«Ինձ թվում է, առանց վիրավորվելու, նորմալ բան է ասվել: Պատգամավորի համար նաեւ նախատեսված է կրծքանշան, այլ բան, թե պատգամավորն այդ պահին անհրաժեշտ համարո՞ւմ է այն կրել, թե`ոչ»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանն`անդրադառնալով Երեւանի փոխոստիկանապետի օրերս արած հայտարարությանը:
Հիշեցնենք, որ սահմանադրական բարեփոխումների «ոչ»-ի հոկտեմբերի 5-ի ցույցի ժամանակ, ՀԱԿ պատգամավոր Արամ Մանուկյանին բերման ենթարկելու փորձի ժամանակ, Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը հայտարարել էր. «Ոստիկանները պարտավոր չեն ճանաչել բոլոր պատգամավորներին, եթե պատգամավորը դուրս է եկել ԱԺ-ից ու կանգնել ցուցարարների կողքին, թող իր մոտ տարբերանշան լիներ, որ պատգամավոր է:
«Ցույցերին մասնակցելուց որեւէ քաղաքացի, այդ թվում նաեւ պատգամավորը, որեւէ առավելություն կամ արտոնություն չունի: Ոչ օրենքն է պատգամավորին արտոնության իրավունք վերապահում, ոչ էլ`սահմանափակում: Այլ հարց, երբ իրավական գործընթաց է սկսվում անձի նկատմամբ, ապա պատգամավորի կարգավիճակը բացառում է առանց ազգային ժողովի համաձայնության, խափանման միջոց կիրառել»: Արծվիկ Մինասյանը նորմալ է վերաբերվում Վալերի Օսիպյանի հայտարարությանը. «Այլ բան, եթե վիրավորեր, բայց ես վիրավորական որեւէ բան չեմ տեսնում»:
Կարդացեք նաև
ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՀՀԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Սահակյանն այլ տեսանկյունից է հարցին նայում. «Միջադեպ է, որը տեղի է ունեցել կամ ոչ, ես իրական հանգամանքներին տեղյակ չեմ`տարե՞լ են, չե՞ն տարել, ինչպե՞ս է եղել: Այնուհանդերձ, ԱԺ պատգամավոր է, հասարակական ակտիվության առումով գոնե ճանաչելի է, ինքն էլ այնպես չէ, որ իրեն չեն ճանաչում, պիտի ուշադիր լինեին: Բայց չեմ էլ կարծում, թե դիտավորություն է եղել կամ պատգամավորին դիտմամբ են փորձել բերման ենթարկել, ինչպես փորձ արվեց ներկայացնել: Թյուրիմացություն էր, որը պիտի հարթվի, անցնի: Պատգամավորին իր տեղում պետք է հարգել, ոստիկանին`իր»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ