«Ես երբեք չեմ մտածել, որ միջազգային կառույցներում առաջնորդվում են կուսակցության շահերով: Վստահ եմ, որ միջազգային կառույցներում պաշտպանում են բացառապես ՀՀ շահերը, ինչն էլ ես արել եմ այլ կուսակցություններ ներկայացնող իմ գործընկերների հետ, տվյալ դեպքում՝ ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ պատվիրակության՝ ՀՀԿ և «Ժառանգության» իմ գործընկերների հետ»,- Aravot.am-ի հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ խմբակցության որոշմանը`ասաց Էլինար Վարդանյանը:
ԲՀԿ խմբակցությունն այսօր փոփոխություններ է կատարել միջազգային պատվիրակությունների կազմում, արդյունքում Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը դուրս են մնացել միջազգային պատվիրակությունների կազմից: Նրանք, հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի`քաղաքականությունից հեռանալուց հետո, խնդիրներ ունեին ԲՀԿ-ում: Վահե Հովհաննիսյանը, Էլինար Վարդանյանը եւ Ստեփան Մարգարյանը համարվում են «ռոբերտքոչարյանական թեւ»:
«Միջազգային պատվիրակություններում աշխատանքը ծանր և պատասխանատու գործ է, և եթե իմ գործընկերներից որևէ մեկը կարողանա ավելի լավ պաշտպանել Հայաստանի Հանրապետության շահերը, բայց կրկնում եմ՝ պետության շահերը, ես միայն ուրախ կլինեմ»,- ասաց մեր զրուցակիցը`հավելելով. «Ինձ համար տհաճ անակնկալ էր այն, որ իմ անձի հետ կապված հարցի քննարկում նախատեսող խմբակցության նիստի վերաբերյալ ես տեղյակ չեմ եղել: Ես դա ուզում եմ արձանագրել: Դա ճիշտ մշակույթ չէ»:
Այն մեղադրանքներին, որ ինքը ամիսներ շարունակ կապ չի ունեցել կուսակցության եւ խմբակցության հետ, ասաց. «Ուզում են նաև ընդգծել՝ ես ԲՀԿ խմբակցության անդամ եմ. «Ընտրական օրենսգիրքը» այլ լուծում պարզապես չի նախատեսում, և խմբակցության մոտեցումները և շահերը իմ կողմից միշտ հաշվի են առնվում: Ես նաև կուսակցության անդամ եմ, և չի եղել մի դեպք, երբ ես անտեսեմ ինձ դիմած որևէ շարքային ԲՀԿ-ականի շահերը, կամ անեմ մի քայլ, որը կուսակցությանը վնաս կպատճառի: Ինչ վերաբերում է քվեարկություններին, ապա ՀՀ Սահմանադրության համաձայն՝ ես առաջնորդվում եմ իմ խղճով եւ համոզմունքներով»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ
Հ. Գ. Պատվիրակության կազմից մյուս դուրս մնացածը՝ Ստեփան Մարգարյանը չի արձագանքում մեր հեռախոսազանգերին: