Լրահոս
Օրվա լրահոսը

«Ձեր հետույքը տաք բազկաթոռ է գտել, դուք չեք էլ ուզում ձեզ մի հատ իրար տաք, չարչարվեք». Հրանտ Բագրատյան

Հոկտեմբեր 07,2015 13:20

ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը ԿԲ փոխնախագահ Ներսես Երիցյանին դիտողություն արեց՝ սխալ թվեր հրապարակելու, պատգամավորների խոսքերը խեղաթյուրելու եւ մի բան էլ իրենց նոր տնտեսագիտություն սովորեցնելու համար. «Մեզ հին ու նոր տնտեսագիտություն եք սովորեցնում: Երիտասա՛րդ, ես ժամանակին համաձայնություն եմ տվել, որ ձեզ ուղարկեն Վալյուտային ֆոնդ՝ սովորելու: Ձեզ էլ, Վաչե Գաբրիելյանին էլ ընտրել ենք, ուղարկել ենք Բոստոն: Հասկանո՞ւմ եք, մի հատ ձեզ հաշիվ տվեք՝ ինչ եք խոսում ընդհանրապես: Ոչ ոք չի ասում գնա դրամ տպի՛: Ասում ա՝ բա կարելի՞ ա դրամի զանգվածի հետ խաղալ: Բա դու ինչի՞ ես խաղում, բա դու ինչի՞ դրեցիր անցած տարի դրամի վրա 24 տոկոս հարկ: Ինչո՞ւ դրեցիր կանադական կապիտալը դարձրեցիր 30 մլրդ դրամ: Բանկը 10 մլն է ուզում վարկավորի, թող 1 մլն կանադական կապիտալ ունենա, թող Շամշադինում մի հատ իրենց բանկն ունենան, ինչո՞ւ փակեցիք»,- քննադատեց Հրանտ Բագրատյանը:

Հիշեցնենք, որ ԱԺ-ում քննարկվում է ԿԲ-ի 2015-ի դրամավարկային քաղաքականության ծրագիրը:

Հրանտ Բագրատյանն իր հնչեցրած հարցերի պատասխանն էլ տվեց. «ՀՀԿ-ականներ, դա ձեր քաղաքականությունն է, դուք ուզում եք կապիտալը կենտրոնանա, որ վերահսկեք: Դուք չեք հասկանում, որ եթե չկա փոքր ու միջին մինչեւ 40 տոկոսը ՀՆԱ-ի, չենք կարողանալու որեւէ արտադրության ծախսեր հաշվել: Բոլորը մոնոպոլիա են, ցանցերն էլ են մոնոպոլիա: ՀԷՑ-ի վաճառքով ոչինչ էլ չի լինի, եթե իրավիճակը չփոխվի: Կարագ բերածն էլ է մոնոպոլիա, բանան բերածն էլ է մոնոպոլիա, մենք չենք կարողանում համեմատել՝ իսկ ինչքա՞ն պիտի լիներ ծախսը: Սրա համար է կոչված փոքր ու միջինը, այդպե՛ս է կառավարում աշխարհը: Եթե չկա փոքր ու միջին՝ չկա խոշոր: Դուք կարծում եք, թե ունեք խոշոր օլիգա՞րխ՝ չունե՛ք, որովհետեւ չունեք փոքր, որ համեմատենք, ասենք՝ սա փոքրն է, սա խոշորը: Էս պետությունը հեռանկար չունի»:

Նա ասաց, որ երբ դրամի զանգվածն ուզում են թուլացնել, լավագույն ձեւը պետական արժեթուղթ վաճառելն է. «Դուք դա չեք էլ ուզում մտածել: Ոչ թե չգիտեք, այլ ձեր հետույքը տաք բազկաթոռ է գտել, դուք չեք էլ ուզում ձեզ մի հատ իրար տաք, չարչարվեք: Էսօր դուք ի՞նչ եք անում դրամի զանգվածի հետ: 18 տոկոս է մնացել վարկավորումը: Դուք դրամը քաշում եք շրջանառության մեջ, որ բանկերը վարկ չտա՞ն, բա էդ բանկերն ինչի՞ ենք պահում, ձեզ ինչի՞ ենք պահում, մի կոպեկ չեք տալիս բյուջեին: Ու էսօր հելնում ասում եք՝ Բագրատյանը չի հասկանում, ասում ա՝ դրամի զանգվածը մեծացրու, այ քեզ բա՜ն: Հլը մի հատ լսի, թե Բագրատյանն ինչ ա ասում»:

Նա ասաց, որ քանի տարի է՝ գոռում է այդ մասին՝ եթե ուզում եք դրամի զանգվածի հետ խաղալ՝ համար մեկ գործիքը պետական արժեթղթերն են:

Նա Ներսես Երիցյանին քննադատեց, որ մինչեւ կյանքի վերջը դեռ նրան սովորեցնելու բան ունի, այդպես էլ չի սովորել տնտեսագիտություն:

Բագրատյանը նշեց, որ սովորաբար այսպես է ՝ 10 տոկոս ՀՆԱ-ի չափ եթե ներդրում ես՝ 3 տոկոս աճ ես ստանում: Ստացված աճի ներդրումների 70 տոկոսը բանկերն են տալիս: Մարդը չի գրպանից կամ շրջանառու միջոցներից վարկ չի դնում. «Բա դուք սա նշում եք, որ հլը տեսեք բանկերն ի՞նչ են արել: Աչքիդ թայն են հանել: Կենտրոնական բանկն էլ կոշիկը հանել, ընկել է դրամի հետեւից, ասում է՝ դրամ ունես՝ տու՛յժ»:

Իր ելույթի վերջում Հրանտ Բագրատյանն ասաց, որ ամաչում է, որ ԿԲ-ն կա. «Մի 30 հատ պադավատի ավտոներով, մի 50 հատ քարտուղարուհիներով, էլ չեմ ասում մնացածի մասին: Գնացեք նախագահին ասեք՝ խա՞ղ է անում էս պետության հետ, էս ի՞նչ եք անում, էս պետությունը ո՞նց կարա առաջ գնա, ո՞նց կարա էս պետությունը մի օր չպարտվի, թեկուզ՝ պատերազմում»:

Գալուստ Սահակյանը արձագանքեց Բագրատյանին. «Պարոն Բագրատյանը փորձ ունի, բայց բոլորս էլ ինչ-որ չափով մեր սխալների վրա ենք սովորում»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2015
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031