Լրահոս
Օրվա լրահոսը

«Հայ ոստիկանը»՝ վիրավորա՞նք. նոր մանրամասներ՝ ՀՀ ոստիկանությունն՝ ընդդեմ SOS-ի գործով

Հոկտեմբեր 07,2015 16:41

Այսօր Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում (նախագահող դատավոր՝ Արթուր Ստեփանյան) շարունակվեց ՀՀ ոստիկանությունն ընդդեմ «SOS» նախագծի դատական նիստը: Պատասխանող կողմը կրկին չէր ներկայացել:

Հիշեցնենք, որ ՀՀ ոստիկանությունը և ՀՀ ոստիկանության աշխատակիցներ Արթուր Մադաթյանն ու Սերգեյ Զաքարյանը դատական հայց են ներկայացրել YouTube-ում հեռարձակվող «SOS» հաղորդաշարի հաղորդավար Վիլեն Գայֆեջյանի դեմ՝ իրենց պատիվն ու արժանապատվությունը արատավորելու եւ ՀՀ ոստիկանության բարի համբավը նսեմացնելու համար: Ոստիկանները վիրավորվել են հաղորդաշարի սույն թվականի մայիսի 24-ի «G7» վերնագրով 11-րդ թողարկումից, որտեղ հայցադիմումի համաձայն՝ իրենց հասցեին հնչել են վիրավորական արտահայտություններ: Ինչպես նաև բանակում մահացած զինվորների մայրերին ոստիկանների կողմից հրմշտելու և քաշքշելու միջադեպի վերաբերյալ հաղորդավարն իր հաղորդման (11-րդ թողարկում) ժամանակ ոստիկաններին որակել էր «Շան տղերք»:

ՀՀ ոստիկանությունը պատասխանող կողմից պահանջում է հրապարակայնորեն ներողություն խնդրել և ոստիկանության ծառայողներ Արթուր Մադաթյանին ու Սերգեյ Զաքարյանին վճարել փոխհատուցում 1-ական միլիոն դրամի չափով:

Նշենք, որ պատասխանող կողմը հայցի պատասխան է ներկայացրել՝ նշելով, որ հայցը անհիմն է, և իր արած հայտարարությունները վիրավորական չեն:

Հայցվորի ներկայացուցիչ Կարեն Քալանթարյանը այս առիթով հայտարարեց, որ պատասխանող կողմի վրա է ընկնում պատասխանատվությունը ապացուցել, որ Արթուր Մադաթյանի և Սերգեյ Զաքարյանի հասցեին հնչած հայտարարությունները վիրավորական բնույթի չեն:

Այնուհետև որպես ապացույց դատարանին ներկայացվեց SOS-ի ֆեյսբուքյան էջից ներկայացված մի գրառում, որտեղ ևս ըստ հայցվոր կողմի՝ ոստիկանության հասցեին վիրավորական արտահայտություններ կային: Օրինակ՝ գրառման մեջ գրված է. «22.485 մարդ հիմիկվա դրությամբ իմացավ, որ պայքարելու ենք լույսի թանկացման դեմ: 22.485 մարդ իմացավ, թե ինչ է իրենից ներկայացնում ՀԱՅ ՈՍՏԻԿԱՆԸ: Շարունակում ենք տարածել»:

Artak-Zeynalyan

Պատասխանող կողմի ներկայացուցիչ Հայկուհի Հարությունյանը գրավոր միջնորդություն էր ներկայացրել՝ խնդրելով կասեցնել սույն գործի վարույթը՝ մինչև Սահմանադրական դատարանը որոշի՝ արդյոք իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը կարո՞ղ է մասնակցել դատական նիստին, թե ոչ:

Հիշեցնենք, որ նախորդ դատական նիստի ընթացքում դատարանը թույլ չտվեց Արտակ Զեյնալյանին մասնակցել դատական նիստին՝ որպես պատասխանողի ներկայացուցիչ՝ պատճառաբանելով, որ նա փաստաբան չէ:

Հայցվոր կողմի ներկայացուցիչները հայտարարեցին, թե միջնորդությունը պետք է մերժել՝ հիմնազուրկ լինելու պատճառով: Դատարանը մերժեց այս միջնորդությունը: Նիստը հետաձգվեց. հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 27-ին ժամը՝ 15.00-ին:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031