Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Հակոբյանը բարկացավ. «Վստահեք իմ գիտելիքներին եւ փորձին, чёрт возьми» (Տեսանյութ)

Հոկտեմբեր 07,2015 16:37

Այսօր ԱԺ-ում Հանրային հեռուստառադիոընկերության 2014-ի գործունեության հաշվետվության քննարկման ժամանակ հարակից զեկուցող էր Ռուբեն Հակոբյանը:

Նա ասաց, որ Հանրայինի նպատակներից էր իր ուշադրության կենտրոնում պահել քաղաքական, տնտեսական, մշակութային կյանքի անաչառ, հավաստի, օպերատիվ, համակողմանի եւ սպառիչ լուսաբանումը: Պետք է հանրության համար կարեւոր որոշումների քննարկման եւ ընդունման ընթացքը ուշադրության կենտրոնում պահել. «Բա մեկը չեղա՞վ հանձնաժողովում, որ ասեր՝ այ ընկեր, այս 3 տարիների ընթացքում մեր պետության համար շրջադարձային պահեր եղան, Հայաստանը գնում էր Եվրոասոցացում՝ բացարձակ փակ թեմա հեռուստաընկերության համար: Ոչ մի թեմա չքննարկվեց, բանավեճ չեղավ, որ հասկանային՝ դա ինչ բան է: Դուք չեք կատարում կարեւորագույն խնդիրը, չեք ձեւավորում հասարակական կարծիք: Դուք հանրության հարկերի հաշվին ապրող հեռուստաընկերություն եք, պիտի նրա պահանջները բավարարեք, ինչո՞ւ չեք անում դա: Իշխանությանը դա ձեռնտու չի, որովհետեւ եթե մի բան չի ներկայացվում, մարդիկ ասում են՝ ուրեմն իշխանությունը ինչ-որ վատ բան է անում: Եթե ձեզ այդպես են ներկայացնում, կամ դուք այդպես եք մտածում, որ եթե ինչ-որ բանավեճ տանք՝ կարող է քիմքերին չնստի, ուրեմն դուք ձեր տեղում չեք, ոչ էլ ձեզ խորհուրդ տվողներն են իրենց տեղում: Բա ո՞նց եք ուզում հասարակական կարծիք ձեւավորում: Գնացինք Մաքսային միություն, ԵՏՄ, ի՞նչ եք արել՝ ոչ մի բան»:

ԱԺ-ում աղմուկ բարձրացավ, երբ լսելով ելույթը՝ ԱԺ փոխխոսնակ Հերմինե Նաղդալյանը ընդհատեց նրան՝ հարցնելով. «Ուզում եմ մի հարց ճշտեմ՝ դուք ներկայացնում եք հանձնաժողովի կարծի՞քը, հանձնաժողովում քննարկո՞ւմը»:

Ռուբեն Հակոբյանը պատասխանեց. «Ես լիարժեք տիրապետում եմ հարակից զեկուցողի իմ իրավունքներին ու պատասխանատվությանը: Վերջում կնստենք կքննարկենք, թե ինչ ասել է հարակից զեկուցող: Ես իսկապես գիտեմ հարակից զեկուցողն ինչի համար է գալիս ամբիոնի մոտ»:

Դահլիճում ընդդիմադիր պատգամավորները սկսեցին աղմկել՝ Հերմինե Նաղդալյանն էլ հանդարտության կոչ արեց. «Խնդրում եմ, բոլորդ ձեզ կոռեկտ պահեք: Ես իմ իրավունքներն էլ գիտեմ, ճշգրտող հարց տալու իմ հնարավորությունն էլ»:

Ռուբեն Հակոբյանն էլ բարկացավ. «Վստահեք իմ գիտելիքներին եւ փորձին, чёрт возьми»:

Ավելի ուշ իր ելույթի վերջում Ռուբեն Հակոբյանը Հերմինե Նաղդալյանին բացատրեց, որ հարակից զեկուցողը չի գալիս ու գովերգում հիմնական զեկուցողին, այլ ասում է այն թերությունների մասին, որոնք կան ոլորտում: Սա է պառլամենտական մշակույթը:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031