Իսրայելի ԱԳՆ-ն ջանքեր է գործադրում, որպեսզի կարողանա Հայաստանից վերադարձնել 21-ամյա Արիկ Մ.-ին, որը ՑԱԽԱԼԱ-ի զինծառայող է: Արիկը Երեւան է եկել երկու ամիս առաջ: Նա երկու շաբաթ ժամկետով արձակուրդ է ստացել զորամասից: Այս տեղեկությունը հաղորդել է «Izrus»-ը:
Նշված է, որ երբ զինվորը փորձել է վերադառնալ Իսրայել, պարզվել է, որ Հայաստանի իշխանությունները արգելել են նրան լքել երկիրը, քանի որ նա պետք է զորակոչվի զինծառայության: Արիկը ընտանիքի հետ Իսրայել է տեղափոխվել 15 տարի առաջ: Նրա ընտանիքը պնդում է, որ մեկնելուց հետո նրանք բոլորը հրաժարվել են Հայաստանի քաղաքացիությունից, իսկ Երեւանում էլ պնդում են, որ նա դեռ Հայաստանի քաղաքացի է եւ պետք է այստեղ ծառայի:
«Izrus»-ին Իսրայելի ԱԳՆ-ի մամուլի ծառայությունից տեղեկացրել են, որ այս հարցով զբաղվում են այն պահից, երբ տեղեկացել են տեղի ունեցածի մասին: Արիկը կապի մեջ է գտնվում Հայաստանում Իսրայելի դեսպան Շմուել Մեիրոմի եւ Վրաստանում Իսրայելի հյուպատոսի հետ:
Իսրայելի ԱԳՆ-ն արդեն պաշտոնապես դիմել է Հայաստանի արտաքին գործերի նախարարի տեղակալին եւ աջակցություն է խնդրել հրեական համայնքից ու Իսրայելի պատվավոր հյուպատոսից:
Կարդացեք նաև
Այս առնչությամբ Aravot.am-ը պարզաբանում է խնդրել Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունից: Պատասխանը ստանալուն պես կհրապարակենք:
Պատրաստեց Աշոտ ԻՍՐԱԵԼՅԱՆԸ