Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Տաքսի ծառայությունների, սուպերմարքեթների, սրճարանների աշխատողները 15 րոպե են ընդմիջում անում, առանց արձակուրդի աշխատում

Հոկտեմբեր 07,2015 15:27

Տաքսի ծառայությունների, սուպերմարքեթների, ռեստորանների, սրճարանների, փաբերի աշխատակիցների իրավունքները խախտվում են. շատ հաճախ գործատուն պայմանագիր չի կնքում այս ոլորտներում աշխատող քաղաքացիների հետ, ինչի պատճառով էլ աշխատողը որեւէ կերպ պաշտպանված չէ: Սա արձանագրել է Հայաստանի Հելսինկյան կոմիտեն` ուսումնասիրելով մեր երկրում աշխատանքային իրավունքի խախտման դեպքերը:

Այսօր «Մեդիա կենտրոնում» Արժանապատիվ աշխատանքի միջազգային օրվա առիթով, Հայաստանի Հելսինկյան կոմիտեի նախագահ Ավետիք Իշխանյանն ասաց. «Առանց աշխատանքային պայմանագրի աշխատելը նշանակում է անօրինական աշխատանք, այսինքն` աշխատողը պաշտպանված չէ, եթե չի համաձայնում գործատուի պայմաններին, հանգիստ ասում է` գնա: Շատ տեղերում էլ պայմանագրերը ձեւական բնույթ են կրում. մասնավորապես` տաքսի ծառայություններում աշխատավարձի չափը ձեւական է: Որոշ աշխատավայրերում խախտված է հանգստի, ընդմիջում անելու իրավունքը, սուպերմարքեթներում 10-15 րոպե ոտքի վրա ընդմիջում են անում»:

Ավետիք Իշխանյանի համոզմամբ, աշխատանքային իրավունքների պաշտպանությամբ պետք է զբաղվեն արհմիությունները, ինչպես արեւմտյան երկրներում է. «19-րդ դարում Եվրոպայում էլ է եղել շահագործում եւ այլն, սակայն ստեղծեցին ագրեսիվ արհմիություններ, որոնք, անգամ արյան գնով սկսեցին պաշտպանել: Եթե այդ արհմիությունները արեւմուտքում մի վայրկյան լռեն, էլի նրանց իրավունքները կսահմանափակվեն»:

Պարոն Իշխանյանը խնդիր է տեսնում նաեւ դպրոցների ուսուցիչների դեպքում. «Նրանց հետ պայմանագիրը կնքվում է մեկ տարով եւ, եթե ինչ-որ մեկը «ձեռք չի տալիս» ղեկավարությանը, նրան կարող են շատ հանգիստ, առանց օրենքի խախտման, աշխատանքից ազատել: Մեր քաղաքացիները ո’չ մասնավոր, ո’չ պետական հատվածում պաշտպանված չեն»:

Ասուլիսի մեկ այլ բանախոս, Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիայի իրավաբանական բաժնի պետ Միքայել Փիլիպոսյանն ասաց, որ «արհմիության ձեռքերը կապված են», քանի որ նրանց վերահսկման լիազորություն տրված չէ:
Արհմիությանն էլ դիմում են չվճարված աշխատավարձերի, հավելավճարների, պարգեւատրումների հետ կապված:

Հայաստանի գործատուների հանրապետական միության փոխնախագահ, սոցիալական գործընկերության հարցերով փորձագետ Շուշանիկ Բարսեղյանը, որը նույնպես մասնակիցների թվում էր, Միքայել Փիլիպոսյանի այն դիտարկմանը, թե արհմիությունների ձեռքերը կապված են, ասաց, որ, եթե արհմիություններին տրված չէ պետական վերահսկողություն, ապա նրանց ձեռքից վերցված չէ աշխատողին իրազեկելու պարտականությունը, ինչը շատ կարեւոր է. «Իրազեկման հարցերը կարեւոր են ոչ միայն աշխատողին, այլև` գործատուին: Պաշտպանված է այն անձը, որն իրազեկված է իր իրավունքներին»:

Ըստ Շուշանիկ Բարսեղյանի, փոքր եւ միջին գործատուները հնարավորություն չունեն պահելու բարձրակարգ իրավաբաններ եւ շատ հաճախ աշխատանքային իրավունքը խախտվում է օրենքը չիմանալուց եւ օրենքը ճիշտ չկիրառելուց:

Առողջապահության նախարարի խորհրդական Վարազդատ Դանիելյանն ասաց, որ «Աշխատանքային օրենսգրքի» նորմերի վերաբերյալ վերահսկողություն չի լինելու եւ որ մեր երկիրն ընտրել է մի ուղի, որով կարող է վերահսկողությունը լինել աշխատանքի անվտանգ եւ առողջ պայմանների նկատմամբ:

 

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը՝ «Մեդիա» կենտրոնի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031