Լրահոս
Օրվա լրահոսը

«Ո՞ւմ եք ձեռ առնում, լավ չէ՞ր հենց սկզբից ասեիք, որ մարզպետի տղան անմեղ է». ներքին գործերի նախկին նախարար

Հոկտեմբեր 07,2015 13:27

Aravot.am-ը ՀԽՍՀ ներքին գործերի նախարար, Լենինականի նախկին միլպետ Լևոն Գալստյանից կարծիք հարցրեց Սդղի գյոլի քրեական գործով կալանավորված Սյունիքի մարզպետի որդուն՝ Տիգրան Խաչատրյանին ազատ արձակելու ու նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին:

«Լավ են արել, դադարեցրել են, որ նա հարված հասցնողը չէ, բայց ես, ճիշտն ասած, այդպես էլ չհասկացա, նա խուլիգանությանը մասնակցե՞լ է, թե՞ ոչ, որովհետեւ եղել է խուլիգանություն, ոչ միայն մարմնական վնասվածք է հասցրել, այլ եղել է խուլիգանություն, խուլիգանական դրդումներով ծեծ, կռիվ, ջարդ է եղել: Եվ ես չգիտեմ` նրա նկատմամբ միայն մարմնական վնասվածքներ հասցնելու մա՞սն է դադարեցված, թե՞ խուլիգանություն կատարելու փաստը: Եթե դադարեցրել են իրավապահ մարմինները այդքան քննությունից հետո… Չեմ կարող ասել, ծանոթ չեմ քրեական գործին:

Բայց ավելի ճիշտ կլիներ, որ հենց սկզբից էդ տղային չձերբակալեին, իրականությունը պարզեին, թե չէ մի ամբողջ երկու ամիս, գուցե ավելի, մի ամբողջ շարան լրատվամիջոցներ գրեցին Սյունիքի մարզպետի որդին աչք է թափել, չգիտեմ աչքի տեսողությունն է փչացրել, կալանավորել են, կալանքը երկարացրել են եւ հանկարծ ազատել են… Էհ, ո՞ւմ են ձեռ առնում, իրե՞նց են ձեռ առնում, թե՞ ուրիշներին են ձեռ առնում, երեխայի ապագայի հետ էլ խաղում են: Եթե իրոք նա անմեղ է, ինչի՞ պիտի երկու ամսից ավել գնա նստի բանտում, ի՞նչն է պատճառը: Անմեղ է, սկզբից ասեիք անմեղ է, որ մարդկանց մեջ էլ ուրիշ կարծիքներ չառաջանան եւ այդ քննությամբ չվարկաբեկվի նաեւ նրա հայրը կամ հենց քննությունը վարկաբեկվի, չեմ կարող ասել»,- ասաց նախկին նախարարը:

Հարցին՝ արդյոք հոր արտոնյալ լինելով չէ՞ պայմանավորված որդուն ազատ արձակելու հանգամանքը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Գիտեք ինչ կա, եթե արտոնյալ լիներ, չէին կալանավորի, ախր էդ կալանավորողներն են սխալ եղել, եթե անմեղ է, ինչի՞ եք կալանավորել, ինչի՞ եք վարկաբեկել հորը, որովհետեւ այստեղ խոսքը չի գնում այդքան տղայի մասին, որքան հոր: Քիչ էր մնում քննությամբ ապացուցեին, որ հայրն էլ է մասնակից եղել, անընդհատ հայրը, հայրը, հայրը…

Հասկացանք, եթե այդ տղան անմեղ էր, չկալանավորեիք, եթե կալանավորել եք, ինչպե՞ս եղավ, որ հանկարծ երկուս ու կես ամիս հետո պարզեցիք, որ տղան անմեղ է: Գուցե փոխադարձ համաձայնությո՞ւն է եղել տուժողի ու հարվածողի միջեւ, գուցե ուրիշ հարցե՞ր են դեր խաղացել, հնարավոր է ամեն ինչ, դրա համար իրավապահ մարմինները ե՛ւ իրենց վարկաբեկեցին, ե՛ւ մինչեւ այդ վարկաբեկեցին Սյունիքի մարզպետին ու նրա որդուն»:

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031