Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱԿ-ի պատգամավորները՝ «Երգ երգոցում». ԱԺ-ում պահանջում են, որ Հ1-ով եթեր տան ընդդիմադիրներին

Հոկտեմբեր 07,2015 16:21

ԱԺ-ում քննարկվում է Հանրային հեռուստառադիոընկերության 2014-ի գործունեության վերաբերյալ հաղորդումը

Հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանին Տիգրան Ուրիխանյանը հարցրեց՝ արդյոք Հանրային հեռուստատեսության քաղաքական, լրատվական, վերլուծական ծրագրերը սպասարկում են բացառապես իշխանության վերնախավին ընդունելի, իշխանությանը չխանգարող, իշխանամետ, իշխանական կամ իբր թե ընդդիմադիր գործիչներին:

Նա բողոքեց, որ կոնկրետ պատգամավոր 4 տարի անընդմեջ ելույթներ է ունեցել, հարցադրումներ, նախագծեր է ունեցել, բայց տեղ չի գտնում Հանրային հեռուստատեսության քաղաքական, տեղեկատվական, վերլուծական եթերներում:

Ջաղինյանը պատասխանեց, որ երեւի ուշադիր չի հետեւում. «Անպայման չի այնտեղ, որտեղ դուք ասում եք, բայց տարբեր ծրագրերում, տարբեր տեղեր հայտնվում են մարդիկ:

Ուրիխանյանն ասաց, որ կոնկրետ անուն կասի եւ կպահանջի, որ Ջաղինյանը գոնե մեկ նյութ ցույց տա այդ պատգամավորի հետ կապված:

ՀՀԿ-ական Արայիկ Հովհաննիսյանը Ջաղինյանին խորհուրդ տվեց, որ վերականգնեն հեռուստաթատրոնները, իսկ Էդուարդ Շարմազանովը՝ Հայ առաքելական եկեղեցու հոգեւոր հայրերին եթեր տրամադրել, ինչպես դա անում են մասնավոր հեռուստաընկերությունները:

ՕԵԿ խմբակցության ղեկավար Հեղինե Բիշարյանն էլ առաջարկեց, որ Հանրայինը նույնպես քարոզչամեքենա ստեղծի՝ Ադրբեջանի «այլանդակ» քարոզչամեքենայի տարածած տեղեկատվության դեմ:

ԲՀԿ պատգամավոր Միքայել Մելքումյանը, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լեւոն Զուրաբյանը դժգոհեցին, որ իրենց եթեր քիչ է տրամադրվում: Լեւոն Զուրաբյանը հարցրեց՝ «Ինչո՞ւ Հ1-ով չեն հնչում իշխանությանը հակադիր կարծիքներ: Ինչու նման հակադիր կարծիք հայտնող ընդդիմադիրները չեն հրավիրվում ոչ բանավեճերի, ոչ էլ թոք-շոուների: ՀԱԿ-ը ընդհանրապես զրկված է Հանրային հեռուստատեսությունում մասնակցությունից այդ առումով»:

Ռուբեն Ջաղինյանը հերքեց. «Տարբեր ծրագրերում մասնակցություն կա»: Զուրաբյանը հակադարձեց՝ ես ձեզ պաշտոնապես հայտարարում եմ՝ ձեր ստուդիայում ոչ մի բանավեճերի, հաղորդումների ՀԱԿ-ի պատգամավոր չի հրավիրվում երբեք:

Ռուբեն Ջաղինյանն էլ հարցրեց. «Դուք ո՞ր ծրագրում եք գտնում ճիշտ, որ պետք է մասնակցեք ու չեք հրավիրվում, ո՞ր ծրագրին եք մեր ուզում մասնակից լինել»: Դահլիճից պատգամավորներից մեկը բղավեց՝ «Երգ երգոցի»: Ջաղինյանը ծիծաղեց եւ խոստացավ, որ կաշխատեն այսուհետեւ բոլոր ծրագրերում ՀԱԿ-ի պատգամավորներին հրավիրել:

Լեւոն Զուրաբյանը նաեւ հետաքրքրվեց՝ եթե Սահմանադրական փոփոխությունների հետ կապված քարոզարշավը սկսվի, բանավեճի ի՞նչ ձեւաչափեր են նախատեսում այո-ի եւ ոչ-ի կողմնակիցների մասնակցությամբ, ունենալո՞ւ են նրանք հավասար հնարավորություններ, ժամանակ: Ջաղինյանը պատասխանեց, որ հիմա պատրաստվում են դրան, ստեղծում են նոր ձեւաչափեր:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031