ՍԴՀԿ կենտրոնական վարչության ատենապետ Հակոբ Տիգրանյանը լավագույն կառավարման համակարգը համարում է խորհրդարանականը:
Նա այսօր «Հայացք» ակումբում նկատեց, որ Հայաստանում միանձնյա նախագահական կառավարման համակարգ էր, եւ կարեւոր որոշումներին հասարակությունն անհաղորդ էր մնում: Որպես օրինակ՝ նա բերեց ԵՏՄ-ին ՀՀ անդամակցության որոշումը: Ասաց, իհարկե, սխալ որոշում չեն համարում, նույնիսկ ողջունել են ՀՀ նախագահի այդ որոշումը, բայց իրենց համար խորթ էր այդ միանձնյա որոշումը, որ կայացրեց նախագահը: Ըստ նրա, այդպիսի կարեւոր հարցը պետք է ընդունվեր հասարակության կամ խորհրդարանի կողմից:
Պարոն Տիգրանյանի խոսքով, սահմանադրական փոփոխությունները դրական գործընթաց է .«Նոր առաջարկված սահմանադրության հիման վրա շրջանցում ենք նախագահական ընտրությունները, որոնք բազմիցս եղել են ժողովրդի համար փորձանք, Հայաստանի ներքին կայունությունը խախտվել է: Խորհրդարանական կառավարման համակարգի անցումը մեզ համար մի քայլ առաջ է»:
Հակոբ Տիգրանյանին սահմանադրական փոփոխությունների առաջարկվող նախագծում հատկապես դուր է եկել այն փոփոխությունը, որ բանակը կամ բանակայինը պետք է զերծ մնա քաղաքականությունից և կուսակցական պատկանելությունից. «Մենք կցանկանայինք, որ բանակը զերծ մնա նաև ընտրություններից, եթե ապաքաղաքականացնում ենք բանակը, ապա պետք է լրիվ ապաքաղաքականացնենք, ոչ թե ընտրվելու իրավունք չունենա, բայց ընտրելու իրավունք ունենա »:
Կարդացեք նաև
Պարոն Տիգրանյանը հույս ունի փոփոխություններից հետո քաղաքական մշակույթ կձևավորվի ոչ թե անձերի, այլ կուսակցությունների շուրջ. «Անհատապաշտությունը պետք է վերացնենք Հայաստանում: Քաղաքական դաշտը պետք է ձևավորել միայն քաղաքական կուսակցությունների շուրջ»:
ՍԴՀԿ Հայաստանի վարչության ատենապետ Նարեկ Գալստյանն էլ շարունակեց՝ ասելով, որ երկրում ստեղծված մենաշնորհային և սոցիալ-տնտեսական խնդիրները միայն սահմանադրական փոփոխություններով չեն լուծվի: Ըստ նրա, դրա համար առաջին հերթին պետք է քաղաքական կամք. «Այո՛, սահմանադրական փոփոխությունները մեկ քայլ առաջ են, բայց դրա հետ մեկտեղ անհրաժեշտ են խորքային, արմատական բարեփոխումներ: Սահմանադրությունը չէ, որ պետք է տա այդ հնարավորությունը, այլ՝ քաղաքական կամքը»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ