական 3-րդ համաժողովը, որը կազմակերպվել էր ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ քաղաքաշինության նախարարության, Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության, ՀՀ Ճարտարապետների միության աջակցությամբ:
Համաժողովին մասնակցում էին 120-ից ավելի հայ և օտարազգի անվանի ճարտարապետներ աշխարհի շուրջ 16 երկրից՝ ԱՄն-ից, ԱՄԷ-ից, Ավստրալիայից, Արգենտինայից, Եգիպտոսից, Թուրքիայից, Իրանից, Լատվիայից, Լիբանանից, Հորդանանից, Շվեդիայից, ՌԴ-ից, Սիրիայից, Վրաստանից, Քաթարից, Ֆրանսիայից:
Հայաստանի ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը ներկայացրեց միության գործունեությունը, անցած ուղին և ներկա ծրագրերը, Թուրքիայի «Հայճար» ճարտարապետների և ճարտարագետների միության ատենապետ Ժան Գավրիլոֆը հանդես եկավ «Ստամբուլի հայ ճարտարապետների և ինժեներների ընկերակցությունը» զեկույցով:
Զեկույցներով հանդես եկան նաև Ռաֆֆի Չերչյանը՝(Լիբանան) «Լիբանանի հայկական ճարտարապետությունը և ներկայիս վիճակը», Մարկո Բրամբիլլան՝ (ԱՄՆ) «Նոր Ջուղայի հայկական տները», Բեռնարդ Դրօրը՝ (Իրան) « Իրանի հայ ճարտարապետների և ճարտարագետների միության գործունեությունը» թեմաներով և այլք:
Այնուհետև տեղի ունեցավ ակտիվ, կառուցողական քննարկում և մտքերի փոխանակում, որտեղ մասնակիցները ընդգծեցին համաժողովի կարևորությունն ու արդյունավետությունը:
Ամփոփելով համաժողովը՝ Ճարտարապետների և ճարտարագետների համահայկական ընկերակցության համանախագահ Գոհար Թութունջյանը շնորհակալություն հայտնելց համաժողովի մասնակիցներին ակտիվ մասնակցության համար՝ ևս մեկ անգամ նշելով, որ շատ կարևոր է մեկ միասնական համահայկական հարթակում համախմբել տեղացի և սփյուռքահայ մասնագետների՝ նրանց հնարավորություն տալով համագործակցել, իրենց մասնագիտական ունակությունները, փորձն ու գիտելիքները ներդնել Հայաստանում ճարտարապետության զարգացման և Սփյուռքում հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման գործում:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ
ՍՓՅՈՒՌՔԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ